Նոր պատերազմի վտանգը, որին ակներեւաբար պատրաստվում է ամբարիշտ հարեւանը, դարձյալ բախում է մեր դռները: Թեման այս օրերին հրատապների շարքում է. դրա մասին բարձրաձայնում են ով ասեք, բացառությամբ անտարբերների: Պատերազմի յոթգլխանի հրեշը Իլհամ Ալիեւի կերպարանքով դարձյալ շարունակում է պղտորել մեր արյունը, ցավ խառնել մեր հանապազօր հացին, խաթարել մեր քունը: Ադրբեջանն աննախադեպ քանակի զենք է կուտակել՝ ներառյալ 2023թ. սեպտեմբերին Արցախից առգրավված շուրջ մեկուկես միլիարդ դոլար արժողության զենք-զինամթերքը:
Նիկոլ Փաշինյանի հռչակած՝ «Խաղաղության դարաշրջան», «Խաղաղության խաչմերուկ» բարձրագոչ հավաստիացումները, ինչպես կանխատեսվում էր, սնամեջ դուրս եկան՝ մնալով որպես «ձայն բարբառո անապատի»: Ինքը՝ Ադրբեջանը, եռանդագին զինվում է ամենաարդիական զինատեսակներով, բայց պարսավում է սպառազինություններ ձեռք բերելու՝ Հայաստանի քաղաքականությունը, ինչը, ըստ այդ երկրի Պաշտպանության նախարարության, «լեգիտիմ չէ եւ Ադրբեջանի համար վտանգներ է պարունակում»: Բաքվի համառ պնդմամբ՝ հայկական զինուժը վերջին շրջանում ծանր զինատեսակներ է կիրառել Քելբաջարի եւ անօդաչու թռչող սարք՝ Թովուզի ուղղությամբ:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը` հուլիսի երկրորդ կեսից սկսած, այս էլ որերորդ անգամ, ՀՀ-ին եւ «նրա հովանավորներին» մեղադրում է Հարավային Կովկասում, իբր, նոր հակամարտության գոտի ստեղծելու համար. «Եթե մեր երկրի դեմ ուղղված այս սադրիչ գործողությունները չդադարեցվեն, Զինված ուժերը ինքնապաշտպանության նպատակով կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ՝ կիրառելով ձեռքի տակ եղած բոլոր միջոցները: Տարածաշրջանում իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու նրա հովանավորները»,- փարիսեցիաբար հայտարարել է պաշտոնական Բաքուն:
Բայց սա ընդամենը մեկն է հուլիս-օգոստոսյան շրջանի ստահոդ բովանդակությամբ այն տեքստերից, որ ապշերոնյան բռնապետի հրահանգով հերյուրել եւ, հուլիսի 25-ին ի լուր աշխարհի, շրջանառության մեջ էր դրել Ադրբեջանի Պնախարարությունը: Սա նաեւ այդ երկրի վաղեմի հնարքներից է, որոնց նա 44-օրյա պատերազմից հետո սովորաբար դիմում է Հայաստանի վրա նոր հարձակում գործելուց առաջ «դիվանագիտական խարիսխ» գցելու ու քարոզչական հող նախապատրաստելու նպատակով: Եվ զարմանալի չէ, որ Ադրբեջանը միշտ մերժում է հայ-ադրբեջանական սահմանագոտում հրադադարի պայմանակարգի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծելու՝ հայկական կողմի առաջարկությունը:
Կարդացեք նաև
Այսու՝ ժամանակ առ ժամանակ սաստկացող տեղեկատվական գրոհներին, որքան էլ դրանք մտացածին ու անպատվաբեր լինեն, Ադրբեջանը կարեւոր նշանակություն է տալիս նախ՝ որպես ռազմական հարձակման նախապատրաստական փուլ եւ, երկրորդ, այդ հարձակմանն ուղեկցող գործիքակազմի մաս։ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի եւ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիաների ընթացքում քանիցս ականատես ենք եղել տեղեկատվական նմանատիպ գրոհների թե՛ աշխուժացման, թե՛ համեմատաբար ավելի հանդարտահոս ժամանակների։ Կա հրադադարի խախտումների ու սադրանքների մեջ հայկական զինուժին մեղադրող հաղորդումների հատուկ վիճակագրություն, որտեղ պարզ ուրվագծված է ոսոխի ստաբարո էությունը:
Հիշողությամբ կարելի է թվարկել սահմանի երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների ծավալման դեպքեր, որոնց նախորդել էին «մատից ծծած» տեղեկատվություններ ընդդեմ Հայաստանի զինված ուժերի: Այս առումով հիշատակելի են, մասնավորապես, 2022թ. մարտին Փառուխի եւ Քարագլխի ուղղությամբ, իսկ սեպտեմբերին՝ Սոթք-Ներքին հանդ շփման գծի հատվածում տեղի ունեցած դրվագները, որոնցից առաջ Ադրբեջանի ՊՆ-ն հաճախացրել էր հրադադարի խախտումների մեջ ՀՀ զինուժին հանիրավի մեղադրող հաղորդագրությունների տարածումը: Եվ Բաքվին ամեն անգամ հաջողվել էր իր նախահարձակ գործողությունները կոծկել շինծու հիմնավորումներով:
Հարց է ծագում՝ ո՞րն է Ալիեւի ուզածը, ինչո՞ւ տեղը հանգիստ չի նստում: Թվում է՝ ամեն ինչի, որ տասնամյակների իր երազանքն է եղել, այդ մարդը հասել է եւ այսօր Փաշինյանի «քավորությամբ» տիրապետում է հայաթափված Արցախին, գումարած ՀՀ տարածքից մի շարք «յուղոտ» պատառներ, ռազմավարական դիրքեր, բարձունքներ, ճանապարհներ եւ այլն: Որոշ դիտարկումների համաձայն՝ Ալիեւի սիրտը վախ է ընկել՝ հայկական փոխվրիժառության (ռեւանշիզմ) վախը: Հետեւապես մեր երկրին «ուշքի գալու», ուժերը վերադասավորելու ժամանակ չի տալիս՝ ավագ «եղբոր» աջակցությամբ հետապնդելով Հայաստանը մինչեւ վերջ հյուծելու, անկարողունակ դարձնելու եւ վերջնարդյունքում քարտեզի վրայից վերացնելու նպատակ:
Բաքվի բռնապետը լավ է հասկանում, որ փոխվրեժը, վաղ թե ուշ, լինելու է եւ բազում իր չարագործությունների համար պատասխան է տալու միջազգային ատյանների առջեւ: Ու գործի է դրել հնարավոր բոլոր միջոցները՝ հնարավոր բոլոր խողովակներով: Առաջին եւ մշտապես գործող թիրախը սահմանն է, որտեղ իրավիճակը 44-օրյա պատերազմից հետո՝ հատկապես 2022-ի կեսերից ի վեր, բավական սրվել է: Հայաստանի հանդեպ թշնամու ռազմաքաղաքական եւ բարոյահոգեբանական ասպատակությունների արեալը գնալով ընդլայնվում էր՝ ներառելով Վարդենիսի, Ջերմուկի սահմանամերձ հողերն ու Սեւ լճի մատույցները, իսկ վերջերս՝ նաեւ Տավուշի բնակավայրերը:
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում
Բաքվի բռնապետը պատերազմի է պատրաստվում, իսկ այդ նույն ժամանակ Հայաստանի ղեկավար կոչվածը պարապ-սարապ հեծանիվ է քշում, սահմանի կարևոր դիրքերն է հանձնում թշնամուն, բանաստեղծություն է գրում, թե որն է իրական Հայաստանը։ Մի խոսքով, մի թերուս ծաղրածու նորմալ երկիրը դարձրեց կրկես, դարձրեց թշնամու թիրախ, դարձրեց անտեր-անպաշտպան տարածություն։