Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հարավային մայրաքաղաքը՝ հինավուրց ու հավերժ երիտասարդ Կապանը բոլորի տունն է (ֆոտոշարք)

Օգոստոս 17,2024 23:55

Օգոստոս ամսվա երրորդ շաբաթ օրն, ավանդույթի համաձայն, Կապանում աշխույժ եռուզեռ էր։ «Կապանը՝ Սյունիքի թագավորության մայրաքաղաք»․ այս կարգախոսով է այս տարի նշվում Կապանի տոնը։ Նախ համաքաղաքային ֆլեշ-մոբ՝ հյուրասիրությամբ։ Կապանի զինանշանի պատկերով թխվածքաբլիթներ բաժանվեցին անցորդներին, պարեկներին, այդ ժամին աշխատող հաստատությունների ներկայացուցիչներին։

Հետո՝ հեծանվավազք, ծաղկեդրման արարողություն  Սյունիքի 1918-1920թթ․ ազատամարտի զորահրամանատար Պողոս Տեր Դավթյանի հուշարձանին, ինչպես նաեւ Արցախյան բոլոր պատերազմներում զոհվածների  հուշահամալիրում։

«Ամեն անգամ Կապան մտնելուց՝ շատ եմ ուրախանում․ տեսնում եմ բավականին փոխված․շենացող, զարգացող, հզորացող, տեսքի եկող մի համայնք, մի քաղաք, որը մեր հայրենիքի գեղեցիկ անկյուններից մեկն է, ու մենք պարտավորություն ունենք, մեր համայնքը, մեր երկիրը պահենք շեն՝ տանելով հզորացման ճանապարհով», -Կապանի մշակույթի կենտրոնում կայացած հանդիսությանը նշեց է Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Մակարյանը։

Կապանի պատվավոր քաղաքացի, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը չէր պատկերացնում, որ ծնողների՝ Եվանդ Ղազանչյանի ու Գալյա Նովենցի հետ տեղափոխվելով Կապան՝ կկապվեր քաղաքի հետ։

Ղազանչյանի ցանկությունը բոլորի ցանկությունն է թերեւս՝ քաղաքում միշտ խաղաղություն լինի, կապանցիները ժպտան ու հարավային մայրաքաղաքը շարունակի փարոսի պետ ձգել բոլորին։

Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանն անդրադարձավ ինչպես Կապանի բազմադարյա պատմությանը, այնպես էլ ժամանակակից Կապանին, որտեղ իրականացված բոլոր ծրագրերն ու կատարված աշխատանքները նպատակաուղղված են եղել համայնքի համաչափ զարգացմանը, բնակիչների կյանքի ու գործունեության համար առավել հարմարավետ միջավայրի ձեւավորմանը։ Չցանկանալով գնահատական տալ Հայոց 3-րդ պետության գործունեությանը, Գեւորգ Փարսյանը, սակայն, անդրադարձավ մի դրվագի։

«Իսկապես ցավ եմ ապրում, ափսոսանք, որ հայտնվել ենք այս վիճակում։ Մենք պետք է անեինք բոլոր հնարավորն ու անհնարը՝ բոլոր առումներով,որ մեր աչքի  առաջ տեղի չունենար հայոց Արցախի մեծ ողբերգությունը», -նշեց նա։

«Դուք ձեր կապվածությունը Կապանին պայմանավորեք ոչ թե միայն ծննդյան ու գրանցման փաստով, այլ՝ Հայաստանի հարավային մայրաքաղաքում աշխատելու,  արարելու ու բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությամբ՝ կապանցիներին հորդորեց Գեւորգ Փարսյանը՝ մեջբերելով կապանցի վաղամեռիկ գրականագետ  Վաչե Եփրեմյանի խոսքերը՝ «Ավելի լավ է լինել ոչինչ մի քաղաքում, որն ամեն ինչ է, քան լինել ամեն ինչ մի քաղաքում, որը ոչինչ է»։

Կապան համայնքի ղեկավարի որոշմամբ համայնքի բարձրագույն «Կապան» մեդալով պարգեւատրվեց գիտնական, վաստակաշատ մանկավարժ Սեյրան Բալասանյանը։ Նա շատ պարգեւներ է ստացել, վերջերս էլ արժանացավ վարչապետի պատվոգրի՝ սակայն այս մեդալը բացառիկ է համարում, քանի որ դա վկայում է կապանցիների կողմից գիտության մարդուն արժեւորելը։

«Եթե կառավարության քաղաքական որոշմամբ՝ ակադեմիական քաղաք պիտի ստեղծվի, ապա դա չի խանգարում, որ Կապանն էլ դառնա գիտական քաղաք։ Նախադրյալներն են՝ այստեղ են կենտրոնացված արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները։ Ինչպես ցույց է տալիս արտասահմանյան փորձը, գիտությունը զարգանում է այնտեղ, որտեղ արդյունաբերությունն է զարգացած»,-կառավարությանն առաջարկեց Սեյրան Բալասանյանը։

Կապան քաղաքի օրը նշանավորվեց տարբեր տոնական միջոցառումներով՝ սպորտային խաղեր,  համերգներ, ցուցահանդեսներ,  տոնավաճառում իրենց արտադրանքները ներկայացրեցին շնորհաշատ կապանցիները։ Իսկ օրվա կարեւոր միջոցառումը «Կապանի բռնցքամարտի մասնագիտացված դպրոց» ՀՈԱԿ-ի բացումն էր։ Այն կյանքի է կոչվել համայնքի բյուջեի միջոցներով՝ շուրջ 40 մլն դրամ։ Դպրոցի կահավորման եւ մարզագույքի ձեռքբերման գործում համայնքին աջակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ ներդնելով 16 մլն դրամ։

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, ԶՊՄԿ-ի  գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին եւ դպրոցի տնօրեն Աշոտ Սադխյանը կտրեցին խորհրդանշական կարմիր ժապավենը։ Իրենց մարզումներն արդյունավետ անցկացնելու հնարավորություն կունենան 8-18 տարեկան աղջիկներն ու տղաները՝ բացառապես անվճար հիմունքներով։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031