2024 թ. օգոստոսի 14-ին ԻԻՀ զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբի և ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի միջև ստորագրվեց համագործակցության մասին պայմանագիր: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը: Իրանի կողմից համաձայնագիրը ստորագրեց ԻԻՀ զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսեյն Սուֆին, իսկ Հայաստանի կողմից՝ ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը:
Այս համաձայնագրի հիմնական նպատակն է դյուրացնել Հայաստանի քաղաքացիների անձնական ավտոմեքենաներով այցը Իրան և «Կառնետ դե Պասաժ»-ի տրամադրումը:
Այս համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է երկու երկրների միջև զբոսաշրջության և տրանսպորտային հարաբերությունների ամրապնդման գործում և կարող է նպաստել Հայաստանի քաղաքացիների զբոսաշրջային ուղևորությունների ավելացմանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև մշակութային և տնտեսական փոխհարաբերությունների զարգացմանը։
Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի և ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին, հիշատակելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հանդիպումը, ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանն ուղղված քաղաքական վճռականությունը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով երկու երկրների մշակութային հարաբերությունների կարևորությանը՝ Մեհդի Սոբհանին զբոսաշրջությունն անվանել է այդ հարաբերությունների կարևորագույն մասը և ասել. «Այս ոլորտը կարող է մեծ ներդրում ունենալ երկու երկրների տնտեսական առաջընթացի և մարդկային կապերի մեջ»։
Նա նաև հավելել է. «Զբոսաշրջության ընդլայնումը երկրների անվտանգության արտացոլումն է, և զբոսաշրջիկները երկու երկրների խաղաղության, բարեկամության, անվտանգության և հանգստության սուրհանդակներն են»։
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի և Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի ջանքերը՝ ուղղված հայ վարորդների անձնական մեքենայով Իրան ճամփորդելու դյուրացմանը և նշել. «Այս քայլը մեծացնում է ճամփորդության հաճույքը ուղևորների համար»։
Վերջում Մեհդի Սոբհանին, անդրադառնալով Իրանի զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի պատմությանն ու միջազգային կազմակերպություններին անդամակցությանը, հայկական կողմին կոչ է արել օգտվել այս մեծ կարողություններից։ Փոխըմբռնման այս հուշագիրը կարևոր քայլ է համարվում Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև զբոսաշրջության և մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում և ակնկալվում է, որ դրական ազդեցություն կունենա երկու երկրների զբոսաշրջության ոլորտի վրա։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ