Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը:
Լողի մրցաշարն արդեն երրորդ անգամ անցկացվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ (նախկին Շորժա) բնակավայրի Սևանա լճի լողափնյա տարածքում:
Լողի սիրողական մրցաշարն անցկացվել է 2 տարիքային խմբերով`1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1984-2006 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1983 թ. ծնված) կանայք և տղամարդիկ: Կանայք մրցել են 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:
Կարդացեք նաև
Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին, մասնակիցներին ու մրցանակակիրներին մրցաշարի անցկացման առիթով, ընդգծել է, որ մրցաշարի անցկացումն ունի մի քանի նպատակ, որոնցից մեկը սպորտի հանրահռչակումն ու առողջ ապրելակերպի քարոզչությանը նպաստելն է:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, հաջորդ նպատակը Սևանում լողալը քաջալերելն ու Սևանի արևելյան ափի տնտեսական զարգացմանը նպաստելն է: Վարչապետը մրցաշարերի անցկացումը կարևորել է նաև սոցիալականացման տեսանկյունից, քանի որ դրանք նոր հարթակ են ստեղծում միմյանց հետ շփվելու, նոր ընկերներ ձեռք բերելու համար:
Նիկոլ Փաշինյանը մաղթել է, որ մրցաշարն էլ ավելի մասնակիցներ ունենա և մրցակցությունն առավել մեծ լինի:
Դրամական մրցանակներ ստացել են երկու տարիքային խմբերի 1-ից 10-րդ տեղեր գրաված մասնակիցները. 1-ին տեղ՝ 1.000.000 դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000 դրամ:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ