Aravot.am-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։
-Կկարողանա արդյո՞ք Գուրգեն Արսենյանն արդյունավետ աշխատել որպես ՌԴ-ում ՀՀ դեսպան՝ հաշվի առնելով նրա՝ որպես պատգամավոր հակառուսական տարրեր պարունակող հայտարարությունները, դիրքորոշումը։
– Նախ անհրաժեշտ է հստակ սահմանել, թե դեսպանի աշխատանքի արդյունավետությունը որ տեսանկյունից պետք է գնահատվի։ Եթե ելնենք նրանից, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանը պետք է կարողանա ճշգրտորեն կատարել Երևանից եկող հրահանգները, ապա այստեղ խնդիր չեմ տեսնում և գտնում եմ, որ Գուրգեն Արսենյանը վարչապետ Փաշինյանի կողմից վարվող քաղաքականության իրականացման համար կանի առավելագույնը։ Այդուհանդերձ, հաշվի առնելով հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ներկա որակն ու բովանդակությունը, դրանց անկումային միտումները, չեմ կարծում, որ այս նշանակման արդյունքում կարող ենք ակնկալել առերևույթ կտրուկ ջերմացում Երևանի ու Մոսկվայի միջև։ Մեծ հաշվով, Գուրգեն Արսենյանի նշանակումն ինքնին, գուցե, խորհրդանշական հաստատումն է այն բանի, որ հայ-ռուսական հարաբերությունները կպահպանվեն չոր գործնականության շրջանակներում։
-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով օգոստոսի 18-19-ը կգտնվի Ադրբեջանում։ Ի՞նչ զարգացումներ, վտանգներ սպասել այս այցից, մանավանդ որ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն։
Կարդացեք նաև
– Այս այցն անհրաժեշտ է գնահատել Մոսկվայից նախագահ Ալիևի անձնական քաղաքական կախվածության ֆիքսման և խորացման հեռանկարի համատեքստում։ Տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում Ալիևի համար Պուտինի կողքին հայտնվելն ու ինչ-ինչ համատեղ քաղաքական ընդհանրություններ դրսևորելը խիստ ռիսկային կարող է լինել և ունենալ դժվարամարս հետևանքներ։ Բայց դեպքերից շատ առաջ չընկնենք. մեր տարածաշրջանում շարունակաբար կուտակվող ռազմաքաղաքական լարվածությունը առաջիկայում կպարպվի և այն ժամանակ կերևա, թե անձամբ Իլհամ Ալիևի, Ադրբեջանի ու Հայաստանի համար ինչպիսին կլինեն դրա առարկայական հետևանքները։
-Զարգացումները Կուրսկում և ընդհանրապես ռուս-ուկրաինական պատերազմի այս շրջափուլն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա և ընդհանրապես ՀՀ-ի նկատմամբ արևմուտքի և ՌԴ-ի կողմից վարվող քաղաքականության վրա։
– Ուկրաինական զորքերի առաջխաղացումը ՌԴ Կուրսկի մարզի տարածքում, ինչ խոսք, խիստ բացասական քաղաքական, ռազմական, բարոյական լիցքեր է պարունակում Մոսկվայի համար և վերջինիս ստիպում հաղթահարել այն մեկուսացումը, որին հանգեցրեցին վերջին դեպքերը՝ ռուսական զինուժի անհաջող ինքնապաշտպանությունը սեփական տարածքում։ Այս իրավիճակում ռուսաստանյան իշխանությունների համար կարևոր կլինի, որ բացի Բելառուսի նախագահից այլ պետությունների ղեկավարներ ևս սատարեն ռուսական կողմին։ Նախագահ Ալիևն այս դերի համար միանգամայն պիտանի դեմք է։ Քիչ հավանական եմ համարում, որ մատուցվելիք ծառայության դիմաց ռուսական կողմը ստեղծված իրավիճակում շահագրգիռ լինի դրդելու Ադրբեջանի նախագահին դիմել նոր լայնածավալ ռազմական գործողությունների։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի ձևակերպումները։ Որոշ վերլուծաբաններ այս հայտարարություններից այնպիսի տպավորություն են ստացել, որ եղել են հայ-ադրբեջանական ստվերային շփումներ և կան նաև գաղտնի պայմանավորվածություններ։
-Համաձայն եմ, որ, միգուցե, կա ստվերային շփումների գործընթաց և հենց դրա համատեքստում են ճշգրտվում և փոփոխությունների են ենթարկվում պաշտոնական Բաքվի կամ Երևանի ընթացիկ մոտեցումներն ու դիրքորոշումները։ Չեմ բացառում նաև, որ այդ շփումները կարող են նաև միջնորդավորված լինել ինչ-որ մի երրորդ կողմի հետևողական, նպատակասլաց ջանքերի շնորհիվ։ Այդուհանդերձ, գործընթացը մշուշով է պարուրված ու ես չեմ ցանկանա ենթադրությունների շրջանակից դուրս պնդումներ անել։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ