ՀՀ ԱԳ նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-11-ն անցկացվելիք «Երևան երկխոսություն» համաժողովին ընդառաջ իր ուղերձում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.
«Աշխարհն արագորեն փոխվում է մեր աչքի առաջ։ Գլոբալ հարաբերությունների փոփոխվող պատկերը, միջազգային իրավունքի քայքայումը, բազմակողմ համակարգի ճգնաժամը լուրջ մարտահրավերներ են ներկայացնում: Ժողովրդավարությունը բախվում է բարդությունների: Խաղաղության և անվտանգության ոլորտում համագործակցության նվազումը սպառնում է խարխլել համաշխարհային կարգի հիմքերը: Հիբրիդային սպառնալիքներն ու կլիմայի փոփոխությունն ազդում են մարդկանց ամենօրյա կյանքի վրա աշխարհի ավելի շատ անկյուններում:
Միևնույն ժամանակ մենք ականատես ենք լինում Ասիայի և Եվրոպայի միջև ավելի լավ փոխկապակցվածության և նոր ճանապարհների ապահովման փնտրտուքի, ինչպես նաև թվայնացման, նորարարության ոլորտներում տեխնոլոգիական նշանակալի առաջընթացի:
Բոլոր փոփոխությունները ցույց են տալիս, որ ամուր, համախոհ դերակատարների հետ և արժեքների վրա հիմնված գործընկերությունն ավելի էական է, քան երբևէ:
Մեր տարածաշրջանը` Հարավային Կովկասը, որը պատմականորեն եղել է մշակութային և խոշոր առևտրային ուղիների հատման կետում, այսօր կանգնած է կարևոր խաչմերուկում: Այն բախվել է հսկայական ցնցումների, այդ թվում՝ այնպիսի զարգացումների, որոնք մեծապես ազդել են մարդկային կյանքի և տարածաշրջանի ընդհանուր տնտեսական զարգացման, դրա ներկայի և ապագայի վրա: Մենք այս պահին պատմական հանգրվանում ենք՝ ավելի խաղաղ, ապահով և բարեկեցիկ ապագայի ճիշտ ընտրություն կատարելու, ճիշտ ճանապարհով ընթանալու իրական հնարավորությամբ։
Երկխոսությունն ու բաց քննարկումները վակուումը լրացնելու կարևոր նախապայման են և յուրահատուկ միջոց: Անցկացվելով առաջին անգամ՝ «Երևան երկխոսությունը» կապահովի կարևոր հարթակ՝ հնչեցնելու թիրախային հարցեր, տարբերվող կարծիքներ ու համադրվող պատասխաններ, որոնելու կայուն լուծումներ: Այդ նպատակով մենք հրավիրել ենք դիվանագիտության, քաղաքականության, գործարար, գիտության և մշակույթի ոլորտի առաջնորդների և փորձագետների ավելի քան 80 երկրներից և կազմակերպություններից: Մենք սպասում ենք բոլորի ակտիվ մասնակցությանն ու ներդրումին՝ նպատակ ունենալով հասցեագրել մերօրյա հրատապ խնդիրները՝ «Ապագան կառուցելով այսօր»:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ