Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Խաչատրյան․ Նիկոլ Փաշինյանի կապրիզը չի կարող գերակա լինել Արցախի հանրապետության ժողովրդի իրավունքների նկատմամբ․ «Հրապարակ»

Օգոստոս 17,2024 11:10

Փաստացի, դեռ մինչեւ 2020 թվականը ՀՀ գործող իշխանությունը հետեւողական քաղաքականությամբ նպաստել էր ադրբեջանական օրակարգին՝ նսեմացնելով ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի դերն ու նշանակությունը, իսկ պատերազմից հետո, ինչպես  «Հրապարակ»-ի հետ զրույցում հիշեցնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, Ալիեւն ասաց, թե  «ինչպես պետք է լուծել հակամարտությունը»։

«Մինսկի խորհրդաժողով հրավիրելու որոշումը կայացվել էր 1992թ Բուդապեշտում եւ այնտեղ պետք է որոշվեր Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը։ Շեշտում եմ՝ Լեռանային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը դեռ չի որոշվել։ Անկախ նրանից, թե ինչ են ուզում Ադրբեջանն ու ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Փաշինյանի, երեք հակամարտող կողմ կա եւ երրորդ հակամարտող կողմը՝ Լեռնային Ղարաբաղը, եւս պետք է այդ որոշման հետ համաձայն լինի»,-ասում է Խաչատրյանը։

Պատգամավորը հիշեցնում է վերը մեջբերված Փաշինյանի հայտարարությունը ու ընդգծում՝ դեռ ամիսներ առաջ  է նա համաձայնություն տվել Ալիեւի պահանջին։ «ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նա ՔՊ-ական պատգամավորների տված հարցին բարձր դերասանական վարպետությամբ ասում էր՝ իսկ ի՞նչ է Մինսկի խումբը, ու պատասխանում, թե Մինսկի խումբն ուղղակի բլեֆ է։ Նա սրանով ցույց տվեց, որ Հայաստանը ինքն էլ ՄԽ գործունեության նկատմամբ վերապահումներ ունի, հետեւաբար, սկզբունքային համաձայնություն է տվել Ադրբեջանին, որ, այո՛, Հայաստանը համաձայն է Ադրբեջանի հետ միասին դիմել ՄԽ-ն լուծարելու խնդրանքով։ Սա ադրբեջանական հերթական պահանջի առաջ հերթական խոնարհումն էր»,-ասում է պատգամավորը՝ անթույլատրելի համարելով, որ Հայաստանի Հանրապետությունը նման գործարքի գնա Ադրբեջանի հետ, որովհետեւ Ադրբեջանն այս պահանջն առաջադրում է մեկ նպատակով՝ վերջնականապես փակելու Արցախի հարցը։

«Ադրբեջանը, այո՛, պարտադրում է, որ այդ խումբը լուծարվի մեկ պատճառով՝ իրենք համարում են, որ Ղարաբաղի հարցն արդեն լուծված է, Ղարաբաղի հարց գոյություն չունի, հետեւաբար, ցանկացած ձեւաչափ, որն այդ մանդատով է գործում, այլեւս գոյություն ունենալու իրավունք չունի։ Նրանք դա պարտադրել են այս իշխանություններին, որոնք համաձայն են Ադրբեջանի հետ, բայց շեշտում եմ՝ Արցախի Հանրապետությունը, Արցախի ժողովուրդն այդ լուծմանը համաձայն չէ, հետեւաբար, եթե երկու կողմերը համաձայն են, չի նշանակում, որ հարցը պետք է այդպես լուծվի։ Փուլային, փաթեթային կարգավորման տարբերակներին էլ է Հակաստանը համաձայն եղել, Ղարաբաղը համաձայն չէր, եւ նոր տարբերակներ սկսեցին մշակել։ Լեռնային Ղարաբաղը Նիկոլ Փաշինյանի գերդաստանի գերեզմանոցը չէ, որ նա որոշի՝ տապանաքար քաշե՞լ, թե՞ խաչքար դնել։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի իր իրավունքները՝ ներառյալ քաղաքական իրավունքները՝ ազատ ինքնորոշվելու, սեփական քաղաքական կարգավիճակը ճշտելու անօտարելի եւ անժամանցելի իրավունքը: Այնպես որ, թե ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը, բացարձակապես գերակա չէ, նրա կապրիզը չի կարող գերակա լինել Արցախի հանրապետության ժողովրդի իրավունքների նկատմամբ»,-շեշտում է ընդդիմադիր պատգամավորը։
Չնայած նրան, որ ՀՀ օրվա իշխանությունը փաստացի գլխիկոր կատարում է Բաքվի պահանջը, Արթուր Խաչատրյանը Արցախի հիմնախնդիրը կրկին միջազգային օրակարգ բերելու հնարավորության դուռը փակված չի համարում։ Ամեն բան կախված է արտաքին նպաստավոր պայմաններից եւ իհարկե, ՀՀ ապագա իշխանությունների որդեգրած քաղաքականությունից։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031