Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան․ Նրանք կասեցրել են մեր պետության զարգացումը․ ես շատ կուզեի իմանալ՝ Վազգեն Սարգսյանի եղբայրն ի՞նչ կարծիք ունի այդ մասին․ «Հրապարակ»

Օգոստոս 17,2024 10:50

Երկարատեւ ազատազրկման դատապարտված անձանց օրենքը թույլատրում է վաղաժամկետ ազատ արձակել կամ ՀՀ նախագահի հրամանագրով ներում շնորհել, եթե նրանք պատշաճ վարք են դրսեւորել: Սահմանադրության 135–րդ հոդվածի և «Ներման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1 մասով ՀՀ վարչապետը դիմում է ՀՀ նախագահին, եւ նախագահն է վերջնական որոշում կայացնում: Անցած տարի նախագահ Վահագն Խաչատուրյանը ներում է շնորհել 2 անձի: Իսկ վաղաժամկետ ազատ արձակումն իրականացվում է ՔԿՀ-ների, հատուկ հանձնաժողովների եւ դատարանի որոշմամբ:

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացնողները պարբերաբար դիմում են վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրանքով: Մի քանի տարի առաջ Նաիրի Հունանյանն էր դիմել, հետո նրա եղբայրը` Կարեն Հունանյանը: Անցած տարի հունիսին Կարեն Հունանյանը ներում ստանալու համար դիմել էր ՀՀ նախագահին, սակայն մերժում ստացել:

Մի քանի օր առաջ «Հրապարակը» գրել էր, որ նա կրկին դիմել է ներման խնդրանքով: Արդարադատության նախարարությունն այս անգամ, չգիտես ինչու, ոճրագործության զոհերի հարազատներին, բոլոր տուժողներին նամակներ է ուղարկել` տեղեկացնելով, որ նման դիմում են ստացել Կարեն Հունանյանից եւ առաջարկել էր կարծիք հայտնել: Մենք նման պրակտիկայի մասին չենք լսել, որ տուժողներին նամակներ ուղարկվեն, թե` ձեզ վնասներ պատճառած, ձեր հարազատներին սպանած անձը նման դիմում է գրել` ի՞նչ կարծիքի եք այս մասին:

Մենք զրուցել էինք Յուրի Բախշյանի այրու` Անահիտ Բախշյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշել էր, որ մոտ 10 էջից բաղկացած նամակ է ստացել Արդարադատության նախարարությունից, որտեղ նամակի պարունակությունը եղել է ընդամենը մի քանի նախադասություն, մնացածը հոկտեմբերի 27-ի գործով տուժողների իրավահաջորդների անուն-ազգանունների թվարկումն է:

Մենք զրուցեցինք նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանի հետ, ով 1999-ի հոկտեմբերի 27-ին դահլիճում էր եղել, նա ահաբեկչության արդյունքում վիրավորված 8 անձանց շարքում էր: Հարցին` ի՞նչ կարծիք ունեք Կարեն Հունանյանին ներում շնորհելու մասով և առհասարակ կա՞ նման պրակտիկա՝ զոհերի իրավահաջորդներին նման հարց ուղղելու, նախկին պատգամավորը նշեց.
«Այստեղ ամենակարևորը զոհերի հարազատների կարծիքն է: Իմ կարծիքով` հոկտեմբների 27-ին տեղի ունեցածը մեր պետության վրա այնքան խոր հետք է թողել, որ չեմ կարծում՝ կարելի է նրան կամ նրանց ներում շնորհել: Նրանք կասեցրել են մեր պետության զարգացումը և դրա համար պետք է իրենց պատիժը կրեն: Ես շատ կուզեի իմանալ, օրինակ` Վազգեն Սարգսյանի եղբայրն ի՞նչ կարծիք ունի այդ մասին: Ոչինչ չեմ ակնարկում, պարզապես զուտ հետաքրքիր է: Ինչ վերաբերում է հարազատների կարծիքը հարցնելուն, ապա այն խիստ իրավական խնդիր է: Ես կարող եմ ենթադրել, որ այլ գործերում, երբ, ենթադրենք, սպանություն է տեղի ունենում ընտանիքում` օրինակ հայրը սպանում է տղային, կամ հակառակը, գուցե լինի նման պրակտիկա, բայց սա հանցանք է պետության նկատմամբ», – նշեց նա:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031