Monument Watch – Տեղադրությունը
Խնածախը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 109 կմ, խոշորացված համայնքի կենտրոն Տեղ գյուղից 17 կմ, իսկ Գորիս քաղաքից 28 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1380 մետր բարձրություն։ Գյուղի տարածքում գտնվող բազմաթիվ հուշարձաններից է Սբ․ Հռիփսիմե եկեղեցին։
Պատմական ակնարկ
Ստեփանոս Օրբելյանը գյուղը հիշատակում է Հաբանդ գավառի կազմում և հարկացուցակում նշում 20 միավոր հարկով (Օրբէլեան 1910, 399)։
Կարդացեք նաև
15-18-րդ դարերում Քաշաթաղի մելիքությունը ծաղկուն, բացառապես հայաբնակ, կիսանկախ կազմավորում էր, որի աթոռանիստ կենտրոններն էին Քաշաթաղ և Խնածախ բնակավայրերը, որտեղ իշխում էին Մելիք-Հայկազյանները: Այս տոհմի հիմնադիրը 15-17-րդ դարերի պատմական աղբյուրներից հայտնի պարոն կամ իշխան Հայկազն էր, ով սերում էր Խաղբակյան-Պռոշյան իշխանատոհմից (Հովսեփյան 1928, 232):
Սյունիքում Խնածախի դերը մեծանում է հատկապես 16-րդ դարում, երբ Մելիք Հայկազի որդի Մելիք Հախնազարը մելիքության կենտրոնը Քաշաթաղ ավանից տեղափոխում է Խնածախ և կառուցում նոր ապարանք (Հասրաթյան 1985, 158)։
Մելիքանիստ գյուղի կարևոր հուշարձաններից է 17-րդ դարի Սբ․ Հռիփսիմե եկեղեցին, որը գտնվում է Մելիք-Հայկազյանների ապարանքից 100 մետր հյուսիս-արևմուտք (նկ․ 2)։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Սբ․ Հռիփսիմե եկեղեցին թաղածածկ, եռանավ բազիլիկ է։ Խորանի երկու կողմերում ունի ավանդատներ (նկ․ 3): Կառույցն ունի երկու մուտք` հարավից և արևմուտքից: Եկեղեցին կառուցված է տեղական ճեղքված քարով և կրաշաղախով, իսկ մույթերը, պատուհանների և մուտքերի եզրաշարերը՝ սրբատաշ բազալտով: Կառուցել է Մելիք Հայկազ Բ-ն՝ 1610-1615 վականներին։ Եկեղեցու հարավային մուտքի բարավորի վրա պահպանվել է կառուցման թվականը՝ «Թ[վին] :ՌԿԴ: (1615)» (Խուրշուդեան 2023, 216)։