Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանո՞վ է ազդեցիկ հայաստանյան ընդդիմությունը

Օգոստոս 17,2024 10:00

Անկախ Բագրատ սրբազանի  եւ նրա ղեկավարած շարժման  հեղինակության աստիճանից՝ ակնհայտ է, որ քաղաքական պայքարը պետք է մղեն քաղաքական ուժերը: Հետեւաբար, արքեպիսկոպոսը, եթե իշխանափոխություն իրականացնելու նպատակ ունի, ապա կա՛մ պետք է հարի որեւէ քաղաքական ուժի (դրանց խմբի), կա՛մ ստեղծի իրենը, կա՛մ էլ մնա մեկնաբանողի, քարոզողի դերում:

Իսկ որքանո՞վ են ընդդիմադիր կուսակցությունները Հայաստանում ազդեցիկ: Ընդդիմադիր բողոքների ժամանակահատվածում ինձ պատահած նիկոլականները, էմոցիոնալ որոշակի շեշտադրումներով, ասում էին՝ «ժողովուրդը երբեք սրանց հետեւից չի գնա»:  Դրան հետեւում էրմի երկու քաղցր խոսք 2-րդ եւ 3-րդ նախագահների, արցախցիների եւ ռուսների հասցեին:

Ներկայիս իշխանությունը սնուցվում է այդ ատելությամբ: Այդ առումով կարելի է համաձայնել  Բագրատ սրբազանի հետ, որ իշխանափախությունը կլինի միայն այն ժամանակ, երբ կվերանա ատելություն մթնոլորտը: Կոնկրետացնեմ՝ երբ նիկոլականներն ու հականիկոլականները դադարեն իրար հանդեպ թշնամանք զգալ՝ տեղափոխվելով քիչ թե շատ ռացիոնալ դաշտ:

Բոլոր դեպքերում «փողոցային» խոսակցությունների հիման վրա դատողություններ անելը սխալ է. ինձ հանդիպում են մի տեսակի մարդիկ, մեկ ուրիշին՝ ճիշտ հակառակ կարծիք ունեցողները: Ընդդիմության ազդեցիկ լինելու «չափիչ» կարող են լինել հասարակական կարծիքի հարցումները,  որտեղ Փաշինյանը կամ ՔՊ-ն գրեթե կրկնակի բարձր վարկանիշ ունեն, քան Քոչարյանը կամ «Մայր Հայաստանը»:

Բայց այդ տվյալներին (եթե նույնիսկ դրանք մոտ են իրականությանը) պետք է վերաբերվել որոշակի վերապահումներով, որովհետեւ դրանցում սովորաբար բարձր է լինում այն մարդկանց տոկոսը, որոնք ա/ չեն կողմնորոշվել, բ/ հրաժարվում են պատասխանել, դ/ չեն պատրաստվում գնալ ընտրությունների: Ի դեպ, վերջին խումբը, կարծում եմ, մեծանալու է՝ համընդհանուր ապատիայի ֆոնին:

Վերջապես, որոշակի հետեւություններ կարելի է անել Երեւանի ավագանու անցած տարվա ընտրություններից: (Այստեղ նույնպես պետք է վերապահում անել. մայրաքաղաքը միշտ ավելի «ընդդիմադիր» է եղել, քան մնացած Հայաստանը, իսկ Ավինյանը Փաշինյան չէ): Այնուամենայնիվ, արձանագրենք, որ այդ ընտրություններում ՔՊ-ն իր դաշնակից «Հանրապետության» հետ մեծամասնություն չեն ստացել: Ընդդիմադիր ձայները բաժանվեցին մի կողմից՝ «նախկինամետների» («Մայր Հայաստան»), մյուս կողմից՝ «հականախկինների», բայց, միեւնույն ժամանակ, հականիկոլականների միջեւ (նկատի ունեմ, մասնավորապես, Հայկ Մարությանի «Ազգային առաջադինությունը»):

Հնարավո՞ր է արդյոք այդ երկու ընտրազանգվածների միաձուլումը: Կամ հարցն այլ կերպ դնենք՝ արդյոք, եթե դա տեղի ունենա, ընդդիմությունն ավելի ազդեցիկ կդառնա՞: Եկող աշնանը մենք կիմանանք այդ հարցերի պատասխանները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031