Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորը կասկածներ ունեմ, որ նա կարող է այդ վստահությունը ձեռք բերել, որ իր հետ կարողանան խոսել գործընկերային կամ դաշնակցական մակարդակով»․ Վահագն Մելիքյանը՝ Գուրգեն Արսենյանի մասին

Օգոստոս 16,2024 22:11

«Նախ սկսենք նրանից, որ հարաբերություն պիտի լինի, որ բարելավես, կամ չբարելավես»,- Aravot.am-ի հարցին՝ հաշվի առնելով որպես պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունները՝ ի՞նչ է հուշում Ձեր փորձառությունը, նա կկարողանա՞ նպաստել հայ-ռուսական հարաբերությունների բարելավմանը, որը դեսպանի գործառույթներից մեկն է, այսպես պատասխանեց ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։

Հիշեցնենք՝ տարբեր առիթներով Գուրգեն Արսենյանը հայտարարել էր, թե դաշնակցային պարտավորությունները, պարտականությունները չեն հնչում հարսանիքների ժամանակ, այլ այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա, կամ ՌԴ-ի ղեկավարության կամ որոշ ղեկավար շրջանակների կողմից իրականացվում է հայկական անվտանգային համակարգերի ամրապնդման գործընթացի ձախողում և այլն։

Իսկ օգոստոսի 15-ին Գուրգեն Արսենյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ-ի դեսպան։ Գուրգեն Արսենյանի հայտարարությունների հետ կապված մեզ հետ զրույցում Վահագն Մելիքյանն ասաց․ «Երբ որևէ հայտարարություն անում ես՝ նամանավանդ, երբ քաղաքական դեմք ես (իսկ Գուրգեն Արսենյանն այս հայտարարություններն արել է քաղաքական դեմք լինելով. պատգամավոր է եղել տարբեր հանձնաժողովներում ու հարցազրույցների ժամանակ հայտարարություններ է արել), դու պիտի պատասխանատու լինես քո հայտարարությունների համար։ Եթե դու մտնում ես այդ պատասխանատվության տակ, ապա ինչ-որ իքս պահի դու պիտի փորձես նաև բացատրություններ տալ։

Շատ ընդգծված հակառուսական կամ ռուսական ղեկավարության դեմ հայտարարություններ են արվել։ Հիմա դու պատրաստվում ես մեկնել այդ երկիր, աշխատել դեսպան և ինչպես Դուք եք ասում, դեսպանի գործառույթներից մեկը կամ առանցքայինը երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը, ամրապնդմանն ուղղված քայլերը պիտի լինեն բոլոր ոլորտներում, այդ դեպքում Դուք՝ որպես լրագրող հակասություն չեք տեսնո՞ւմ այս ամենում։ Ես խորը հակասություն եմ տեսնում։ Երբ կատարվում է հայտարարություն, դա պետք է լինի նաև քո հիմնարար կեցվածքը։

Հիմա դու պիտի մեկնես Մոսկվա, կամ եթե քեզ պիտի ընդունեն, որ ես կասկածում եմ, որ այդքան վստահության գործոն կամ գործակից կա, որ պիտի այնպես ընդունվես, որ վստահելի գործընկեր լինես, դու պիտի կամ բացատրես կամ հրաժարվես քո հայտարարություններից՝ ասելով, դե, կոնյուկտուրայից ելնելով, ինչ-ինչ հարցերից ելնելով։ Դու անկախ պատգամավոր չես, այլ ներկայացնում ես քաղաքական թիմ։ Եթե դու անում ես որևէ հայտարարություն, և քո քաղաքական թիմը կամ քաղաքական վերնախավը չի հերքում, դա նշանակում է, որ դու հանդես ես գալիս այդ թիմի անունից, հետևաբար դու ունես լրջագույն խնդիր, որ քո ռուս գործընկերներին գոնե նվազագույնը բացատրություն տաս, թե ինչու ես այդ հայտարարություններն արել, չես կարող հրաժարվել այդ հայտարարություններից հասկանալի պատճառով, քանի որ դու անկախ չես, այլ ներկայացնում ես քաղաքական թիմ և երբեք քո խոսույթում չես նշել, որ դա քո անձնական կարծիքն է և ես չեմ արտահայտում քաղաքական թիմի դիրքորոշում, քաղաքական թիմի կողմից չես քննադատվել, և չի բարձրաձայնվել, որ դա Գուրգեն Արսենյանի ներկայացրած կարծիքն ու դիրքորոշումն է, որը կապ չունի քաղաքական թիմի հետ։ Հետևաբար դու կանգնած ես պարադոքսալ իրավիճակի առջև, թե այդ իրավիճակից ինչպես ես դուրս գալու, ժամանակը ցույց կտա՝ արդյոք իրեն նման հարցադրում պիտի լինի՞, ուրեմն ինքն էլ պիտի տա որոշակի բացատրություններ»։

Մեր դիտարկմանը՝ ՀՀ-ն ներկայացրել է թեկնածություն, բայց մյուս կողմից ռուսական կողմն էլ համաձայնել է և հարցին՝ դա չի նշանակո՞ւմ, որ այն կողմից խնդիր չեն տեսել այդ թեկնածության հետ կապված, Վահագն Մելիքյանը պատասխանեց․ «Այդ թեկնածությունը ներկայացված էր շատ-շատ ավելի վաղուց, և որևէ արձագանք ռուսական կողմից չէր եղել։ Սովորաբար նմանատիպ պարագաներում, երբ դու հայցում ես տվյալ երկրի համաձայնությունը այս կամ այն անձին դեսպան նշանակելու համար, և այդ համաձայնությունն ուշանում է՝ նամանավանդ հայ-ռուսական հարաբերությունների մասով ուշացումները արդեն լրջագույն հարցականներ են առաջացնում։ Շատ տևական ժամանակ այդ համաձայնությունը չէր տրվում ռուսական կողմից։ Եկեք սա ընդունենք որպես փաստ, դրա մասին որոշակի հարցադրումներ եղել են, և պատասխաններ հասարակությունը ստացել է»։

Մեր հարցին՝ նկատի ունեք թեկնածությունը ներկայացված էր 2023-ի հոկտեմբերի՞ց, Վահագն Մելիքյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ կոնկրետ օրը․ դա գաղտնի գործընթաց է սովորաբար, երբ հայցում են այս կամ այն երկրի համաձայնությունը այս կամ այն անձին դեսպան նշանակելու համար։ Ուղարկող երկիրը ագրեմանի հարցում է ուղարկում ընդունող երկրին, և հայցվում է այդ երկրի կառավարության համաձայնությունը։ Այդ համաձայնությունը տևական ժամանակ կամ ուշանում էր կամ չէր տրվում։ Համենայնս դեպս, փաստը կա, որ նմանատիպ համաձայնություն հայցվել է, և տևական ժամանակ դրան պատասխան չէր տրվում։ Ի՞նչ պայմաններում է այդ որոշումը կայացվել, ես ասել չեմ կարող»։

Մեր դիտարկմանը՝ շատերն այս որոշումը կապում են մայիսին Նիկոլ Փաշինյանի՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախագահելու առիթով Մոսկվա այցի հետ և հարցին՝ Դուք չեք կապո՞ւմ այդ այցի հետ Գուրգեն Արսենյանի թեկնածության հաստատումը, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Չեմ բացառում դա։ Ոչ միայն չեմ կապում, այլև չեմ բացառում, որ դա կարող էր նույնիսկ անձնական խնդրանք լինել։ Ինձ հետաքրքրում է հետևյալը՝ մարդը նշանակվել է, պետք է մեկնի, ինձ ավելի շատ հետագան է հետաքրքրում, թե նա ինչպես պետք է շփվի համապատասխան շրջանակների հետ։ Արդյոք ինքն այդ վստահությունը կկարողանա՞ ձեռք բերել, արդյոք կդառնա՞ վստահելի անձ, որի հետ ռուսական վերնախավը կշփվի, կամ համապատասխան շրջանակները կշփվեն։ Այնտեղ շրջանակները շատ բազմազան են, որովհետև ՌԴ-ի հետ հասկանալի պատճառներով մենք ունենք բոլոր ուղղություններում հարաբերություններ, և այդ բոլոր ուղղություններով աշխատանքը պետք է տարվի։ Ինչպիսի՞ ընդունելության այս մարդը կարժանանա, դա ապագան ցույց կտա։ Ես մեծ ու խորը կասկածներ ունեմ, որ ինքը կարող է արժանանալ այդ ընդունելությանը, կկարողանա այդ վստահությունը ձեռք բերել, որ իր հետ կարողանան խոսել գործընկերային կամ դաշնակցական մակարդակով»։

Հարցին՝ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են Գուրգեն Արսենյանի թեկնածության վրա կանգ առել, Վահագն Մելիքյանը պատասխանեց․ «Այս իրավիճակում բացարձակապես պարզ չէ։ Սա խոսում է ևս մեկ հանգամանքի մասին, որ ՀՀ-ն այսօր չունի պրոֆեսիոնալ այն մակարդակը դիվանագիտական, որը կարող է իսկապես այս խառը, ծանր և աննախադեպ հայ-ռուսական հարաբերությունների գահավիժման ճանապարհին նշանակել մի այնպիսի պրոֆեսիոնալ դիվանագետի, որը կկարողանա գոնե այդ հարաբերությունները բարձրացնել այն մակարդակի, որ գոնե դիտարկվեն՝ որպես բարեկամական։

Տասնյակ են օրինակները, հարյուրավոր են օրինակները, թե ինչու են ոչ պրոֆեսիոնալ նշանակումներ արվում այս վերջին տարիներին։ Այնքան ցցուն օրինակներ կան դրա, որ հիմա մի հատ ավել մի պակաս․․․անշուշտ սա մի հատ ավել, մի հատ պակասի խնդիրը չէ, ռեգիոնալ նշանակություն ունեցող խնդիր չէ, մարզային, տեղական ինքնակառավարման հարց չէ, այս կամ այն գերատեսչության ինչ-որ միջին կամ բարձր օղակների նշանակում չէ, սա լրջագույն խնդիր է։

Նշանակվել է մի մարդ, որն իրականում պետք է զարգացնի հայ-ռուսական հարաբերությունները։ Իսկ եթե նշանակվում է նշանակվելու համար, և այդ հարաբերությունները պետք է մնան, դոփեն նույն տեղում և ստանան այն արժանի գնահատականը, որը պարբերաբար մենք լսում ենք մեր գործընկերների կողմից, դա շատ վատ է։ Եթե նշանակվել է, որ այդ հարաբերությունները նորից լավացնի և բարձրացնի գոնե հին մակարդակից մի քիչ ավելի ցածրի, քանի որ հին մակարդակ չենք ունենալու, քանի որ տեսնում ենք վարվող քաղաքականության արդյունքները, այն դիրքավորումները, դիրքորոշումները, որոնք ՀՀ-ի ներկա իշխանությունը որդեգրել է, դա լավ չէ։

Որևէ շեղում չեն կարող դեսպաններն ունենալ որդեգրած քաղաքականությունից։ Ինչպիսի հրահանգ ստանան Երևանից, դրանով պիտի շարժվեն։ Չեն կարող այստեղ անել մի հայտարարություն, այնտեղ ինքն անի այլ հայտարարություն։ Դա բացառված է։ Դա էլ վստահության գործակցի խնդիր է։ Եթե պիտի փոխվեն մոտեցումները, ապագան պիտի ցույց տա։ Եկեք առաջ չընկնենք, ճանապարհվել է, թող գնա, կտեսնենք կատարած աշխատանքը, կտանք նաև գնահատականներ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031