Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղինակները չպիտի փորձեն աճող սերնդին կեղծիքներով և մանիպուլյացիաներով գիտելիքներ հաղորդել»․ Գագիկ Համբարյանը՝ «Արևելյան Հայաստանի՝ ՌԴ-ի կողմից բռնակցման» մասին

Օգոստոս 16,2024 21:01

Ինչպես հայտնի է՝ հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագրքի «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» գլուխը հարուցել է ՌԴ-ի զայրույթը։ ՌԴ-ի արտգործնախարարությունը տարածել էր հայտարարություն՝ուշադրություն հրավիրելով դասագրքի կասկածելի բովանդակության վրա ու ՀՀ իշխանություններին կոչ արել չօգտագործել այն։

«Նոր ձեռնարկի գլուխներից մեկում՝ «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրի ներքո, խեղաթյուրված են ներկայացված 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները։

Մասնավորապես, վերանայման ենթակա էին 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները։

Կասկածի տակ դնել ռուսական կայսրության, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հատուկ դերը ներկայիս Հայաստանի ձևավորման գործում, նշանակում է դեմ գնալ հայտնի փաստերին։ Սա մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական անամոթ փորձն է»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով այս թեմային, ասաց․ «Հայոց պատմության» տվյալ դասագրքի հեղինակները Ալլա Խաչատրյանը, Զարուհի Հակոբյանը և հանրաճանաչ Սմբատ Հովհաննիսյան են, վերջինս 7-րդ դասարանի սկանդալային գրքի հեղինակն է։ Անկեղծ ասած ինձ՝ որպես պատմաբանի, ևս հետաքրքիր է, թե վերը նշված եռյակը, որը 1813 և 1828 թվականի Արևելյան Հայաստանի որոշ տարածքների ազատագրումը Ռուսաստանի կողմից ներկայացնում են որպես բռնակցում, ի՞նչ նկատի ունեն։

Նախ բռնակցվում է անկախ պետությունը՝ ամբողջապես կամ դրա տարածքի որոշ մասը․ խնդիրը հետևյալն է, որ հայ ժողովուրդը մոտ 800 տարի անկախություն չի ունեցել իր պատմական հայրենիքում․ ես Կիլիկիայի հայկական պետությունը դուրս եմ թողնում այս թեմայից, Հայկական լեռնաշխարհում անկախ հայկական պետություն չի եղել 1045 թվականից։ Հայաստանը բաժանվել է հարևան պետությունների միջև, սկզբնական շրջանում՝ Բյուզանդական կայսրություն-Պարսկաստան, հետագայում Պարսկաստան-Օսմանյան կայսրություն, հետագայում՝ 1813 թվականից սկսած, երբ այդ թվականի հոկտեմբերի 12-ին ստորագրվեց Գյուլիստանի պայմանագիրը, Արևելյան Հայաստանի մի մասը, այսինքն՝ Արցախն ու Սյունիքն անցան Ռուսաստանի վերահսկողության տակ, իսկ արդեն 1826-28 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում 1826 թվականի փետրվարի 10-ին Թուրքմենչայում ստորագրվեց պայմանագիր, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ներկայիս ամբողջ տարածքի մեծ մասը, Արցախն ու Սյունիքն ավելի շուտ էին մտել Ռուսաստանի կազմում, ևս անցան ռուսների վերահսկողության տակ։

Հիմա ումի՞ց է բռնակցեց Ռուսաստանը Հայաստանի տարածքները։
Այսինքն՝ ըստ Ալլա Խաչատրյան-Սմբատ Հովհաննիսյան-Զարուհի Հակոբյան տանդեմի, ստացվում է, որ պարսիկների տիրապետության տակ ապրելը ավելի լավ է եղել հայերի համար, քան Ռուսաստանի տիրապետության տակ ապրե՞լը։

Եթե այս եռյակը փորձում է նենգափոխել Հայոց պատմությունը, նշեմ, որ ի տարբերություն Պարսկաստանի, որտեղ հայերն ուղղակիորեն ցեղասպանության էին ենթարկվում և դրա վառ օրինակն այն է, որ 1828 թվականի փետրվարի 10-ի Թուրքմենչայի պայմանագրից հետո պարզվել է, որ Արևելյան Հայաստանի բնակչության 65 տոկոսը հայեր չեն։ Այդ դասագրքի հեղինակները ուզում են ընդունեն, թե ոչ, փաստը մնում է փաստ։

Պարսիկների տիրապետության տակ գտնվելով՝ Արևելյան Հայաստանի բնակչության մեծ մասը հայեր չեն եղել, հայերը մեծամասնություն են կազմել ընդամենը Արցախում, այն Արցախում, որը Նիկոլ Փաշինյանը մեկ ստորագրությամբ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին նվիրեց Ադրբեջանին։ Եվ առաջին անգամ պատմության մեջ Արցախը հայաթափվեց։

Այս ամենից հետո, երբ Արևելյան Հայաստանը միանում է Ռուսական կայսրությանը, ստեղծվում է հայկական մարզ՝ իր զինանշանով, որտեղ ռուս դիվանագետ Գրիբոյեդովն ամեն ինչ անում է, որպեսզի պարսից շահերի կողմից Պարսկաստան քշված հայերը և նրանց սերունդները վերադառնան Հայաստան և շարունակեն ապրել իրենց պատմական հայրենիքի մի մասում, և որի շնորհիվ նաև փոխվում է Արևելյան Հայաստանի ժողովրդագրական պատկերը, մենք հիմա էսպես ենք ներկայացնո՞ւմ պատմության այդ ժամանակահատվածի իրողությունները։

Սա չգիտեմ՝ ում պատվերն է, չգիտեմ ով է այս հիմարության և տգիտության հեղինակը, բայց սա ոչ մի լավ հետևանք չի ունենալու հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար։ Կարող են քննադատել Ռուսաստանին, Իրանին կամ այլ պետությունների, բայց իր քննադատությունները պետք է լինեն օբյեկտիվ։ Ինքս էլ եմ քննադատում Ռուսաստանին, բայց պատմական գործընթացների իրողությունը կեղծելն ու նենգափոխելը դա ուղղակի անբարոյականություն է։

Եվ շատ լավ կլինի, որ այս անբարոյականության հեղինակները շատ արագ մաքրեն իրենց կեղտոտ ձեռագիրն այդ դասագրքից և չփորձեն աճող սերնդին կեղծիքներով և մանիպուլյացիաներով գիտելիքներ հաղորդել։
Ի դեպ, այս եռյակին խորհուրդ կտամ ուսումնասիրել 18-րդ դարի հայ ազատագրական մտքի պատմությունը և Իսրայել Օրու և Հովսեփ Էմինի ազատագրական պայքարը, որոնք աղերսում էին ռուս միապետերին փրկել հայ ժողովրդին թուրք-պարսկական լծից, քանի որ Արևմուտքը՝ ի դեմս Անգլիայի, Ավստրիայի, Պսալցի և Հռոմի պապի, հրաժարվեց օգնել աշխարհի հնագույն քրիստոնյա հայ ժողովրդին։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gohar says:

    Շնորհակալություն հարգելի մարդիկ Նունե Արեվշատյան , Քաղաքագետ Գագիկ Համբարյանի հանրությանը տեսանելի դարձնելու համար։ Բոլոր առումներով համաձայն լինելով նրա արտահայտած մտքերի եվ փաստերի հետ , ափսոսանք եմ տածում, որ նա շատ ավելի լայն մասսայական տարածում չի գտնում ։ Նորաթուխ , պատվերով ապրող եվ փող վաստակող “վայ ” պատմաբանները միաձայն անցել են Ռուսաստանին մերժող եվ պախարակող մեր ներկա իշխանության կողմը ։ Եթե պատմության անիվը հետ տանք, կտեսնենք , որ Հայաստանին ինքնուրույն պետականություն տվող պրոյեկտը հենց Ռուսաստանն արեց։ Էս ինչ ուտող եվ ուրացող ազգ դարձանք։

  2. Gohar says:

    Ալլա Խաչատրյանը, Զարուհի Հակոբյանը և հանրաճանաչ Սմբատ Հովհաննիսյանը պետք է օրենքով կանգնեն դատարանի առաջ; Սա ցնցող անամոթության գագաթնակետ է։ Հայտնի է, որ ֆինանսավորումը կատարվել է դրսից։ Համոզված եմ։ Թող ինձ կրակեն, ամբաստանեն, ես Ռու՛ս եմ , քանի որ Ռուսը ոչ թե պետականություն չունեցող հայությանը կոլոնիզացրե՞լ է ( գտեք մի երկիր ,ուր գաղութը ավելի բարձր կենսամակարդակ է ունեցել, քան գաղութացնողը ), այլ տվել է երկրի կարգավիճակ եվ մնայուն ցեվիլիզացիա տվել է Ռուսը։ Եվ այդ սերմանվող ատելությունը լավ բան չի բերելու։ Նացիոնալիստական թշնամանքը նոր պատերազմի կարող է հանգեցնել։ Շատ վախենալիք իրավիճակ է ։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031