Լրահոս
Օրվա լրահոսը

Վարագավանում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ ձերբակալվել է, որոնցից մեկին մեղադրանք է ներկայացվել

Օգոստոս 16,2024 19:10

2024 թվականի օգոստոսի 15-ին Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրի վարչական ղեկավարից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են նշված բնակավայրում կատարված զինված խուլիգանության և բռնությունների դեպքի քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, ովքեր նույն համայնքի բնակիչներ են: Վարույթի շրջանակում վարչական ղեկավարը տուժող է ճանաչվել և ցուցմունք տվել դեպքի հանգամանքի շուրջ:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են վկաներ, կատարվել են դեպքերի վայրերի զննություններ, նշանակվել են դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատագենետիկական փորձաքննություններ:

Քննությամբ պարզվել է, որ Վարագավան գյուղի 28-ամյա և Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչները, ովքեր, քննության տվյալներով, բարեկամական կապեր ունեն, փորձել են ուժի գործադրման սպառնալիքով լուծում տալ Վարագավան բնակավայրում բնակվող իրենց մեկ այլ բարեկամի խնդիրներին և այդ նպատակով այցելել են բնակավայրի վարչական  ղեկավարի գրասենյակ, հանդիպել նրա հետ։

Վարչական շենքում տեղի ունեցած հանդիպումը վերածվել է վիճաբանության և կռվի, որից հետո Վարագավան գյուղի 28-ամյա բնակիչը դիմել է փախուստի: Վարչական ղեկավարն իր ավտոմեքենայով հետապնդել է վերջինիս, որի ընթացքում Իջևան-Բերդ հանրապետական նշանակության ավտոճանապարհին 56-ամյա տղամարդը, ով հանդիսանում է 27-ամյա երիտասարդի հորեղբայրը, ինչպես նաև նույն բնակավայրի 37-ամյա բնակիչը, վերջինիս կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, փակել են վարչական ղեկավարի ավտոմեքենայի ճանապարհը՝ այդպիսով փակելով նաև վերոգրյալ ճանապարհով երթևեկությունը:

Այնուհետև, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հաշվի չառնելով, որ գտնվում են հանրապետական նշանակության ավտոճանապարհին և իրենց գործողություններով խոչընդոտում են երթևեկությունը և անհանգստություն պատճառում ճանապարհով երթևեկող, ինչպես նաև՝ դեպքի վայրում հավաքված անձանց, նշված անձինք սկսել են հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ հնչեցնել վարչական ղեկավարի հասցեին և, փոխլրացնելով միմյանց գործողությունները, հարվածներ հասցրել նրան: Տեսնելով, որ ֆիզիկական ուժի գործադրմամբ չեն կարողանում ցանկալի մարմնական վնասվածքներ պատճառել նրան, 56-ամյա տղամարդը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված, վիճաբանության ընթացքում վարչական ղեկավարին մարմնական վնասվածք պատճառելու նպատակով դեպքի վայր տեղափոխված հրազենը, փորձել է լիցքավորել, սակայն վերջինիս հաջողվել է խլել այն, որը հետագայում վարչական ղեկավարի կողմից ներկայացվել է իրավապահներին:

Այնուհետև, ցանկանալով ամեն կերպ հասնել իր նպատակին՝ 56-ամյա տղամարդը փորձել է վարչական ղեկավարին վնասվածքներ հասցնել դանակով՝ այդ ընթացքում շարունակելով հայհոյել, սպանության սպառնալիքներ հնչեցնել, որի արդյունքում խաթարվել է հասարակական կարգը և խոչընդոտվել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի երթևեկությունը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեպքի օրը՝ ժամը 22:45-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում՝ պետական սահմանը հատելու պահին, 56-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Վերջինիս ձերբակալելու որոշում է կայացվել:

Միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրան մեղադրանք է ներկայացվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան` վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Ավելի ուշ` օգոստոսի 16-ին, հանցանք կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է նաև Բերդ համայնքի 37-ամյա բնակիչը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են ապացուցողական անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից անձանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031