Երեկ՝ օգոստոսի 15-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Ավագյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի երկամսյա կալանքի որոշումը Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Կարապետյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Ա․ Կարապետյանը ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից նրան տեղափոխել են ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Վեդիի քննչական բաժին, ապա՝ դատարան։Դատավոր Հայկ Պետրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա․ Կարապետյանը դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր քրեակատարողական հիմնարկ։
Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 6-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի ավագ քննիչ Արտակ Ավագյանը միջնորդություն էր ներկայացրել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արարատի նստավայր, որպեսի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացներ ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվող Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արսեն Կարապետյանի նկատմամբ:
Դատավոր Նարեկ Բեգլարյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել էր քննիչի միջնորդությունը և եթե Ա. Կարապետյանը հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանար իրավապահներին, նա կտեղափոխվեր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ:Վերջինիս նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանրային քրեական հետախուզում:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Ա. Կարապետանը Վեդի խոշորացված համայնքի ավագանու անդամ է, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի մտերիմներից է, իսկ նրա տանը քննիչները հայտնաբերել են 2 ատրճանակ, որոնք քննիչի կողմից առգրավվել էին:26-ամյա Արսեն Կարապետյանը կասկածվում էր օգոստոսի 4-ին Արարատի մարզում մի քաղաքացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ:Այդ օրը՝ ժամը 17:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք հարցականով» հրազենային վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Վասպուր Բարսեղյանը:
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը: Տեղում ոստիկանները պարզել էին, որ Արարատի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: