Այսօր՝ օգոստոսի 16-ին, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել է մշակութային միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին։ Միջոցառմանը ներկա են եղել Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գիգորյանը և կենտրոնական մարմնի ստորաբաժանումների ղեկավարներ։
Հիմնարկ են այցելել Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, բանաստեղծի թոռնուհի Գոհար Բազյան-Ջերրահյան Չարենցը և թանգարանի այլ աշխատակիցներ։ Նախ՝ ազատազրկված անձանց և ներկաների համար ցուցադրվել են «Չարենց․ մահվան տեսիլ» և «Չարենց․ մի ճրագ մթում» վավերագրական ֆիլմերից հատվածներ, ապա՝ ընթացել է քննարկում ականավոր բանաստեղծի ստեղծագործական կյանքի և բանտարկման ժամանակաշրջանի մասին։
Այնուհետև հյուրերը Սահակ Գրիգորյանի և հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել հիմնակի տարածքում, այցելել են այն խուցը, որտեղ պահվել է Եղիշե Չարենցը։
Ավարտին թանգարանի անձնակազմը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գրադարանին նվիրել է Չարենցի, Սևակի և Շիրազի գրքերից։ Բացի այդ՝ Քրեակատարողական ծառայության առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ միջոցառում անցկացնել մյուս քրեակատարողական հիմնարկներում ևս, ինչպես նաև կազմակերպել ազատազրկված անձանց հեռավար «այցելությունը» Եղիշե Չարենցի տուն-թանգարան։
Կարդացեք նաև
ՀՀ ՔԿԾ Հանրային կապերի բաժին