ՀԱՊԿ վերլուծական ծառայությունն աշխատում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի մարզում իրավիճակի զարգացմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը՝ ի պատասխան NEWS.ru-ի հարցման։
Ռազմական դաշինքը խոստացել է, որ Ռուսաստանի կողմից ռազմական օգնություն խնդրելու դեպքում սահմանված ժամկետներում կիրականացվեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։
«Ռազմական հակամարտության անցումը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի սրման նոր փուլ է։ Մեր վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա ռեժիմով: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը և գործելու ենք կազմակերպության կանոնադրությանը համապատասխան։ Քարտուղարությունը և Ռուսաստանի Դաշնության համապատասխան պետական մարմինները տեղեկատվություն են փոխանակում աշխատանքային կարգով: Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ քարտուղարությունը սահմանված ժամկետում կիրականացնի նման դեպքում նախատեսված բոլոր ընթացակարգերը», – նշել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունում։
Կազմակերպությունը հիշեցրել է, որ ռազմական օգնության տրամադրման հարց կարող է առաջանալ միայն անդամ երկրի պաշտոնական խնդրանքի դեպքում։ Սակայն մինչ օրս Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել՝ կապված Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակի հետ։
Կարդացեք նաև
Ուկրաինական ուժերը Ռուսաստանի Կուրսկի մարզ են ներթափանցել օգոստոսի 6-ին։ Ըստ ուկրաինական կողմի՝ իրենց վերահսկողության տակ է անցել 82 բնակավայր և 1150 քառ. կմ տարածք, գերի է վերցվել 100-ից ավելի ռուսաստանցի զինծառայող, որոնց թվում են նաև «Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները։ Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են Կուրսկի մարզի տարբեր բնակավայրերից։