«Արմենպրես». Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ստեղծման կարևորագույն բաղադրիչը կայուն խաղաղության համաձայնագիրն է։ Շվեդիան իր գործընկերների հետ միասին կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Էրիկ Հելսբորնի X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ, որտեղ պատգամավորը հարց է ուղղել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ։
Էրիկ Հելսբորնը, մասնավորապես, հարցրել է, որ եթե ԱՄՆ-ն որոշի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, ապա կարո՞ղ է արդյոք նույնն անել նաև Շվեդիան։
Կարդացեք նաև
Ի պատասխան պատգամավորի հարցման՝ Թոբիաս Բիլստրյոմը պատասխանել է. «Կառավարությունը ենթադրում է, որ Ադրբեջանը կատարում է իր միջազգային պարտավորությունները և գործում է միջազգային իրավունքին համապատասխան։ Կառավարությունը հետևում է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում շարունակվող համապատասխան իրավական գործընթացներին»:
Շվեդիայի ԱԳ նախարարն իր պատասխանի մեջ նաև նշել է, որ Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը բոլոր միջազգային շփումներում Շվեդիայի համար հիմք է հանդիսանում: Նրա խոսքով՝ Շվեդիայի կառավարությունն ակտիվորեն աշխատում է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական հասարակության ամրապնդման ուղղությամբ ու ուշադիր հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին:
«Կառավարությունն աջակցում է հունվարի 22-ին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը, որտեղ Բորելը նշում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումներն անընդունելի են և լուրջ հետևանքներ կունենան ԵՄ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների վրա։ Նման դեպքում չպետք է բացառել ոչ մի գործողություն, այդ թվում՝ պատժամիջոցներ»,-ընդգծել է Բիլստրյոմը։
Վերջինս կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ստեղծման կարևորագույն բաղադրիչը կայուն խաղաղության համաձայնագիրն է։
«Կառավարությունը ողջունում է 2023 թվականի դեկտեմբերի 7-ին և 2024 թվականի ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրերը, որոնք, ի թիվս այլ բաների, ներառել են նաև ռազմագերիների փոխանակում և սահմանի որոշ հատվածների կարգավորում։ Շվեդիան մեր գործընկերների հետ միասին կշարունակի աջակցել խաղաղության գործընթացին»,-եզրափակել է Շվեդիայի ԱԳ նախարարը։