ԳՈՐԻՍ, 16 օգոստոսի, 2024 թ.- ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները ուրախ են հայտարարելու Գորիս խոշորացված համայնքի Վերիշեն բնակավայրում առաջին Երիտասարդների տան պաշտոնական բացման մասին: Կենտրոնի հիմնադրումը հնարավոր է դարձել նաև ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը, Հայաստանում Արգենտինայի դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանը, ինչպես նաև` Արգենտինայում «Հայաստան» hամահայկական հիմնադրամի ներկայացուցիչ Էդուարդո Կոստանյանն ու Winnet ՀԿ-ի գործընկերները:
Նրանց են միացել նաև համայնքի ակտիվ երիտասարդները։
Կարդացեք նաև
ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների համար ապահով տարածքների հայեցակարգին համապատասխան՝ Երիտասարդների տունը տարվա ընթացքում ծառայություններ կտրամադրի շուրջ 500 դեռահասների և երիտասարդների: Կենտրոնը սպասարկելու է ինչպես փախստական, այնպես էլ` հյուրընկալող համայնքների երիտասարդներին Վերիշենից և շրջակա բնակավայրերից՝ նպաստելով մարզի երիտասարդության համար ներառական և աջակցող միջավայր ունենալուն:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ում մենք հավատացած ենք՝ շատ կարևոր է, որ երեխաներն ու դեռահասներն իրենց համայնքներում հենց իրենց համար նախատեսված վայր ունենան: Վայր, որն ապահով է և երեխայակենտրոն: Վայր, որտեղ նրանք կարող են հավաքվել և զբաղվել կրթական գործունեությամբ, խաղալ, զվարճանալ և աշխատել համատեղ նախագծերի վրա՝ աջակցելով իրենց համայնքի բարգավաճմանն ու զարգացմանը», – ընդգծեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
«Արգենտինան մի երկիր է, որ ընդունել և ադապտացրել է տարբեր երկրների մշակույթներ. դրանցից մեկն էլ հայկական մշակույթն է, որով հպարատանում ենք: Չնայած քարտեզի վրա Արգենտինան շատ հեռու է գտնվում, բայց հայ համայնքը երբևէ չի զգում այդ հեռավորությունը և իր հայրենի երկրի համար անում է ամեն ինչ: Այս անգամ միավորելով մի շարք աջակիցների՝ ստեղծվել է այսպիսի մի կենտրոն, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան ստեղծագործելու և զարգացնելու իրենց ընդունակություներն ու հմտությունները: Եվ ես հպարտություն եմ զգում այսօր այստեղ գտնվելու համար»,- բացման ելույթում
նշեց Արգենտինայի Հանրապետության դեսպան Ռաֆայել Գոնզալեզ Ալեմանը:
2022-2024 թվականներին, Արգենտինայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերանորոգել է ընտանիքի և երեխաների աջակցության կենտրոնը Վանաձորում և Գյումրիում: Կազմակերպվել է նաև անձնակազմի համապարփակ վերապատրաստում՝ ապահովելու, որ այս համայնքների ամենախոցելի երեխաները ստանան հիմնական ծառայություններ և պաշտպանություն:
«Այս երիտասարդներն են մեր ապագան: Եթե մենք իրենց համար չաշխատենք, այս ամենը չկառուցենք, ի՞նչ պիտի մտածեն նրանք մեր մասին: Մենք պետք է աշխատենք իրենց համար: Երբեմն ասում են Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Հայաստան, ես ասում եմ, որ Հայաստան, թե Սփյուռք, միևնույնն են: Ձեր ցավերը, ամեն ինչը, մեր հոգիների մեջ են: Մենք ձեզ հետ ենք», – ասաց Արգենտինայում հայ համայնքի ներկայացուցիչ Էդուարդո Կոստանյանը:
Երիտասարդների տուն ստեղծվել է նաև Արթիկում՝ երիտասարդներին 21-րդ դարի հմտություններով զինելու և հաջողությամբ աշխատաշուկա մուտք գործելուն նախապատրաստելու նպատակով: Ավելին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սյունիքի երեք դպրոցների 15 դասասենյակների համար դպրոցական կահույք և ուսումնական նյութեր է տրամադրել: Բացի այդ, վերանորոգվել և կահավորվել է Գորիսի թիվ 5 մանկապարտեզը, որպեսզի համայնքը պատրաստ լինի ընդունելու փախստական երեխաներին և նպաստի կրթության շարունակմանը:
«Սա հերթական նախաձեռնությունն է մեր համայնքում, որ իրականացնում ենք Արգենտինայի հայ համայնքի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ: Շնորհակալ ենք հայրենիքում և հայրենիքից դուրս գտնվող բոլոր այն մարդկանց, որ ամեն ինչ անում են, որ Հայաստանը շենանանա: Այս գեղեցիկ տարածքն իրապես դառնալու է համայնքի զարգացման կենտրոն: Երիտասարդների առաջնորդությամբ այս կենտրոնը կդառնա մեր մշակույթի զարգացման և մեր ինքնության պահպանման կենտրոն»,- նշեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
«Այս նշանակալի ձեռքբերումները հնարավոր են դարձել Արգենտինայի հայ համայնքի կայուն աջակցության, ինչպես նաև՝ Արգենտինայի «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ՀՀ կառավարության և տեղական հասարակական կազմակերպությունների հետ մեր սերտ համագործակցության շնորհիվ։ Այսօր հօգուտ երեխաների, դեռահասների և երիտասարդների ներդրումներ կատարելը վաղվա բարեկեցիկ հասարակության հիմքն է: Այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշում է ՀՀ-ում իր գործունեության 30-ամյակը. առաջընթացը, որին մենք հասել ենք վերջին երեք տասնամյակների ընթացքում, հնարավոր է դարձել գործընկերների շնորհիվ, որոնք
կիսում են մեր արժեքները և երեխաների կյանքը բարելավելու հանձնառությունը: Ակնկալում ենք շարունակել մեր համագործակցությունը պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի, ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակության հետ՝ երեխաների համար ավելի նշանակալի և երկարատև բարեփոխումներ ունենալու համար», – ամփոփեց Քրիստթինե Վայգանդը:
============================================================
Արդեն 30 տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: Հիմնվելով 75-ամյա միջազգային փորձի և Հայաստանի երեխաների համար 30 տարվա հաջողությունների վրա՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնում բարելավելու ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով: