Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենցից հետո ԿԳԲ-ի արխիվները կբացեն, նախկին ու ներկա բոլոր դավաճանները պետք է կանգնեն դատարանի առաջ ու պատասխան տան»․ Գրիշա Սարգսյան

Օգոստոս 16,2024 16:54

«Առավոտի» զրուցակիցն է Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանը։

-Պարոն Սարգսյան, Տավուշում տարածքներ հանձնելու գործընթացն իշխանությունները ներկայացրեցին որպես սահմանազատման գործընթաց, բայց մենք տեսանք, որ թշնամին ՀՀ տարածքից դուրս չի գալիս։ Այսինքն՝ եթե դրանք սահմանազատման աշխատանքներ են, ինչո՞ւ են միակողմանի զիջումներ տեղի ունենում, եւ որքանո՞վ դրա արդյունքում բարձրացավ Հայաստանի անվտանգությունը։

-Երբ սահմանազատում-սահմանագծում է տեղի ունենում, երկու երկրներն էլ պետք է ճանաչեն իրար տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի Հանրապետությունը՝ նախագահից ու վարչապետից սկսած, մինչեւ վերջին ամենացածր պաշտոնյան ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը, չեմ ասում նախագահի մակարդակով, բայց թեկուզ հավաքարարի մակարդակով ճանաչե՞լ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որեւէ տեղ կա՞ գրված կամ որեւէ հայտարարություն եղե՞լ է, որ իրենք ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը մեզ չի ճանաչում որպես երկիր, որպես պետություն, դու ի՞նչ սահմանի մասին ես խոսում։ Օդի մեջ միակողմանի սահման են գծո՞ւմ։

-ՀՀ իշխանությունները տեղադրված սահմանային սյուները մեծ ձեռքբերում են համարում։

-Գլուխները պատին են տալիս, դա ձեռքբերում չի կարելի համարել։ Ալմա-Աթայի պայմանագրո՞վ են դելիմիտացիա-դեմարկացիա անում։ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի կնքահայրը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի հոգեորդին Նիկոլ Փաշինյանն է։ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչո՞ւ մինչեւ օրս՝ որպես երկրի առաջին նախագահ, ելույթ չի ունենում ու չի ասում՝ Ալմա-Աթայի պայամանագրով սահմանազատում-սահմանագծում իրականացնելը վնաս կամ օգուտ է Հայաստանին։ Բոլոր կուսակցությունները, քաղաքական գործիչները Ալմա-Աթայի հռչակագիրը հաղթաթուղթ են սարքել ու շահարկում են, ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ չի ունենում այդ հարցի վերաբերյալ։

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ Տավուշում զիջումներ ստանալով՝ թշնամին այս փուլում հասավ իր նպատակին, հետեւաբար, գործընթացը կանգ առավ, եւ ՀՀ տարածքներից թշնամու զորքերը դուրս չեն բերվում։

-Թշնամին ինչ ասում է, ՀՀ իշխանությունները բարեհաջող կատարում են։ Թշնամին մեզ փնովում է, նսեմացնում է, մենք էլ ձայն չենք հանում, բոլորը լռել ու նստել են՝ վերեւից ներքեւ։ Թեկուզ բանավոր մի պատասխան չեն տալիս թշնամուն, նրանք ասում են՝ «Հայաստանն արեւմտյան Ադրբեջան է», «Զանգեզուրն արեւմտյան Ադրբեջանի տնտեսական գոտին է»։ Հիսուն տարվա պետությունը եկել 10 հազար տարվա պատմություն ունեցող պետության հետ մրցապայքարի մեջ է մտել եւ իր կանոններն է թելադրում, կեղծել ու պղծել է ամեն ինչ։ ՀՀ համար այսօր ամենամեծ վտանգն այն է, որ թե նախկին, թե ներկա իշխանությունները որեւէ միջազգային իրավական գործընթաց չեն սկսել Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի ջարդերի վերաբերյալ։ Բոլոր հայերի տները խլեցին, ծեծեցին-ջարդեցին, 300 մարդ սպանեցին, մնացածին արտաքսեցին, տները խլեցին, հաշիվները սառեցրեցին։ Իսկ ՀՀ իշխանությունները ոստիկանության ուղեկցությամբ ադրբեջանցիներին ջանով-ղուրբանով ուղեկցեցին Ադրբեջան կամ էլ արտերկիր, ոչ ոքի մազը չծռվեց։ ՀՀ իշխանությունները դիմե՞լ են միջազգային դատարան, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ տեղի ունեցածը ճանաչվի ցեղասպանություն, ոչ։

Արցախում 9-ամսյա շրջափակում եղավ, նոյեմբերի 9-ի փաստաթղթում, որի կնքահայրը ռուսներն էին, ոչ մի նման կետ չկար։ Հայաստանի իշխանությունները որեւէ անգամ բողոքարկեցի՞ն միջազգային դատարան՝ ասելով, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը։ Ադրբեջանը բազմիցս խախտել է, իսկ Հայաստանի իշխանությունները ոչ մի անգամ միջազգային գործընթաց չեն սկսեն, որպեսզի կախեն Ադրբեջանի վզից։ 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի հզոր երկրները, շատ երկրներ ճանաչել են Վիլսոնի իրավարար վճիռը, ՀՀ իշխանությունները դիմե՞լ են միջազգային դատարան, որ դա կախեն Թուրքիայի վզից։ Թուրքիայի պատգամավորներն ասում են՝ Կարսը, Արդահանը, մյուս տարածքները հայերինն են, մերը չեն։ Ազգերի Լիգան Արեւմտյան Հայաստանի հայկական տարածքները չի ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականություն, Ազգերի լիգան Ադրբեջանը չի ճանաչել որպես պետություն, ասել են՝ այնտեղ պետություն չկա։

-Երբ մարդիկ խոսում են այս զիջումների դեմ, իշխանությունները հակադարձում են, ասում են՝ «դուք դե՞մ եք, որ լեգտիմ սահմաններ գծենք, որպեսզի Հայաստանն ավելի պաշտպանված լինի»։

-Ինչո՞վ են լեգիտիմ սահման գծում, ո՞ր թվի քարտեզով, ո՞ր օրենքով։ Ուրեմն սահման գծիր այնպես, որ մինչեւ Բաքու, մինչեւ Կասպից ծով մեր սահմանն է։ Ինչո՞վ ես սահման գծում, եթե նրանք մեզ չեն ճանաչում որպես անկախ պետություն ու չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Միակողմանի զիջումներով սահման չեն գծում։ Կգա օրը, արխիվները կբացեն, բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Ասում են՝ «Հայաստանը կադաստրի թուղթ չունի»։ Ծովից ծով Հայաստանի կադաստրի թղթից աշխարհում ընդամենը երեք պետություն ունի։ Ասում են՝ ցեղասպանությունը պետք է մոռանանք, պետք է հաշվարկ անենք՝ իրոք 1,5 մլն հայ սպանվե՞լ է, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը պետք է դնենք Անդրանիկ Քոչարյանի ուսին, ես կֆինանսավորեմ ու անվտանգությունը կապահովեմ, ուղարկենք Թուրքիայի տարածք։ Թող գրանցի անուն ազգանունով, թե քանի հայ է սպանվել, եթե 1,5 մլն-ից ավելի եղավ, ինքը պետք է պատասխան տա։ Այս ինչի՞ են վերածել երկիրը, մարդկանց հուսալքել են, այս հզոր ազգին սարքել են մատաղացու գառ։ Այս ավետյաց երկիրը սարքել են մատաղացու գառ։

Ադրբեջանը թող իր տարածքում ցույց տա մեկ մեջիթ, որը 100 տարուց ավելի վաղ ժամանակահատվածում է ստեղծվել, 70-80 տարեկան մեջիթներ են, այն էլ իրենցը չեն, երեւի պարսկական են։ Ղուրանը վերցրեք, Ադրբեջան անունը կա՞ Ղուրանի մեջ։ Հայոց պատմությունը վերածել են Հայաստանի պատմության, ներկա պատմության։ Ով անցյալը չի հիշում, ներկայում չի կարող ապրել։ Արցախի հարցը լուծելու համար պետք է դիմեն Հաագայի դատարան՝ անջատում հանուն փրկության սկզբունքով ղարաբաղցիները վերադառնան՝ իրենց անվտանգության բոլոր երաշխիքներով։ Ու պետք է լինի անկախ պետություն՝ իր ինստիտուտներով։ Իրենցից հետո ԿԳԲ-ի արխիվները կբացեն, նախկին ու ներկա բոլոր դավաճանները պետք է պատասխան տան, կանգնեն դատարանի առաջ։ Հայաստանի Հանրապետությունը՝ այս ավետյաց երկիրը, պետք է ծաղկի։

-Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին օրերին դարձյալ ապատեղեկատվություն  է տարածում։ Թշնամին պատրաստվում է նոր հարձակմա՞ն դիմել։

-Ադրբեջանի պաշտպանության նախարարարը գլուխը պատին է տվել, վախկոտ կատու է։ Ադրբեջան ցեղախումբը չի կարող Հայաստանի հետ դեմ առ դեմ կռվել։ Եթե չկզեր Թուրքիայի, Պակիստյանի, Իսրայելի տակ, չէր կարողանա հաղթել։ Թող փորձեն ոտնձգություն իրականացնել, նավթամուղը, գազամուղը եւ Մինգեչաուրի ջրամբարը կթռցնենք օդ, Ադրբեջան պետությունը կվերանա երկրի վրայից, ամբողջ աշխարհը թող խառնվի իրար։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031