Factor. Երևանի Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստի ընթացքում իր հրապարակային խոսքով վարքագծի կանոն է խախտել։ Այս մասին եզրակացությունը հրապարակել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովի համար վարույթ հարուցելու առիթ է դարձել iravaban.net կայքի հրապարակումը։
Ըստ հրապարակմամբ ներկայացված տեղեկատվության՝ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու՝ 2024 թվականի ապրիլի 16-ի նիստի ընթացքում նկատողություն է հայտարարել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանին և «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին այն բանից հետո, երբ նիստում վիճաբանություն է սկսվել իշխող և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների միջև։
Նիստի ընթացքում, ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը, արձագանքելով «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին, մեջբերել է հետևյալ խոսքը՝
«… հայտնի խոսք կա՝ շունը հաչում ա, քարավանը շարունակում ա իր ճանապարհը, և ամեն հաչացող շան հետևից, որ քար նետենք, մենք կարող ա տեղ չհասնենք, բայց պիտի արձանագրենք, որ «Մայր Հայաստան»-ի փեշերից կախվելը հացուջուր ա դարձել շատերի համար, բայց էդ խոլերան մի օր մաքրվելու ա բոլոր կառավարական կաբինետներից»:
Կարդացեք նաև
Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ միջամտել է Անի Խաչատրյանը, ինչից հետո փոխադարձ վիրավորանքներ են հնչել: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հունից դուրս գալով, սկսել է բղավել Մանուկ Սուքիասյանին ի պատասխան ասելով՝
«Ձեր ականջները՝ կտեսնեք, ապագայում իշխանություն չեք տեսնի: Ձեր տեսակը, պարոն Սուքիասյան, մաքսիմում ինչ կարող է անել՝ հաչալն է, և կարող եք հաչալ, շարունակել հաչալ, որովհետև շունը հաչում է, քամին փչում. Ձեր իսկ ոճով Ձեզ պատասխանեմ:
Ձեր խմբակցության այլ հարցերի պատասխանելու կարիք չունենք: (…) Ասում եմ` ականջներդ եք տեսնելու, իշխանություն չեք տեսնելու այս երկրում»:
Քաղաքապետը արձագանքելով դահլիճից հնչող մեկնաբանություններին՝ ավելացնում է «Ղալաթ ա անում, գլուխը պատին ա տալիս, պատն էլ գլխին ա տալիս», ինչն, ըստ էության նույնպես ուղղված է Մանուկ Սուքիասյանին։
Ապա դիմելով ավագանու անդամներին Տիգրան Ավինյանը հավելում է՝ «Մի հատ լռեք սաղդ, հանգստացեք սաղդ (…) »»:
Այս դեպքից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քաղաքապետի վարքագծում առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել և որոշումը փոստային ծառայության միջոցով ուղարկվել է Տիգրան Ավինյանին՝ միաժամանակ պահանջելով ներկայացնել պարզաբանում՝ վարույթի շրջանակներում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ։
Ավինյանի ներկայացուցչի կողմից դիրքորոշում է ներկայացվել այն մասին, որ Հանձնաժողովի կողմից վարույթի հարուցման որոշման հիմքում դրված հրապարակումը չի հիմնավորում Տիգրան Ավինյանի կողմից վարքագծի առերևույթ խախտում թույլ տված լինելու հանգամանքը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սակայն, Ավինյանի ներկայացուցիչ փաստարկների հետ չի համաձայնել և եզրակացրել է, որ քաղաքապետը խախտել է վարքագծի կանոնները։
Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ
Արաքս Մամուլյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: