«Ըստ ռուսական կողմի տվյալների՝ Ուկրաինայում միջազգային կոնտինգենտ է աշխատում… Արեւմուտքը բացարձակապես ցանկություն չունի դադարեցնելու այն գործողությունները, որոնց փաստացի տապալված լինելու հանգամանքը արդեն իսկ բացահայտ է բոլորի համար: Եվս մեկ ճիգ ու ջանք են գործադրում, որպեսզի փորձեն բեկել զարգացման ընթացքը», – «Հայելի» ակումբում նշեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին:
Նրա խոսքով. «Ուկրաինական ճակատում ձախողումները եւ վերջնական պարտությունը, որ այս իսկ քայլերի հաջողության պարագայում դառնում է անխուսափելի, իր հետեւից բերելու է թե՛ ԵՄ-ի՝ ժամանակի փլուզման, եւ թե՛ ՆԱՏՕ-ի՝ դրան հաջորդող կազմաքանդման: Այս պարագայում դա կնշանակի, արեւմտյան, մանավանդ անգլոսաքսոնական ուժերի գերակայության լիարժեք բացառում անգամ եվրոպական մայրցամաքի վրա: Նման հեռանկարի վտանգավորության մասին անգամ Ժոզեպ Բորելն է մի առիթով նշել, դա փորձելով բացատրել այսպես՝ մենք պետք է օգնենք Ուկրաինային, որովհետեւ Ուկրաինայի պարտությունը կլինի մեր կործանումը»:
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի ձեւակերպմամբ, այսօրվա դրությամբ ռուսական կողմի համար որոշակի բարդություններ կան, սակայն ամսվա վերջին զգալի փոփոխություններ կտեսնենք այդ հատվածում. «Բայց ավելի կարեւոր է հասկանալ, թե ինչու հիմա եւ ինչ նպատակներ էր այդ քայլը հետապնդում: Արեւմտյան ուժերի այս ծրագիրն առաջին հերթին նպատակ ուներ ստիպելու ռուսական կողմին Դոնբասի հատվածից զորքերի որոշակի մասի վերաբաշխում դեպի ռուսական տարածքներ, մյուս նպատակը քաղաքացիական բնակչության շրջանում խուճապի հրահրման միջոցով ներքին ըմբոստության ալիք բարձրացնելն էր երկրում, եւ եթե իրենց հաջողվեր այնտեղ տեղակայվել, հետագայում նաեւ իրենց մտածածով՝ մի կողմից ստիպել ռուսական կողմին գնալու բանակցությունների, մյուս կողմից որոշակի բանակցային առավելություն ստանալ:
Ռուսական կողմը, սակայն, հրաշալի հասկացել է այս ծրագրի հեռահար նպատակները: Էլ չեմ ասում, որ այս ողջ ծրագրի հաջողության դեպքում, բնականաբար, ամերիկյան կողմը, դեմոկրատական իշխանությունները դա պետք է օգտագործեին որպես լրացուցիչ միավոր Քամալա Հարիսի ընտրարշավի ժամանակ դիրքերն ավելի ամրապնդելու նպատակով: Բայց ռուսական կողմը ոչ միայն չգնաց այդ սադրանքին, այլեւ արագ կերպով բնակչությանը տարհանեց, որպեսզի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի եւ վիրավորների թիվը հասցնի նվազագույնի: Այսօր փաստացի բնակչության պահվածքից տեսնում ենք, որ խուճապ բացարձակ չկա: Նշեմ, որ ներխուժած զորամիավորները իրենց լիարժեքորեն ահաբեկիչների պես են պահում, դրանով իսկ էլ ավելի օգնելով, որ ռուսական կողմում հանրային համախմբում լինի՝ ի պաշտպանություն պետության»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ