Օգոստոսի 14-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և «Ամարաս» համահայկական ԲՀԿ-ի նախագահ Ա. Ալեքսանյանը հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած անձանց հետ:
Մասնակցում էին նաև մարզպետի տեղակալներ Բագրատ Սողոմոնյանը և Արսեն Խաչատրյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի տեղակալ Նաիրի Սարոյանը, «Ամարաս» համահայկական ԲՀԿ-ի ներկայացուցիչներ:
Հանդիպման ժամանակ ներկայացվեցին «Ամարաս» համահայկական ԲՀԿ-ի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած շուրջ 120 ընտանիքների համար ՀՀ Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղի հարակից 10 հա տարածքում բնակելի առանձնատներ կառուցելու ծրագրի վերաբերյալ համապատասխան տեղեկություններ:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը բարձր գնահատեց կառավարության և հասարակական սեկտորի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների, հատկապես բնակարանային ապահովության հարցերի լուծմանը:
Կարդացեք նաև
Այնուհետև «Ամարաս» համահայկական ԲՀԿ-ի նախագահ Ա. Ալեքսանյանը ներկայացրեց վերոնշյալ ծրագրի մանրամասները, մասնավորապես շահառուների ընտրության չափանիշները, որոնք պետք է համահունչ լինեն ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումներով հաստատված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովման ծրագրերով նախատեսված պայմաններին և չափորոշիչներին:
Քննարկվեցին ծրագրին առնչվող մի շարք հարցեր ևս. տներն ունենալու են 1-6 սենյակներ, ապաստարան, տանիքներին՝ արևային վահանակներ: Նորակառույց բնակավայրն ապահովված է լինելու խմելու և ոռոգման ջրով, համայնքային սեփականություն հանդիսացող պահուստային հողերից կտրամադրվեն հողակտորներ, խոշոր եղջերավոր անասուններ:
Պատմամշակութային կոթողներով և գեղատեսիլ վայրերով հարուստ լինելը նպաստավոր պայմաններ կլինեն զբոսաշրջության զարգացման համար:
🏗 Առաջարկվեց առանձնատների կառուցման աշխատանքներում դիտարկել շահառուներին ներգրավելու հարցը՝ միաժամանակ որոշակիորեն լուծելով զբաղվածության խնդիրը: Նշվեց, որ բնակապահովման այլ ծրագրերի շահառուները չեն կարող զուգահեռ նաև այս ծրագրի շահառու հանդիսանալ:
💬Մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի տեղակալ Նաիրի Սարոյանը ներկայացրեց բնակավայրի ջրային և հողային ռեսուրսներին առնչվող տեղեկություններ, ինչպես նաև կառավարության կողմից գյուղատնտեսական ոլորտի պետական աջակցության ծրագրերը, որոնցից կարող են հետագայում օգտվել շահառուները:
✅Հանդիպման ընթացքում ծավալվեց ակտիվ հարց ու պատասխան. բանախոսները պատասխանեցին հետաքրքրող հարցերին՝ միաժամանակ նշելով, որ ծրագրին առնչվող որոշ հարցեր դեռ քննարկման փուլում են:
‼️ Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը նշեցին, որ ծրագիրը կնպաստի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած անձանց խնդիրների երկարաժամկետ լուծմանն ու ինտեգրմանը և կարող է դառնալ կառավարության և հասարակական կազմակերպության արդյունավետ համագործակցության հաջողված օրինակ:
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ