«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սարսափելի պայմաններ են: Այնտեղ նույնիսկ փաստաբանի հետ տեսակցության կամ քննչական գործողությունների համար նախատեսված սենյակներում չկան բավարար պայմաններ, անմարդկային պայմաններ են: Այսօր «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ընթացքում ահազանգեց փաստաբան Դավիթ Գյուրջյանը:
Ըստ նրա՝ քրեակատարողական հիմնարկի պատերը կիսաքանդ են, պատուհանները՝ վնասված, դատապարտյալի ընտանիքի անդամների հետ երկարատեւ եւ կարճատեւ տեսակցությունների սենյակները նույնպես սարսափելի վիճակում են:
«Նախատեսված է երեխայի հետ տեսակցություն, բայց կահավորանքը թույլ չի տալիս նման տեսակցություն: Սենյակներում չկան պատուհաններ, անհրաժեշտ քանակի մահճակալներ, բացի կահավորանքից՝ նաեւ սանիտարահիգիենիկ պայմաններն են շատ վատթար: Երկարատեւ տեսակցությունների մասին խոսք գնալ չի կարող պայմանների առումով»,- ասաց Գյուրջյանը:
Կարդացեք նաև
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ նկատեց, որ ՔԿՀ-ում առկա խնդիրներին բախվում են բոլորը, բայց դրանց մասին խոսում՝ քչերը, որովհետեւ խոսելը կյանքի համար վտանգավոր է. «Բոլոր այն մարդիկ, որ փորձում են ահազանգել, բավականին լուրջ իրավիճակում են հայտնվում: Եթե համեմատելու լինենք «Նուբարաշեն» ՔԿՀ-ն տասը տարի առաջվա հետ, գուցե կարելի է ասել, որ մի քիչ մեղմացել է իրավիճակը, բայց ոչ թե որ բարեփոխումներ են արվել, այլ, որ օրինակ առաջին հարկը համարյա թե չի օգտագործվում: Այնտեղ աշխատող մարդկանց իրավունքներն էլ են խախտվում, աշխատում են անմարդկային պայմաններում»:
Իրավապաշտպանը հիշեց, որ տարիներ առաջ, երբ իր վստահորդին էր այցելում «Նուբարաշեն» ՔԿՀ, հատուկ կոշիկներ էր հագնում, որ կոյուղու հոսող ջրերի միջով անցներ տեսակցության սենյակ: Ըստ նրա՝ գարշահոտությունը գուցե մի քիչ մեղմվել է, բայց պայմանները չեն փոխվել. արդեն 25 տարի է՝ նույն վիճակն է:
Փաստաբան Անի Չատինյանն էլ նկատեց, որ դատապարտյալի համար ստեղծված պայմանները վնաս են ոչ միայն անձի ֆիզիկական, այլեւ հոգեկան առողջության համար:
Նման պայմաններում անձն իր աչքում նվաստացած է, ինչն անթույլատրելի է. «Բանտարկյալների առողջական վիճակը վատանում է, որովհետեւ շատերը հոգեկան տառապանք են ապրում անազատության մեջ գտնվելով: Կան մարդիկ, որ տառապում են, որովհետեւ չարած արարքի համար են դատապարտված եւ դրան գումարած անմարդկային պայմանները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ