Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից հրատարակվել է «Արվեստի գործերի տեղափոխում. ներմուծում, արտահանում, փաթեթավորում, տեղադրում, ապահովագրություն, մաքսազերծում եւ մշակութային ժառանգության ճգնաժամային կառավարում» վերնագրով ձեռնարկը, որի հեղինակը եւ խմբագիրը Գոհար Հակոբյանն է, մասնագիտական խմբագիրը՝ Նարեկ Վ. Թովմասյանը:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ «Ստեղծարար Հայաստան» (Creative Armenia) մշակութային հիմնադրամի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Նպատակ հետապնդելով խթանելու ստեղծարար եւ մշակութային ոլորտների էկոհամակարգը Հայաստանում՝ «Կատապուլտը» հզորացնում է ստեղծագործ մասնագետներին, տրամադրելով կրթություն, ձեռնարկատիրական հմտություններ եւ տեսանելիություն, ինչպես նաև ձգտում է լրացնել առկա ծառայությունների, տեխնոլոգիաների, հաստատությունների եւ ենթակառուցվածքների բացերը՝ կայուն եւ բարգավաճ մշակութային արդյունաբերություն ապահովելու համար:
Կարդացեք նաև
ՀԲԸՄ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի եւ շվեդական «ԱրտՆեքսուս» ծրագրի համագործակցության շրջանակում իրականացված Հայաստանի ստեղծարար ոլորտի կարիքների հետազոտության (Գարգարյան Ա. , Վահան Տ.2024. «Հայաստանի Հանրապետության մշակութային եւ ստեղծարար էկոհամակարգը») արդյունքում պարզվել է, որ չնայած Հայաստանում արվեստի գործերի տեղափոխման հետ կապված օրենքների եւ կանոնակարգերի առկայությանը՝ գոյություն ունեն լուրջ խոչընդոտներ արվեստի գործերը հավուր պատշաճի Հայաստան ներմուծելու եւ Հայաստանից արտահանելու գործընթացների սահուն կազմակերպման համար։
Արձագանքելով այս խնդրին՝ «Կատապուլտը» եւ «ԱրտՆեքսուսը», համատեղ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ, Հայաստանում կազմակերպեցին համապատասխան մասնագետների վերապատրաստում – աշխատաժողով, որի նպատակն էր ընդլայնել մասնակիցների ընկալումը ընթացակարգերի եւ պահանջների վերաբերյալ, ներառյալ արվեստի գործերի փաթեթավորումը, տեղափոխումը, գնահատումը, ապահովագրությունը, մաքսազերծումը եւ պահեստավորումը: Մասնակիցներին տրամադրվեցին փորձագիտական գիտելիքներ, թե ինչպես գրագետ ներմուծել եւ/կամ արտահանել արվեստի գործերը:
Աշխատաժողովի արդյունքում ձևավորեց փորձագիտական գիտելիքներով զինված մասնագետների թիմ՝ արվեստի գործերի առաքումը Հայաստան եւ Հայաստանից պատշաճ կերպով իրականացնելու համար, ինչպես նաեւ այդ գործընթացները բարելավելու եւ արվեստագետներին/հաստատություններին աջակցելու նպատակով՝ Կառավարությանը ներկայացվեցին ռազմավարական բարեփոխումների առաջարկներ։
Ձեռնարկի երկրորդ բաժնում ներկայացված է «Առաջին օգնություն մշակութային ժառանգությանը՝ ճգնաժամային պայմաններում» ուղեցույցը, որի հիմքում է Եգիպտական ժառանգության փրկության հիմնադրամի գործադիր տնօրեն, մշակութային ժառանգության պահպանության փորձագետ Ամիրա Սադիքի դասախոսությունը։ Այն «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը նախաձեռնել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ ICOM Հայաստանի ազգային կոմիտեի հետ համատեղ։ Դասախոսության նպատակն էր հզորացնել Հայաստանի մարզային թանգարանների աշխատակիցների՝ ճգնաժամային պայմաններում մշակութային ժառանգության պահպանության կարողությունները», – նախաբանում նշել է արվեստագիտության թեկնածու Նարեկ Վ. Թովմասյանը՝ հույս հայտնելով, որ ներկայացվող ձեռնարկը ստեղծարար ոլորտի համապատասխան մասնագետների ուղեցույցը կդառնա՝ արվեստի գործերի գրագետ ներմուծման եւ արտահանման գործընթացում:
Հավելենք, որ ձեռնարկի հրատարակումը հնարավոր է դարձել Եվրոպական միության եւ Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության պատասխանատուն հեղինակն է, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության եւ կամ Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի տեսակետները:
Ձեռնարկում մանրամասն ներկայացվում են բոլոր քայլերն ու փուլերը, թե ինչպես պետք է վարվի 16 տարին լրացած ցանկացած քաղաքացի (արվեստագետ, հավաքորդ, արտ-դիլլեր, ցուցահանդեսի կազմակերպիչ), որը զբաղվում է արվեստի ժամանակակից գործերի առք ու վաճառքով, ցուցահանդեսների կազմակերպմամբ եւ այլն, եթե ցանկանում է արվեստի գործեր արտահանել:
Ի թիվս այլնի, ուղեցույցում պարզաբանվում է ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության վարչության Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման բաժին դիմելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը, մշակութային արժեքի եւ մշակութային նշանակության առարկայի տարբերությունը, ինչ կարգով են արտահանվում առանց տարեթվի ու առանց ստորագրության արվեստի գործերը, ինչպես է իրականացվում մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունը «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում, արվեստի գործերի փաթեթավորումը՝ ըստ փուլերի, տեղափոխումը եւ տեղադրումը ըստ փուլերի, մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը, ապահովագրությունը, մաքսային կանոնակարգը, ինչ են իրենցից ներկայացնում մաքսային հսկողության գոտու «Կանաչ» եւ «Կարմիր» ուղիները, հայտարարագրի ձեւերը, ինչպիսին են արվեստի գործերի արտահանման հետ կապված տուրքերը:
Ուղեցույցում առկա են նաեւ օգտակար հղումներ եւ հավելվածներ, հաճախ տրվող հնարավոր հարցերի պատասխաններ: Իսկ գրքույկի երկրորդ մասում ներկայացվում է առաջին օգնությունը մշակութային ժառանգությանը՝ ճգնաժամային պայմաններում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները: