Այսօր, Հայաստանի հոգեւոր մայրաքաղաք Վաղարշապատում (Էջմիածնում) հարգանքի տուրք մատուցվեց նախանցյալ դարում՝ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ, 1827 թվականին տեղի ունեցած Օշականի ճակատամարտի հերոսների հիշատակին։
Այսօր, այս ոչ դյուրին ժամանակներում, կարեւոր է պատմության դասերը հիշել, առանց դրա, մենք՝ ՌԴ-ն եւ ՀՀ-ն, մեր եղբայրական ժողովուրդները, դժվար թե կարողանանք հակազդել այն մարտահրավերներին, որոնց բախվել ենք՝ իր խոսքում նշեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ռուսաստանն անկեղծորեն արժեվորում է Հայաստանի հետ բարեկամությունը, եւ դա մենք անընդհատ ու տարբեր մակարդակներում կրկնում ենք։ Երկու եղբայրական ժողովուրդներին դարեր շարունակ կապում են մշակութային, արժեհամակարգային եւ հոգեւոր կապերը, ու դա չեն կարող չեղարկել պատմությունը սրբագրելու ու վերաշարադրելու փորձերը։ Չնայած նրան, որ Հայաստանի դպրոցների 8-րդ դասարանի պատմության նոր դասագրքերից հանվել է ռուս-պարսկական պատերազմի դրվագը, մենք միշտ կհիշենք եւ կհարգենք այն օրերի հերոսական դրվագները։ Եվ այն, ինչ հիմա՝ այստեղ, տեղի է ունենում կարեւոր է, ու վկայությունն է նրա, որ այդ իրադարձությունները մնում են մեր ժողովուրդների սրտերում»,- ասաց դեսպան Կոպիրկինը (լուսանկարում)։
Հիշեցնենք, երեկ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում, մասնավորաբար ասված է ՝ Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներին փոխանցվի 8-րդ դասարանի պատմության նոր դասագիրքը, որը «խեղաթյուրում է 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի իրադարձությունները Հարավային Կովկասում»։ ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է, որ այս դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրի ներքո վերանայվել են 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները, իսկ Թուրքմենչայի պայմանագիրը գնահատվել է, որպես Արևելյան Հայաստանի «անեքսիա»։
Կարդացեք նաև
«Նախարարության տեսանկյունից, եթե կարդան լուրջ աղբյուրներ, այդ թվում՝ հայկականը, ապա կարող են տեսնել բոլորովին այլ մոտեցումներ 1828 թվականի հաշտության պայմանագրի վերաբերյալ, որը մինչև վերջերս հանրապետական դասագրքերում գնահատվում էր որպես «վիթխարի նշանակություն ունեցող գործոն՝ ապագայում Հայոց պետականություն վերականգնման համար»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ հավելելով, որ այս դեպքում խոսքը գնում է «ընդհանուր պատմությունը վերաշարադրելու ևս մեկ անամոթ փորձի մասին, արևմտյան քարոզչության և քաղաքական ինժեներիայի լավագույն ավանդույթներով սպիտակը սև է ներկայացվում այն անհատ հայ գործիչների «թեթև ձեռքով», ովքեր ջանասիրաբար փորձում են գոհացնել իրենց հովանավորներին»:
Երկդարյա վաղեմության վկայությունները, ըստ դեսպանի, ապացույցն են նրա, որ մեկ նկատակ ունենալով եւ միեւնույն ուղղությամբ շարժվելով, երկու ժողովուրդները կարողանում են արժանապատվորեն դիմակայել մարտահրավերներին։ Նա վստահ է, որ այս օրինակները դեռ երկար կմնան ժողովուրդների հիշողության մեջ, որոնցով էլ երիտասարդ սերունդը կկրթվի հայրենասիրության եւ խիզախության գաղափարներով։
Միջոցառմանը ներկա ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը խոսեց ռուսերեն եւ բացառապես ռուս-պարսկական պատերազմի՝ Օշականի մարտերի դրվագից՝ դրվատանքով ռուս զինվորների եւ հայ կամավորականների մասին, որոնց հերոսության արդյունքում ազատագրվեց սուրբ Էջմիածինը։ Նա ընդգծեց, որ այդ ճակատամարտը էական նշանակություն ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների համար։ Դեսպանի կողմից Հայոց պատմության 8-րդ դասարանի նոր դասագրքերի հիշատակման դրվագին Կարեն Գիլոյանը չանդրադարձավ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ