-Պարոն Գաբրիելյան, եկեք միասին վերադառնանք մեր օրեր, երբ ավելի քան երեսուն տարվա պետականություն հիմնադրելուց հետո խարխլվեց ամեն ինչ, և իր պատմական հողում տասնյակ դարեր շարունակ բնակվող հայը ստիպված եղավ թողնել Հայրենիքը։ Ինչպե՞ս կգնահատեք պայքարն այս բարձունքից և ինչպիսի՞ հետևությունների կարելի է հանգել։-Ցավով եմ անդրադառնում ընդհանրապես արցախյան բոլոր իրադարձություններին` անկախ ժամանակից և տեղից։ 88֊ի Արցախյան ազգային֊ազատագրական շարժումն ու պետական անկախության համար հետագա պայքարը, հերոսամարտն ու հաղթանակը Մայր հայրենիքում և Արցախում` հայոց պատմագրության մեջ գրվելու է ոսկե տառերով։ Այն պատմական մեծագույն արժեք ներկայացնող իրադարձություն էր, որը դասվելու է Հայկի ու Բելի, Ավարայրի, Սարդարապատի պատմական հաղթանակների շարքին։ Այն իր արժեհամակարգով նոր իրողություն էր հայության կյանքում, քանզի հիմք դրեց ազգային երկու պետական կազմավորումների գոյությանը։ Մեր օրերում, երբ արցախահայությունն ստիպված է եղել բռնագաղթել իր պատմական հողից, երբ Արցախի ու արցախահայերի նկատմամբ ՀՀ գործող իշխանական համակարգը տարել ու տանում է միանգամայն խտրական քաղաքականություն, երբ ցանկանում են մոռացության տալ պատմական մեր հայրենիքի գոյությունը, անցած ուղին, այն ամենը, ինչ կապ ունի ազգային արժեհամակարգի, հոգևոր֊մշակութային արժեքների հետ, 88֊ի շարժումը, թշնամու դեմ տարած պատմական հաղթանակը մեր օրերում նոր իմաստ ու բովանդակություն է ձեռք բերում։
–Պարոն Գաբրիելյան, ՀՀ -ում փախստականի կարգավիճակով բնակվող արցախահայերի մի մասը կորցրել է հարազատ տունը վերադառնալու հույսն ու հավատը։ Ինչպիսի՞ խորհուրդներ ունեք նրանց տալու։
-Հայի կյանքում հույսն ու հավատը վերջում են մահանում։ Կյանքը մեր օրերում լայն քայլերով է ընթանում։ Աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում նոր աշխարհակարգ է ձևավորվելու։ Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունը, այս իշխանությունների վարած ազգակործան քաղաքականության հետևանքով, հայտնվել է անորոշության, մշուշի մեջ։ Ժողովրդից շատ բան է կախված։ Պետք է ազգային գաղափարախոսության շուրջ ձևավորվի համաժողովրդական համախմբում, այնպես, ինչպես դա եղավ 1988 թվականին։ Այն իր հերթին պետք է ենթադրի իշխանափոխություն։ Ազգային հենքով ձևավորված նոր իշխանության օրոք կարելի կլինի լուծել պետության ինքնիշխանության ու անկախության բարելավման, անվտանգության ապահովման խնդիրները։ Նոր կառավարության գործունեության ծրագրային հիմնադրույթներից կարևորագույնը, անշուշտ, պետք է լինի արցախահայության առջև ծառացած խնդիրների լուծումը։ Հույսով և հավատով լծվենք այդ սուրբ գործին և հասկանանք վերջապես, որ միայն պայքարով կա հաջողություն և ազատություն։