2024-2025 ուսումնական տարում քոլեջների եւ արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները կարող են առանց միասնական քննությունների ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան։ Նշված ուսումնական հաստատությունների շրջանավարտներին (անկախ ավարտման տարեթվից) այդպիսի հնարավորություն է ընձեռում ԿԳՄՍ նախարարի 2024 թ․օգոստոսի 1-ի հրամանը։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է․ «Այս կարգի ընդունումը պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ագրարային եւ հարակից ոլորտների մասնագետների պատրաստման անհրաժեշտությունից է բխում։ Հաստատված կարգով սահմանվում են արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների շրջանավարտների՝ ՀԱԱՀ բակալավրիատի համապատասխան կրթական ծրագրերով փորձնական ընդունելության ընթացակարգը, ժամկետները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ըստ կրթական ծրագրերի առկա տեղերի եւ համապատասխան արհեստագործական եւ միջին մասնագիտական մասնագիտությունների ցանկերը»։ Առկա ուսուցման համար դիմումներն ընդունվում են մինչեւ օգոստոսի 30-ը։ Հեռակա ուսուցման համար՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այս օրինակը դիտարկում է ԿԳՄՍ նախարարության ընդհանուր քաղաքականության համատեքստում: «Վերջին տարիներին ի՞նչ արեց նախարարությունը․ փորձեցին բոլոր հարցերում ներդնել խիստ մոտեցումներ, օրինակ՝ նախկինում Ագրարային համալսարանում շատ բաժիններում ընդունվում էին առանց քննության, դպրոցական ատեստատով կամ մեկ քննությամբ, ընդ որում, նույնը նաեւ Մանկավարժական համալսարանում։ Ինչո՞ւ էր սա արվել, որովհետեւ այս բուհերը դիմորդ չունեին, եւ որպեսզի չմնան առանց կադրերի, նախարարությունը որոշել էր այդ շեմն իջեցնել իրենց համար, եւ կային ֆակուլտետներ, որտեղ դպրոցական ատեստատով ընդունվում էին։ Բայց հանկարծ նախարարությունը որոշեց, որ բոլոր բուհերում, այդ թվում՝ ագրարայինում եւ մանկավարժականում, պետք է առնվազն 2 քննություն տան դիմորդները։ Սրա արդյունքում այս 2 բուհերը տուժեցին, որովհետեւ այդ բուհեր դիմողների ակադեմիական մակարդակը ցածր էր, եւ, բնականաբար, ագրարայինն ու մանկավարժականը մեծ խնդիրներ ունեցան, որովհետեւ նախկինում մեկ քննությամբ կամ առանց քննության ընդունվում էին, ինչը հեշտ էր ավելի, հիմա արդեն նախարարությունը, տեսնելով, որ Ագրարային համալսարանը լուրջ խնդիրների առաջ է կանգնել, որովհետեւ 50-60 հոգի է ընդունվում (իհարկե, հետագայում տարբեր տեղերից՝ քոլեջներից կամ հեռակայով տարեկան ոչ թե 50-60, այլմավելի շատ են ընդունվում, սակայն իրականում դա էլ է քիչ), եւ եթե ագրարայինը տարեկան 200-300 հոգի էլ ընդունի, էլի բավարար չէ։ Հիմա նախարարությունն իր այդ կոշտ քաղաքականությունը ներդրեց, իրավիճակը վատացավ, ու նահանջեցին։ Դրանից հետո նոր որոշեցին, որ քոլեջների եւ ուսումնարանների շրջանավարտներին պետք է հնարավորություն տան»,- նշում է Ս․ Խաչատրյանն ու նախարարության վարած անհեռատես քաղաքականությունից բերում ևս մի քանի օրինակ:
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: