Երբ անցած տարվա հունիսին «Վագներ» կոչվող մասնավոր ռազմական ընկերությունը, չհանդիպելով ՌԴ կանոնավոր բանակի լուրջ դիմադրությանը, անցավ Վորոնեժի եւ Լիպեցկի մարզերով եւ հայտնվեց Մոսկվայից 200 կիլոմետր հեռավորության վրա, շատերի մոտ դա տարակուսանք առաջացրեց:
Անձամբ ինձ խիստ տարօրինակ էր թվում, որ պետության մեջ անարգել գործում էր «մասնավոր» բանակ, որը ղեկավարում էր, մեղմ ասած, քրեական հակումներ ունեցող անձնավորություն, եւ որի առանցքը կազմում էին համաներում ստացած, նախկինում ծանր հանցագործություն կատարած դատապարտյալներ:
Բայց հիմնական զարմանքն, իհարկե, այն էր, որ Պրիգոժինի զինված խմբավորումը, ստացվում է, ավելի զորեղ էր, քան ռուսական բանակը, որի մասին պաշտոնապես հայտարարվում էր, թե այն հզորությամբ երկրորդն է աշխարհում:
Բացատրություններից մեկն այն էր, որ զինվորականները միտումնավոր էին թույլ տալիս «Վագների» առաջխաղացումը, որովհետեւ դժգոհ էին Պուտինից եւ չէին ուզում կռվել ԿԳԲ-ի վերահսկողության տակ: Այդ բացատրությունը բերվում է նաեւ այսօր, երբ ուկրաինական բանակը ներխուժել է Կուրսկի մարզ եւ գրավել է հարյուրավոր քառակուսի կիլոմետր տարածքներ:
Կարդացեք նաև
Եթե այդ, փոքր-ինչ դավադրապաշտական, բացատրությունը նույնիսկ ճիշտ է, ապա դա, միեւնույն է, լավ չի խոսում Ռուսաստանի պետականության մասին, որովհետեւ երկրի հզորության գրավականը քաղաքական եւ ռազմական բաղադրիչների ներդաշնակության մեջ է:
Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ ռուսական բանակն այնքան էլ մարտունակ չէ, որքան այդ երկրի պաշտոնական քարոզությունը փորձում է ներկայացնել: Այո, այդ երկիրն ունի հսկայական նյութական եւ մարդկային ներուժ: Բայց այսօր ավելի շատ, քան երբեւէ, կարեւոր է ցանկացած կառույցի, նաեւ բանակի կազմակերպվածությունը, պրոֆեսիոնալիզմը եւ մոտիվացիան: Այդ երեք հատկանիշներով Ռուսաստանի եւ Ուկրաինայի հնարավորությունները, կարծում եմ, շատ չեն տարբերվում: Իսկ արեւմտյան ժամանակակից զենքը, հավանաբար, ավելի արդյունավետ է, քան ռուսականը (խորհրդայինը):
Հետեւաբար, տրամաբանական է կանխատեսել, որ անկախ երկու կողմերից հնչող «անհաշտ» հայտարարությունների, նրանք, ի վերջո, կգնան փոխզիջման: Կուրսկի մարզի քառակուսի կիլոմետրերը Ուկրաինան դժվար թե կարողանա փոխանակել ՌԴ-ի կողմից զավթած իր բոլոր տարածքների հետ: Բայց մոտակա կես տարում զինադադարի հնարավորությունն, իմ կարծիքով, իրատեսական է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մինչև այդ դեպքը «վագներ»-ին հերոսացնում էին ՌԴ-ում։ Նրանք ամենաէֆեկտիվ կռվողներն էին, իրենց կառավարման համակարգը թույլ էր տալիս շատ արագ որոշումներ կայացնել մարտի դաշտում։ Իրավիճակը շատ արագ ու հանկարծակի փոխվեց։ Այն մարդիկ, ում ռուս ժողովուրդը հերոս էր անվանում, միանգամից սկսեցին հակապետական քայլի գնալ։ Կարծում եմ՝ նույն վիճակը կլիներ նաև յուրաքանչյուր այլ երկրում, որտեղ նման բան լիներ։ Դժվար թե դա կապված լիներ իրենց բանակի մարտունակության հետ։
Այո, արևմտյան ժամանակակից զենքերը ավելի հարմարավետ ու արդյունավետ են, բայց միաժամանակ նաև շատ բարդ են և շատ թանկ։ Цена-качество հարաբերության մասին պետք չէ մոռանալ։ Ռուսաստանը նույնպես կարող էր նման զենքեր արտադրել և օգտագործել, բայց դա ֆինանսապես ձեռնտու չէ։
Տարածքների փոխանակումը նվաստացուցիչ կլինի ՌԴ-ի համար։ Նրանք դժվար այդ քայլին գնան
Կուրսկի վրա հարձակումը,ըստ ինձ,պայմանավորված չէ ,ինչպես Պուտինն է ասում ,որպեսզի բանակցային փուլում առավելություն տա Ուկրաինային։
Պարզապես,հարվածել են Ռուսաստանի չպաշտպանված մասին։
Կռվի ժամանակ,անհեթեթություն է քթով խփել մեկի գլխին, մանավանդ եթե դիմացինդ պնդաճակատ է։
Կուրսկի հարձակման նպատակը, իմ կարծիքով, ստիպել ռուսական պրոֆեսիոնալ զորքերին, Խարկովից արագ, անկազմակերպ և անպաշտպան մղվել դեպի Կուրսկ և Բելգորոդ։Պարզ է,որ այդ ճանապարհին, նրանց մեծ մասը,ուկրաինական դրոնների և արտիլերիայի կողմից կխոցվի, այդ իսկ պատճառով Ռուսաստանը չի շտապում։
Ռուսաստանը գիտի,որ նեղ ճակատով Ուկրաինան առաջ չի գնա, քանի որ ռեզերվներ շատ չունի, որ թիկունք ապահովի և կնկնի շրջափակման մեջ։ Այդ իսկ պատճառով մի փոքր հանգիստ է։
Ինչ կլինի, ոչ մեկ չգիտի։
Ուկրաինայի ռազմական ներխուժումը՝ ՌԴի տարածք, կարիքը ունի հրադարարի մը: Որպէսզի ուկրաինացի զինունորեր շուտով չհասնին Մոսկուա:
Հայաստանը պէտք է որ առաջարկէ Փութինին՝ հայ խաղաղապահ զինուորներ տեղաւորել, Ռուսաստանի այդ տարածքում ուր ռուսները վատ վիճակում են:
Այդ ՀՀ խաղաղապահները վստահաբար աւելի լաւ գործ կը կատարեն այդտեղ, քան թէ ռուս զինուորները ըրածը, եւ մանաւանդ՝ չը՛րածը, Հայոց Արցախի մէջ:
Մ. Հայդուկ Շամլեան
Յ.Գ. Այս ալ, առանց – դառն… – երգիծանքի՝
Ուքրանիոյ ռազմական ներխուժումին ի՛նչ կերպով ալ որ հակադարձէ Ռուսաստանը, տեղի ունեցածը արդէն՝ ժամանակակից Պատմութեան մէջ աննախադէպ, շշմեցուցիչ, ահաւոր ու վերջնական խայտառակութիւն մըն է Ռուսաստանի համար:
Սոյն երեւակայական, իբրեւ թէ համաշխարհային «գերպետութեան» շարլաթանութիւնը, կեղծ ու շինծու միֆ մը լինելը, այս առիթով մի քիչ եւս բացայայտուեցաւ: Մինչ այդ սակայն, Արցախը եւ ՀՀն է որ վճարեցին ու դեռ վճարում են՝ ռուսական զօրութեան այդ խաբկանքին անասելի գինը:
Սուտը վերջ գտած է: Ռուսաստանը արդէն իրապէս պարտուած է այլեւս: Պարտութիւն մը որ սկսաւ Անդրկովկասի մէջ՝ Արցախի կորուստով, ապա հաստատուեցաւ՝ Ուքրանիոյ պատերազմով: