ՀՀ ՊՆ-ն, փաստացի, հաստատում է, որ Բաքվի հետ հուշագիր են ստորագրել ու Սյունիքում տարածքներ հանձնել Ադրբեջանին, սակայն ավելացնում՝ պետական գաղտնիք է։
Հիշեցնենք, որ Արա Այվազյանը հուլիսի 26-ին «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, ինքը կամ Արտգործնախարարությունը տեղյակ չի եղել։ «Եղել են քննարկումներ։ Հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր»։
Հարցին՝ հուշագիր, որով այդ տարածքները փոխանցե՞լ էին Ադրբեջանին, Այվազյանը նշել է․ «Այդպես հայտարարվեց։ Անվտանգության խորհրդի ժամանակ տարբեր սցենարներ էին քննարկվում, որովհետև ադրբեջանցիները պահանջներ էին ներկայացրել, և տարբեր քննարկումներ էին տեղի ունենում, բայց որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվի, առնվազն ես տեղյակ չեմ եղել, և հետագայում է դա պարզվել։ Եվ երբ պարզվել է, ես դիմել եմ վարչապետի միջոցով Պաշտպանության նախարարությանը, որ այդ փաստաթուղթը մեզ տրամադրվի։ Իմ պաշտոնավարման մինչև վերջ այդ փաստաթղթերին ես ծանոթ չեմ»։
«Փաստինֆո»-ն օգոստոսի 5-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ՊՆ՝ պարզելու, թե երբ և ում կողմից է ստորագրվել հուշագիրը, ինչ հարցեր է կանոնակարգում այն և ինչու այն չի ներկայացվել ՍԴ՝ սահմանադրականության հարցը պարզելու համար, ՊՆ-ն արդյոք համաձայնեցրել է հուշագրի ստորագրումը՝ ԱԳ նախարարության ներկայացուցիչների հետ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հուշագրով շոշափվում են տարածքային հարցեր և առնչվում են ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքներին՝ խնդրել ենք տրամադրել նաև հուշագրի օրինակը։
Կարդացեք նաև
ՀՀ ՊՆ-ից նախ լրացուցիչ ժամանակ էին խնդրել, ապա՝ մերժել տեղեկատվության տրամադրումը՝ պետական գաղտնիք լինելու պատճառաբանությամբ։
«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված Ձեր՝ 2024թ․ օգոստոսի 5-ի 32-Ա-24 տեղեկատվություն ստանալու հարցման՝ հայտնում ենք, որ բարձրացված հարցադրումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը ենթակա չէ հրապարակման՝ հաշվի առնելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Պետական գաղտնիքի մասին» օրենքի Գլուխ 2-ի 10-րդ հոդվածի պահանջը »,- նշված է պատասխանում։
Փաստացի, ՀՀ ՊՆ-ն հաստատել է, որ նման հուշագիր, իրոք, ստորագրվել է, այլապես կհերքեր։ Մինչդեռ չի հերքել ու այդպես հաստատել դրա գոյությունը, ուղղակի հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել՝ ասելով, որ պետական գաղտնիք է։ Այսինքն՝ ժողովրդից թաքուն, ժողովրդի թիկունքում, գաղտնի փաստաթուղթ է ստորագրվել ու տարածքներ հանձնվել՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: