ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի իրականցված դիտարկումների համաձայն՝ այս տարվա հուլիս ամսին դիտված տեղումների քանակն ավելի քան 190%-ով գերազանցեց տվյալ ամսվա նորման։
Հուլիսին դիտված տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 84․4մմ, որն իր մեծությամբ յոթերորդն է սկսած 1935 թվականից և ամենաշատն է 1965 թվականի հուլիսից հետո։
Անձրևներ դիտվեցին ամսվա բոլոր տասնօրյակներին։
Տեղումների քանակը համեմատաբար սակավ էր հուլիսի երկրորդ տասնօրյակում, իսկ երրորդ տասնօրյակը ամենատեղումնառատն էր։
Կարդացեք նաև
Օդի ջերմաստիճանը հուլիսին նորմայի սահմաններում էր, փոքր-ինչ դրական շեղումներով։ Տեղումների ամսական քանակը ավել էր նորմայից Հանրապետության տարածքի մեծ մասում, իսկ Արարատյան դաշտում, Տավուշում և Գեղարքունիքում տեղումների ամսական քանակը տեղ-տեղ գերազանցեց նորման 2-3 անգամ։ Առանձին օրեր հորդառատ անձրևներ դիտվեցին Տավուշի, Լոռվա և Կոտայքի մարզերում, երբ մի քանի ժամվա ընթացքում դիտվեց 30-44մմ անձրև։
Չնայած այս տարվա տեղումնառատ հուլիսին, բազմամյա տարիների (1935-2024 թթ․) տեղումների քանակի վերլուծությունը ցույց է տալիս, որ տեղումները նվազում են Հայաստանում ամռան սեզոնին՝ այդ թվում հուլիսին։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ