Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Գյումրիում կբացվի Լոզանի համալսարանի մասնաճյուղ․  այն կգործի երկրագիտական թանգարանին ու պոլիկլինիկային տրամադրված Գյուլբենկյանի հիվանդանոցի նախկին շենքում

Օգոստոս 15,2024 18:03

Գյումրու  պատմական կենտրոնում գտնվող Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքը, որը 2018 թվականին նորօրյա իշխանությունը տրամադրել էր Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին, այնուհետ շենքի կեսն էլ հատկացվել  էր թիվ 1 պոլիկլինիկային, այժմ ծառայելու է որպես  Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղ։  Այսօր ավագանին հավանություն տվեց այդ շենքը Գյումրի համայնքին նվիրաբերելու ու Լոզանի հյուրընկալության դպրոցին փոխանցելու նախագծին։

Լոզանի  համալսարանի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Խաչիկ Հակոբյանը մանրամասնեց, որ ծրագիրը սկսվել է 2020 թվականին, երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, գտնվելով Լոզանում, ցանկություն է հայտնել  Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղ ունենալ Հայաստանում, Երևանում։

Լոզանի համալսարանը, ըստ բանախոսի, ստեղծվել է 1800ականների սկզբին ու համարվում է աշխարհում զբոսաշրջության  ու սպասարկման ոլորտում առաջինը։ Ծրագիրն իրականացվում է շվեցարահայ բարերար Վահե Գաբրաշի միջոցներով։

Աշխատանքային խումբ է ստեղծվել, որը համաձայնություն է տվել, որ Լոզանի համալսարանը գործի Հայաստանում։

«Մասնաճյուղը նպաստելու է Հայաստանում տուրիզմի, սպասարկման ոլորտի բարձրացմանը։ Այն հիմնականում հանդիսանում է բազային կրթության հիման վրա երկրորդ կրթություն։ Լոզանի համալսարանում շատ բարձր են վարձերը, մարդիկ կան, որոնք հերթեր են կանգնում, որպեսզի սովորեն։ Լոզանի՝ Հայաստանի Հանրապետության մասնաճյուղը կսպասարկի ողջ տարածաշրջանը, ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ կողքի երկրներին։

Լոզանի համալսարանը մոնիտորինգ իրականացրեց Հայաստանի Հանրապետությունում, մեր կողմից եղավ առաջարկ՝ հիմնել Գյումրիում։ Ինչո՞ւ Գյումրիում, որովհետև մենք ցանկանում ենք Գյումրին տեսնել իր պատմամշակութային արժեքներով, ավելի գեղեցիկ, ավելի զարգացած ու տուրիզմի ասպարեզում էլ ավելի հետաքրքիր բրենդ ձևավորելու համար», -ասաց բանախոսը։

Կառավարությունն առաջարկել է Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը,  մոնիտորինգի արդյունքում  այն հավանության է արժանացել։

Լոզանի համալսարանի տեղի ներկայացուցիչը նաև նշեց, որ Գյումրին չունի հյուրանոցային մեծ  սերվիս, որպեսզի կարողանա ուսուցումը կազմակերպել, այդուհանդերձ ընտրվել է Գյումրին։

Կառավարության հետ բանակցությունների արդյունքում եկել են համաձայնության, որ շենքը մնալու է Հայաստանի Հանրապետությանը, սեփականության իրավունքով չի փոխանցվելու Լոզանի համալսարանին, այլ բոլոր ներդրումները կատարվում են և մնում է Հայաստանի Հանրապետությանը։

Շենքը տրամադրվելու է 50 տարի ժամկետով, Համաշխարհային բանկը ցանկություն է հայտնել ծրագրին մասնակցություն ունենալ, դրա համար որոշում է կայացվել շենքը տեղափոխել Գյումրու համայնքապետարանի հաշվեկշռին, հետո նոր անհատույց վարձակալությամբ տալ ընկերությանը։

Տարածքն անհատույց տրամադրվում է Լոզանի համալսարանին՝ պայմանով, որը պետք է իրականացնեն մոտավորապես 1 միլիարդ 500 միլիոն ներդրում առաջին փուլում, երկրորդ փուլում մինչև 2 միլիարդի ներդրում։

Բանախոսը մանրամասնեց, որ ըստ ծրագրի, պետք է ունենան դպրոց, հյուրանոցային համարներ, ռեստորանային փոքրիկ լսարաներ, որպեսզի սովորեցնեն ուսանողներին հյուրընկալության կարեւոր կետերը։ Ունենալու են 1000 ուսանող, որը նշանակում է ունենալ հյուրանոցային 1000 սենյակ։

Այն, ըստ Խաչիկ Հակոբյանի, կարող է մեծ թափ հաղորդել Գյումրիում զբոսաշրջության զարգացմանը։ 1000 ուսանողները, որոնք կսովորեն, կվարձակալեն սենյակները, կապրեն, իրենց գումարները կշրջանառեն Գյումրիում։

6-7 ամիս հետո կսկսվի ուսումնառությունը, Գյումրիում բացվող միջազգային հյուրանոցների հետ կհամագործակցեն, այդտեղ ևս ներդրումներ կանեն ու դասերը կկազմակերպեն,  մինչև որ երկու փուլով պատրաստ կլինի համալսարանի շենքը։  Շենքում հնարավոր է  փոփոխություններ անեն՝ չվնասելով ճարտարապետական տեսքը։

Ներկայացուցիչը նշեց, որ բիզնես չեն անելու, այս ամենն արվում է հայրենասիրությունից դրդված։

Ըստ նրա՝ Լոզանի համալսարանն ավարտելը մեծ պատիվ է, այն ավարտած ուսանողը կարող է աշխատել միջազգային ցանկացած հյուրանոցում։ Ուսումնառությունը կտևի 3 ամսից մինչև 4 տարի, Լոզանի համալսարանում սահմանված վարձավճարի չափը նույնը չի լինի Հայաստանի Հանրապետությունում, մեր երկրում վարձավճարները կփոխանցվեն ֆոնդերի միջոցով։

Նշենք, սակայն, որ Ջիվանու փողոց, 74 հասցեում գտնվող շենքը, որի վրա աչք ունեին շատ  փողատերեր, 2018 թվականին կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել էր  Շիրակի հարուստ պատմամշակութային ժառանգությունը պահպանող, բացառիկ ցուցանմուշներ ունեցող Շիրակի երկրագիտական թանգարանին։ Իհարկե,  թանգարանը կարող էր այդ շենք տեղափոխվել վերանորոգումից հետո։

Երկրագիտական թանգարանը մինչև օրս էլ անմիխթար վիճակում գտնվող շենքում է գործում, պայմաններից զուրկ է,  ցուցանմուշներից շատերն արկղերի մեջ են պահում, դրանք փչանում են։

2022 թվականին էլ Նազելի Բաղդասարյանի մարզպետության օրոք կառավարությունը որոշեց շենքի մի հատվածը տրամադրել կիսախարխուլ պայմաններում գործող  թիվ 1 պոլիկլինիկային։

Aravot.am-ը Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  ղեկավար Քնարիկ Հարությունյանին հարցրեց՝  անլուրջ մոտեցում չէ՞, արդյոք, այդ շենքը մե՛կ երկրագիտական թանգարանին տրամադրելը, մե՛կ պոլիկլինիկային, հիմա էլ՝ Լոզանի համալսարանին։

«Չեմ կիսում ձեր կարծիքը, թե անլուրջ է, որովհետև անընդհատ ներդրումների առաջարկներ կան, բնականաբար, պիտի ընտրել  լավագույն առաջարկը, թե տվյալ շենքը ինչ նպատակի համար ճիշտ կլինի ծառայեցնելը։Կարծում եմ՝ սա լավագույն տարբերակն է՝  հաշվի առնելով շենքի տեղանքը, պայմանները, նաև ծավալը։ Շատ ավելի ճիշտ կլինի, որ այս շենքում լինի համալսարանի մասնաճյուղը, իսկ երկրագիտական թանգարանը մենք էլ շահագրգիռ կլինենք քննարկել  պատասխանատուների հետ և հասկանալ հետագա ճակատագիրն ինչպիսին կլինի։

Բոլորովին չեմ նսեմացնում երկրագիտական թանգարանի դերը, քանի որ թանգարանի ցուցանմուշները բավականին կարևոր են, փոխանցվել են սերնդեսերունդ, կարծում եմ՝ երկրագիտական թանգարանի համար ևս շատ հարմար տեղ և տարածք կգտնվի»,-ասաց Քնարիկ Հարությունյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031