Մոտ երեք տարի անազատության մեջ մնալուց հետո այսօր, ամենայն հավանականությամբ, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի:
15 միլիոն դրամ գրավի դիմաց դատարանը որոշել է փոխել նախկին նախարարի խափանման միջոց կալանքը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Տոնոյանի պաշտպան Ալբերտ Բենգլյանը: Մեր հարցին, թե մոտ երեք տարի անազատության մեջ պահելով ինչ խնդիր լուծեց վարույթ իրականացնող մարմինը, պարոն Բենգլյանը չցանկացավ պատասխանել:
Մեր հաջորդ հարցին, թե ինչո՞ւ դատարանը միայն երեք տարի անց որոշեց խափանման միջոց կալանքը փոխել, ավելի վաղ հնարավոր չէ՞ր խափանման այլ միջոց կիրառել, պարոն Բենգլյանը պատասխանեց. «Ավելի շուտ էլ էինք միջնորդել, դատարանն այն ժամանակ չէր բավարարում: Հիմա դեռ դատարանի ամբողջական որոշումը չունենք մեր ձեռքի տակ, երբ կունենանք ու կծանոթանանք որոշմանը, նոր կկարողանանք դիրքորոշում հայտնել՝ ինչ փոխվեց»:
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել էին։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ