Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու համար․ նախաքննությունն ավարտվել է

Օգոստոս 15,2024 17:34

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի հանգամանքները։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ հիշյալ ՊՈԱԿ–ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, շահավետ պայմաններում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն նպաստելու նպատակով 2020 թվականի մարտի 23-ին ձևական հուշագիր է ստորագրել իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ՝ ՊՈԱԿ-ի տարածքից 265.2 քմ տարածք վարձակալությամբ տալու վերաբերյալ։

Արդյունքում, 2020 թվականի մարտի 23-ից մինչև 2021 թվականի մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում, ՊՈԱԿ-ի հիշյալ տարածքը ձեռնարկատիրական գործունեության՝ կահույքի արտադրության համար, փաստացի անհատույց հանձնվել է Ա/Ձ-ի տնօրինմանը, և վերոնշյալ անձը, առանց ՊՈԱԿ-ի բյուջե վարձավճար մուծելու, իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն։

Հիշյալ գործողությունների արդյունքում պետությունը զրկվել է ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքը ամսական 360.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնելու և ըստ նպատակային նշանակության օգտագործելու հնարավորությունից, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 4.320.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոցներ են ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031