Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփյուռքի հայկական մամուլն ապրում է իր փառավոր պատմության ամենաողբերգական օրերը». Լեւոն Շառոյեան

Օգոստոս 15,2024 17:26

Գրող, գրականագետ, ուսուցիչ, լրագրող Լեւոն Շառոյեանը՝ Հալեպից, SOS  էր հնչեցրել  Սփյուռքի համայնքների մարելու եւ հայկականության նահանջի մասին, որը հրապարակել էր նաեւ «Նոր Մարմարան»: Аravot.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Լեւոն Շառոյեանի հետ:

«Գաղտնիք չէ, որ սփյուռքում միշտ էլ ընկրկումներ են եղել 20-ականներից սկսյալ: Հիշենք, թե ինչպես էր ժամանակին մեր նշանավոր ֆրանսահայ գրողներից Շահան Շահնուրը գրում «Նահանջ առանց երգի» երկը, դեռ այն ժամանակ էր ահազանգ հնչեցնում: Շահնուրը պատկերացնում էր, ենթադրում էր կամ գուշակում էր, որ ապագայում շատ ծանր իրավիճակներ կարող են ստեղծվել Սփյուռքի մեջ: Հիմա դա պատահել է: 1920-ականներից մինչեւ 1990-ականները՝ Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ վերակերտումը, Սփյուռքը բավական աշխույժ էր, կառույցները Սփյուռքը բավականին զորեղ պահեցին՝ եկեղեցիները, դպրոցները, թերթերը, բայց 1990-ականներից՝ Հայաստանի անկախությունից հետո, կարծեք անհոգություն, թուլություն պատեց Սփյուռքի բոլոր կառույցներին: Մենք այս 30 տարիներին շարունակական անկումի, նահանջի երեւույթներ ենք նկատում թե՛ սփյուռքահայ դպրոցների, թե՛ հայախոսության, թե՛ եկեղեցու, եւ թե՛ մամուլի առումով առհասարակ»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Լեւոն Շառոյեանը:

Հետաքրքրվեցինք՝ իր տպավորությամբ ի՞նչ վիճակում է այսօր Սփյուռքի հայկական մամուլը, ի՞նչ խնդիրրների առաջ է կանգնած: Նրա խոսքով. «Սփյուռքի հայկական մամուլն ապրում է իր փառավոր պատմության ամենաղբերգական օրերը: Սա ասում եմ՝ առանց  երկմտանքի եւ առանց  վերապահության: Մեր բազմաթիվ օրաթերթերը մեկ առ մեկ սկսել են փակվել, Փարիզի «Յառաջ» օրաթերթը փակվեց, Փարիզում հրատարակվող «Աշխարհ» շաբաթաթերթը փակվեց, ԱՄՆ-ում մի շարք թերթեր փակվեցին, ինչպես օրինակ «Նոր կյանք» շաբաթաթերթը, նաեւ շատ օրաթերթեր վերածվեցին շաբաթաթերթերի, ինչպես օրինակ Բոստոնի «Հայրենիքը», «Պայքարը», Հարվային Ամերիկայի  մեր թերթերից երկուսը փակվեցին, իսկ երրորդը վերածվեց իսպանախոս պարբերականի, Լիբանանի՝ մեր հայկական ՝ «Զարթօնք»-ը եւ «Արարատ»-ը, դժվար իրավիճակի մեջ են, որովհետեւ չեն կարողանում տպագրվել, բավարարվում են միայն առցանց տարբերակներով:

Նույնն է վիճակը Պոլսի թերթերի պարագայում: Պոլսի «Ժամանակ» եւ «Մարմարա»  օրաթերթերը  վերջին երկու-երեք տարիներին ահազանգում էին փակվելու մասին, եւ հիմնական պատճառն ընթերցողի պակասն էր եւ նյութական դժվարությունները: Մեր բոլոր թերթերն էլ տառապում են լեզվական, արեւմտահայերենի ուղղագրական, քերականական եւ ոճային խնդիրների պատճառով, արեւմտահայերենն՝ իբրեւ լեզու, մեր թերթերում անկումային վիճակի է մատնված, մեր թերթերն այլեւս աշխատակիցներ չունեն եւ իրենց էջերը ստիպված լցնում են այլ թերթերից առնված արտատպումներով, մեր թերթերը հաճախ տառապում են նաեւ խմբագիրների պակասի պատճառով, այլեւս փայլուն խմբագիրներ չկան: Մենք այնքան հեղինակավոր խմբագիրներ ենք ունեցել՝ Շավարշ Միսակյան, Շավարշ Նարդունի, Ռոպէր Հատտէճեան, Պետրոս Հաճյան, Գուրգեն Մխիթարյան, Բաբկեն Փափազյան, Մուշեղ Իշխան, Անդրանիկ Ծառուկյան, Սիմոն Սիմոնյան եւ այլք… Բոլոր պատկառելի խմբագիրները, որոնք հրաշալի տիրապետում էին արեւմտահայերենին, այլեւս չկան, իսկ հաջորդները նրանց մակարդակի մեկ տասներորդը չեն կարող ներկայացնել»:

Լեւոն Շառոյեանին հարցրինք՝ ի՞նչ  է անհրաժեշտ ուծացման դեմն առնելու, հայկականության նահանջին վերջ դնելու համար, Հայաստանից ի՞նչ աջակցություն ակնկալել՝ գրականություն, դասագրքեր, բարոյական, կրթական, դիվանագիտական, թե մեկ այլ:  «Կարծում եմ, որ այս առումով Հայաստանն ուղղակի եւ անմիջական օժանդակություն չի կարող ցուցաբերել: Այստեղ ուղղագրության, լեզվական կանոների, քերականության տարբերություն կա, որի պատճառով Հայաստանը դժվար թե կարողանա օգտակար լինել այս գետնի վրա: Այս ամենի պատճառը մեր դպրոցների անկումն է, ամենօրյա վարժարանների նահանջն է… Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունից 20-ական թվականներից սկսյալ՝ մինչեւ դպրոցի փակումը, որքան պատկառելի սերունդ է դուրս եկել՝ շնորհիվ վարժարանում աշխատող որակավոր ուսուցիչների, նույնը կարող ենք ասել Բեյրութի վերաբերյալ:

Նշենք Համազգայինի Նշան Փալանջյան ճեմարանը, ՀԲԸՄ Թագուհի Հակոբյան եւ Հովակիմյան-Մանուկյան վարժարանները, Անթիլիասի կաթողիկոսության Դպրեվանքը, նաեւ Պոլսո մեր դպրոցները՝ Մխիթարյան վարժարանը, Ազգային Կեդրոնական վարժարանը: Նույնիսկ Եգիպտոսում Գալուստյան, Նուբարյան վարժարանները որակավոր աշակերտներ են պատրաստել, եւ այդ շրջանավարտները տոկուն ու բավարար հայերենով կարողացել են մտնել ազգային կյանքի մեջ եւ լրագրական դաշտ, արդարացրել են իրենց՝ որպես տոկուն հայերենի տիրապետող անձեր: Այսօր այս բոլոր վարժարաններն էլ նահանջի մեջ են, բոլորն էլ, հակառակ  իրենց թափած մեծ ճիգերին, չեն հաջողում հայերենի տիրապետող սերունդ պարգեւելու գործում»:

Մեր դիտարկմանը, որ ունենք հայահոծ համայնքներ, գուցե իրենց ներուժն օգտագործելով՝ սնուցենք մյուս համայնքները, փորձենք մեղմել հայկականության նահանջը, Լեւոն Շառոյեանն այսպես արձագանքեց. «Սփյուռքի հայահոծ գաղութների մեջ ներկայումս 2-3 ձեռնարկներ կան, հայագիտական ամբիոններ են հաստատված, որպեսզի հայերենով հետաքրքրվողները, արեւմտահայերենը սիրողները, ընթերցասերները, մամուլին մոտ կանգնած անձինք գան եւ զորացնեն իրենց  հայերենը, հետագայում էլ օժանդակություն բերեն մամուլի,  գրական ասպարեզների մեջ:  Այդպիսի գոնե երեք հաստատություն պետք է հիշեմ. առաջինը Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Մայրավանքի  հայագիտական դասընթացներն են, երկրորդը Հալեպում Համազգայինի հովանավորությունը վայելող հայագիտական հիմնարկն է, որն ավելի քան 25 տարի բարերար ազդեցություն ունի, ու փաստն այն է,  որ Հալեպի հայկական 8 վարժարանների բոլոր ուսուցիչները այս հաստատության շրջանավարտ են, եւ  այս հաստատությունը կարողացել է ուսուցչանոցի դեր խաղալ եւ գաղութն օժտել հայերենավանդ ուսուցիչներով: Երրորդ փոքր ծրագիրը  մի քանի տարի առաջ սկիզբ է առել Կանադայի Մոնրեալ քաղաքում, դարձյալ  Համազգայինի  տեղի մասնաճյուղի նախաձեռնությամբ: Այդտեղ էլ հայերենագիտական դասընթաց կա՝ շաբաթական մեկ օրով, ուր դարձյալ մշակութային եւ լեզվական գիտելիքներ են ստանում ուսանողները, որպեսզի Կանադայի մեր հայկական վարժարանների մեջ կարողանան հայերեն դասավանդել:

Ինչ վերաբերվում է ձեր հարցին, սրանից առաջ ես տարբեր հարցազրույցներում շեշտել եմ, այժմ էլ կկրկնեմ՝ Սփյուռքի հայահոծ հայկական գաղութներից ոմանք՝ Ֆրանսիա, Պոլիս եւ Հարավային Ամերիկա, պետք է օրինակ վերցնելով Լիբանանի եւ Հալեպի հայագիտական հիմնարկներից՝ իրենք եւս անմիջապես ձեռնամուխ լինեն նման հայագիտական հիմնարկներ հաստատելուն ՝ իրենց գաղութների մեջ, որպեսզի այդտեղի մեծաթիվ դպրոցները հայերենի ուսուցչի տագնապ չապրեն»:

Մեր զրույցի ավարտին, Շառոյեանը հետեւյալը նշեց. «Իմ վերջին սրտացավ հոդվածի մեջ ժխտական պատկեր էի գծել Սփյուռքի մասին, գրել էի, որ լինի հայախոսությունը. թե հայ մամուլը կամ վարժարանները, կամ եկեղեցին, բոլորն էլ նահանջի մեջ են: Դա հիմնավորել էի իրազեկ անձերի տված տեղեկություններով: Բայց մյուս կողմից կուզենամ շեշտել, որ Սփյուռքը, հակառակ իր  այս մտահոգիչ նահանջին, բոլոր ընկրկումներին՝ բավական զորավոր ենթահողեր ունի ոտքի տակ:

Եթե սփյուռքահայ մեր կազմակերպությունները, հատկապես երեք դասական կուսակցությունները, մշակութային մեծ միությունները, ինչպես օրինակ ՀԲԸՄ-ն, Թեքեյան մշակութային միությունը եւ այլ միություններ, որոնք զանազան գաղութներում իրենց մասնաճյուղներն  ունեն, եւ համագաղութային կազմակերպությունները, եթե լուրջ ձեւով օրակարգի դնեն Սփյուռքի նահանջի պարագան եւ հաստատ քայլերով ու հեռանկարային ծրագրերով շարժվեն, օրինակ առաջիկա 20 տարիների համար ծրագրեր կազմեն եւ դրա իրականացման համար համար նյութական եւ բարոյական հարկ եղած ներդրումները կատարեն, ապա վստահ եմ, որ թե՛ մեր մամուլը, թե՛ մեր դպրոցները եւ թե՛ մեր եկեղեցին, թե՛ մեր մշակութային ու գրական կյանքը կկարողանան բարեփոխումների ենթարկվել:

Դա էլ դրական կանդրադառնա  Սփյուռքի կյանքը ավելի  երկարաձգելուն եւ հույս կներշնչի այն  միլիոնավոր հայերին, որոնք ապրում են Սփյուքում եւ պետք ունեն ժայռերի՝ կառչելու եւ իրենց հայկականությունը պահպանելու համար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031