ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ «Ակադեմիական քաղաք» կառուցելու իշխանության խոստմանը։
«Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը ակադեմիական քաղաքի ինչ-որ ալբոմ է ցույց տվել։ Նախագիծը գերմանացիներն են արել։ Միլիոններով փող են վերցրել ու տպագրել են մի գունավոր ալբոմում։ Թերթում է այդ ալբոմը ու հիանում վիրտուալ տեսքով։
Հիմա կոնկրետ Հայաստանի բուհերը փակում են։ Ագրարային համալսարանը փակում են։ Ես այնպիսի բաներ չեմ խոսում, որ ինձ չհավատալու տեղիք տամ։ Մտեք կառավարության կայք եւ նայեք։ Կրթության նախարարը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտորի հետ գնացել է այն վայրը, որտեղ իբրեւ պիտի լինի Ակադեմիական քաղաք կոչվածը, ու ցույց տվել, թե ոնց Ֆրանսիական համալսարանը ներդրում անի այդ ակադեմիական քաղաքում, մասնաշենք կառուցի։
Նախարարությունում առանձին խորհրդակցություն է եղել Հայաստանում օտարերկրյա բուհերի ռեկտորների եւ նրանց հոգաբարձուների հետ, այդ թվում՝ Ֆրանսիական համալսարանի, Ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի, Եվրասիական համալսարանի, որ իրենք իրենց ինվեստիցիաներն անեն այնտեղ։
Կարդացեք նաև
Ու մեկ էլ պարզվում է, որ փակվող Ագրարային համալսարանի մասնաշենքը տալիս են Ֆրանսիական համալսարանին։
Հիմա հարց․ եթե դուք Ֆրանսիական համալսարանի ռեկտորին ու Ֆրանսիայի դեսպանին տարել ու Ակադեմիական քաղաքում տարածք էիք ցույց տալիս, որ իրենք այնտեղ շենք սարքեն, այսօր՝ 2024 թվականին, Երեւանի կենտրոնում, Աբովյան փողոցում գտնվող Ագրարային համալսարանի մասնաշենքը ինչի՞ եք տալիս Ֆրանսիական համալսարանին։ Չէ՞ որ Ֆրանսիական համալսարանը, ինչպես մնացած համալսարանները, առաջիկայում պետք է գտնվի ակադեմիական քաղաքում։
Ագրարային համալսարանը սովորական բուհ չի։ Դա մասնագիտացված բուհ է, որը պետք է ունենա իր հետազոտական լաբորատորիաները։ Երկրի ամբողջ պարենային անվտանգության հետ կապված խնդիր է։
Որ հիմա ասում են՝ ռուսները թույլ չեն տալիս, որպեսզի մեր ապրանքները արտահանվեն Ռուսաստան։ Ռուսները հիմա թույլ չեն տալիս։ Բա, հարցրեք, տեսեք, թե եվրոպացիները ո՞ր թվից թույլ չեն տալիս։ Ռուսները հիմա 12 ընկերությունների համար են փակել արտահանումը, այն էլ՝ նախապես տեղեկացնելով։ Իսկ Եվրոպա ընդհանրապես Հաայաստանից գյուղատնտեսական թարմ մթերք չի արտահանվում։ Մասնագետի հետ եմ խոսել։ Պարզվում է, որ 2015 թվականից Հայաստանից միս չի արտահանվում Եվրոպա։ Տավարի մսի արտահանումը արգելված է։ Եվ այն պատճառով, որ տավարաբուծությամբ զբաղվող ֆերմերները ոչ ժամանակին են կենդանիներին պատվաստում հիվանդությունների դեմ, ոչ այդ կենդանիներին հաշվառում, ոչ ոլորտին պատշաճ մոտեցում եւ ոչ էլ ինստիտուցիոնալ վերահսկողության համակարգ գոյություն ունի այս երկրում։ Որովհետեւ սննդամթերքի անվտանգության տեսչության պետի տեղակալը «շիշ բռնողի» փեսան է, որը պետք է պատասխանատու լինի, թե այս երկրում արտադրվող գյուղմթերքը որակո՞վ է, թե՞ չէ։ Իսկ Ագրարային համալսարանը այն բուհն է, որը պատրաստում է այդ մասնագետները»,-ասաց Էդգար Ղազարյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ