Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Դոլմազյանը դեռևս դեռ չի կատարել Արմեն Աշոտյանի գաղտնի քննչական գործողությունների հարցումը․ Ռուբեն Մելիքյան

Օգոստոս 15,2024 15:14

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստն այսօր չկայացավ․ վկան դատարան չէր եկել։ Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց․ «Արդեն երկրորդ անգամ վկան, ինչ-որ հանգմանքներ նշելով, չի ներկայանում։ Այս անգամ արտասահմանում է  գտնվում։ Հրապարակվեց, որ վերադառնալու հետ կապված անձնագրային խնդիր կա։ Կանխավարկածն այն է, որ պետք է հավատանք»։

Դատավոր Վահե Դոլմազյանն այսօր  արգելել էր տեսանկարահանել նիստը՝ պատճառաբանելով, որ «լրատվամիջոցների ներկայացուցիչները աղմկում են սարքավորումները տեղադրելով»։ Ռուբեն Մելիքյանը տեղեկացրեց, որ կարևոր քննարկում է եղել. «Պարզվեց, որ Արմեն Աշոտյանի մասով գաղտնի քննչական գործողությունների հետ կապած հարցումը, որը դեռևս երկու ամիս առաջ բավարարվել էր, դեռ չի կատարվել։ Աշոտյանի հարցերին ի պատասխան՝ դատարանը հայտարարեց, որ հարցումը չի կատարվել։ Որևէ պատճառ  չնշվեց, որից հետևություն ենք անում, որ որևէ հարգելի կամ հիմնավոր պատճառ այստեղ չկա։ Դա բացարձակապես անընդունելի է, քանի որ այդ փաստաթուղթը մեզ համար կարևորագույն նշանակություն ունի։ Արմեն Աշոտյանին բոլոր հնարավոր ձևերով գաղտնալսել են, ավելին՝ հետ են գնացել հեռախոսազանգերը ստուգելու ճանապարհով մինչև 8 տարի առաջ։ Մեզ անհրաժեշտ է հասկանալ՝ ի՞նչ են այդ ընթացքում հայտնաբերել։ Մեր պնդումն ու համոզմունքն այն է, որ առկա են ձայնագրություններ, տեսագրություններ, որոնք մեղադրանքում ձևակերպված պնդումների հակառակն են ապացուցում։ Դրանում վստահ ենք, մեզ դրանց չտրամադրելը ավելի է հաստատում մեր համոզմունքը»։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը մեկ տարի երկու ամիս կալանքի տակ է։ Այս փուլում դատավարությունն ընթանում է փակ ռեժիմով, քանի որ դատարանը հիմնական վկային է հարցաքննում, իսկ վերջինս այդպես է ցանկացել։ Հիշեցնենք նաեւ, որ  Արմեն Աշոտյանը եւ գործով մյուս մեղադրյալները մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պետական միջոցների վատնման մեջ։ Նրանցից, ընդհանուր առմամբ, 905 միլիոն դրամի բռնագանձման պահանջ ունի դատախազությունը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031