Կառավարությունում ընդունվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման հետ կապված միջոցառումների հերթական փաթեթը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, վարչապետը նշել է. «Մեր այսօրվա բոլոր երեք զեկուցվող հարցերը վերաբերելու են 2024թ. մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման հետ կապված միջոցառումների մեր հերթական փաթեթին, և դա, կարծում եմ, նաև լավ առիթ է, որ մենք ամփոփենք նաև, թե այս ընթացքում ինչ ենք հասցրել անել, ինչն է հաջողվել, ինչը չի հաջողվել, ինչ հետևություններ ենք արել և ինչ անելիքներ կան առաջիկայում»:
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած աղետի գոտիների տարածքներում գործունեություն իրականացնող և աղետից տուժած տնտեսավարողներին աջակցության տրամադրման ծրագիրը: Միջոցառման իրականացման անհրաժեշտությունն առաջացել է 2024 թվականի Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած տնտեսավարողների առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը պահպանման նպատակով։
Կարդացեք նաև
Լոռու և Տավուշի մարզերի տուժած տնտեսավարողների շրջանակը և պատճառված վնասները գույքագրվել է «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի» կողմից։ Հեղեղումների հետևանքով վնասներ կրած տնտեսավարողների ցանկերը ներկայացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, տնտեսավարողների տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից, իսկ վնասի չափի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեն, ըստ որի առանձնացվել են 3 չափի վնաս կրած տնտեսավարողները։ Որոշմամբ առաջարկվում է հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին միանվագ դրամական օգնության ձևով սոցիալական աջակցություն տրամադրել նաև բնակության համար չնախատեսված շինությունների վնասման համար՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրերի դեպքում՝ ա․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած 5 և ավելի քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 200 000 դրամի չափով, բ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած մինչև 5 քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 50 000 դրամի չափով: 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ ա․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած 5 և ավելի քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 150 000 դրամի չափով, բ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած մինչև 5 քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 50 000 դրամի չափով։ Ընդ որում, որոշման շրջանակում բնակության համար չնախատեսված շինություն է համարվում տնային տնտեսությունների կենսաապահովման և կենսագործունեության համար նախատեսված շինությունը՝ ավտոտնակները, այգետնակները, խորդանոցները, անասնագոմերը, մառանները, ջերմոցները, տաղավարները, խոզաբունները, հավաբունները, վագոն-տնակները և այլն։ Որոշմամբ առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն միանվագ դրամական աջակցության միջոցով թեթևացնել տուժած տնտեսավարողների ֆինանսական բեռը և նպաստել բնականոն գործունեության, մարզերում համաչափ տնտեսական ակտիվության վերականգնմանը։
Թեմայի շրջանակում վարչապետն անդրադարձել է ստվերային շրջանառության և հարկերը չվճարելու խնդրին և նշել. «Ես չգիտեմ՝ այս աջակցությունից ստացող քանի տնտեսվարող, մասնավորապես՝ հարկերի մասով իրեն տրվող աջակցությունը կհամարի արդարացի, որ մասը չի համարի արդարացի, բայց կարծում եմ, որ միանշանակ արդարացի է, որ մենք դա կապում ենք վճարված հարկերի հետ, որովհետև հարկերը պետական բյուջե հավաքագրվում են նաև նրա համար, որ, իհարկե, նման ճգնաժամային իրավիճակների դեպքում Կառավարությունն աջակցություն ցուցաբերելու հնարավորություն ունենա: Սա այն դեպքն է, երբ շատ կոնկրետ է, երբ մենք մարդկանց ասում ենք, որ գիտեք՝ այդ վճարած հարկերը մի ընկալեք որպես ձեր աշխատած գումարն ուրիշին տալու պրոցես, այլ ընկալեք որպես ձեր մի գրպանից հանել և մյուս գրպանը դնել: Հիմա, այն տնտեսվարողները, ովքեր այս աջակցությունն ստանալու են, ստանալու են այնքանով, ինչքանով իրենք մի գրպանից հանել են և դրել են մյուս գրպանը, կոպիտ ասած, սև օրվա համար: Եվ կարծում եմ՝ սա շատ արդարացի և կարևոր մոտեցում է: Իհարկե, ծրագրերը երբեք այն կանխավարկածով չեն եղել, որ մեր ընդունած որոշումներն ու ծրագրերն իդեալական են, կատարյալ են: Իհարկե կլինեն արձագանքներ, մենք այդ արձագանքները կդիտարկենք, և ծրագրի պրակտիկ ընթացքը լավարկելու մասին կմտածենք:
Ես մտածում էի նաև, թե մենք ինչքանով ենք արագ գործել. ըստ էության, համարյա երեք ամիս անց ենք մենք այս որոշումը կայացնում, չեմ կարող ասել, թե մենք ամենահնարավոր մեծ արագությամբ ենք աշխատում, բայց մյուս կողմից էլ օբյեկտիվ խոչընդոտներ կան, այդ թվում՝ այդ ամեն ինչը հաշվառելու և տեղում հականալու, որովհետև մենք շատ դեպքում այստեղ այս դահլիճում բանաձև ենք ընդունում, ասում ենք՝ այս ինչ լավ բան արեցինք, հետո գնում ենք տեղում տեսնում այդ բանաձևը չի աշխատում: Այս դեպքում, մենք գնացել ենք, փորձել ենք տեղում իրադրությանը ծանոթանալով՝ դուրս բերել բանաձևը և հետո բերել Կառավարության նիստ: Հիմա մեր խնդիրն է, որ հնարավորինս արագ այս աջակցությունը տեղ հասցնենք»:
Ինչ վերաբերում է այն իրավիճակին, երբ վճարված հարկերը կարող են ամբողջությամբ չարտացոլել տնտեսվարողի ապրանքային պաշարները, որոնց մասին տեղեկատվությունը հնարավոր էր ներկայացնել հարկային հաշվետվության մեջ, Կառավարության ղեկավարն ընդգծել է. «Ես չեմ կարծում, որ մենք կարող ենք հնարավոր համարել փոխհատուցել մի ապրանքային մնացորդի համար, որը փաստաթղթային ձևով չի երևում: Դա բացառված է»:
Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին փոխհատուցում կտրամադրվի
Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը: Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգի ընդունումը պայմանավորված է 2024 թվականի մայիսի 25-26-ին ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի դիմաց փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ։
Սույն կարգով վնասի փոխհատուցման շահառու է հանդիսանում՝ 1. համայնքների տնտեսությունների գրքերում (բացառությամբ ծիածանափայլ իշխանի մայրական կազմի, որի դեպքում պետք է լինի համայնքում հաշվառված, ջրօգտագործման և ջրահեռացման թույլտվություն ունեցող, արդյունագործական ձկնաբուծական գործունեություն իրականացնող տնտեսություն) հաշվառված (խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում՝ նաև «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տվյալների հետ համադրված) և 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման (գույքագրման) համայնքային հանձնաժողովների (այսուհետ՝ համայնքային հանձնաժողովներ) կողմից կազմված, արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման մարզային հանձնաժողովներում (այսուհետ՝ մարզային հանձնաժողովներ) քննարկված, արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ՝ հանրապետական հանձնաժողով) կողմից հաստատված տվյալներով անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։ Փոխհատուցումը տրամադրվում է Աղյուսակում նշված միավորի հաշվով փոխհատուցման ենթակա գումարի 100 տոկոսի չափով։ 2. համայնքների տնտեսությունների գրքերում չհաշվառված (բացառությամբ խոշոր եղջերավոր կենդանիների և ծիածանափայլ իշխանի մայրական կազմի), սակայն համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված տվյալներով անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։ Փոխհատուցումը տրամադրվում է Աղյուսակում նշված միավորի հաշվով փոխհատուցման ենթակա գումարի 50 տոկոսի չափով։ 3. տնամերձ հողամասի նկատմամբ անշարժ գույքի սեփականության իրավունք ունեցող կամ սեփականատիրոջ կողմից չօգտագործման դեպքում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայությամբ հողամասը օգտագործող (համայնքի ղեկավարի կողմից հավաստված) և համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված տվյալներով այդ հողամասում ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։ Փոխհատուցումը տրամադրվում է մեկ հողամասի (անկախ տնամերձ հողամասի մակերեսից) հաշվով՝ 150 000 դրամի չափով։ 4. գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ անշարժ գույքի սեփականության իրավունք ունեցող կամ սեփականատիրոջ կողմից չօգտագործման դեպքում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի առկայությամբ հողամասը օգտագործող (համայնքի ղեկավարի կողմից հավաստված) և համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված տվյալներով այդ հողամասում ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։ Փոխհատուցումը տրամադրվում է Աղյուսակում նշված միավորի հաշվով փոխհատուցման ենթակա գումարի 100 տոկոսի չափով։ 5. գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի բացակայության պայմաններում հողամասը օգտագործող (համայնքի ղեկավարի կողմից հավաստված) և համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված տվյալներով օգտագործվող հողամասում ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառեր, հատապտղի թփեր ու ցանքատարածություններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը։ Փոխհատուցումը տրամադրվում է Աղյուսակում նշված միավորի հաշվով փոխհատուցման ենթակա գումարի 30 տոկոսի չափով։
Տարերային աղետի հետևանքով անկած, կորսված գյուղատնտեսական կենդանիների, թռչունների և մեղվաընտանիքների արժեքի և փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման համար կիրառվել են հետևյալ սկզբունքները․
- Խոզերի արժեքը հաշվարկելու համար յուրաքանչյուր սեռահասակային խմբի համար հաշվարկվել է միջին կենդանի զանգվածը և հաշվի առնելով սպանդային ելքը (խոզերի համար 60%), որոշվել է մսեղիքի զանգվածը։ Ապա մսեղիքի զանգվածը բազմապատկվում է 1 կգ խոզի մսի իրացման գնով և որոշվում 1 գլուխ կենդանու միջին արժեքը։
- Խոշոր եղջերավոր կենդանիների արժեքը հաշվարկելու համար յուրաքանչյուր սեռահասակային խմբի համար հաշվարկվում է միջին կենդանի զանգվածը և հաշվի առնելով սպանդային ելքը (տավարի համար՝ 50%), որոշվում է մսեղիքի զանգվածը։ Ապա մսեղիքի զանգվածը բազմապատկվում է 1 կգ տավարի մսի իրացման գնով և որոշվում 1 գլուխ կենդանու միջին արժեքը։
- Մանր եղջերավոր կենդանիների արժեքի հաշվարկման համար հիմք է հանդիսացել 1 գլխի հաշվով ստացվող մսեղիքի իրացման արժեքը։
- Մեղվափեթակի, ճագարների, թռչունների արժեքը հաշվարկելու համար հիմք է ընդունվել 1 միավորի միջին շուկայական արժեքը։
Հաշվի առնելով, որ ոչնչացված կամ կորսված պտղատու ծառերի կորուստը արձանագրվում է ըստ ծառի քանակի, նախագծով փոխհատուցումը դիտարկվել է ըստ տնկանյութի արժեքի, ծառի տնկման և հողախառնուրդի արժեքի և խնամքի ծախսերի (տնկանյութի արժեքը` շուրջ 800 դրամ, տնկում և հողախառնուրդ՝ շուրջ 200 դրամ, 1 տարվա խնամքի ծախսեր՝ շուրջ 1500 դրամ, 5 տարվա համար՝ 7500 դրամ), որը կկազմի շուրջ 8500 դրամ 1 ծառի հաշվով, իսկ վնասվածի դեպքում՝ շուրջ 1500 դրամ 1 ծառի հաշվով: Ինչ վերաբերում է միամյա բույսերին, ապա փոխհատուցումը դիտարկվել է ըստ մշակաբույսերի տեսակների 1 հա-ի վրա կատարվող աշխատանքների համար նախատեսված ծախսերի հաշվով։ Այսպես, համաձայն օպերատիվ տեղեկատվության, բանջարային մշակաբույսերի համար 1 հեկտարի հաշվով կատարվող ծախսերը կազմում են շուրջ 1,7 մլն դրամ, կարտոֆիլինը՝ 1,5 մլն դրամ, եգիպտացորենը՝ 500 000 դրամ և այլն։ Հաշվի առնելով, որ վնասված տարածքները հիմնականում փոքր հողատարածքներ են, ապա փոխհատուցվող գումարի հաշվարկը կատարվել է հիմնականում քմ-ի հաշվով։ Տնամերձ հողամասերի համար հաշվարկը կատարվել է ընդամենը 700 քմ մակերեսով տնամերձ այգու հիմնման, առաջին տարվա խնամքի և 1 տարվա ակնկալվող բերքից ստացված 50% եկամուտի հաշվով։
Անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, որ փոխհատուցումը պետք է իրականացվի ծխամատյաններում հաշվառված անասնագլխաքանակին համապատասխան, իսկ եթե հաշվառված չեն, ապա փոխհատուցումը կիրականացվի կիսով չափ: Այս առումով նույնպես վարչապետը նշել է, որ սահմանված կարգերը պահելը շատ կարևոր է, այդ թվում՝ այսպիսի օրերի համար:
Կարգավորվում են աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները
Կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության Կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1043-Ն որոշմամբ հաստատված հավելվածում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառվել են վնասներ, ուստի որոշմամբ առաջարկվում է սահմանել տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման կարգը: Մասնավորապես, առաջարկվում է տրանսպորտային միջոցի կորստի դեպքում փոխհատուցման ենթակա գումարի չափը, իսկ տրանսպորտային միջոցի վնասվածության դեպքում՝ վնասվածության աստիճանը և դրա հիման վրա փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշել ԱՊՊԱ ոլորտում շարժական գույքին պատճառված վնասները գնահատող համապատասխան որակավորված փորձագիտական կազմակերպությունների կողմից կատարված փորձաքննության արդյունքում տրված եզրակացությամբ, որն արժանահավատ փոխհատուցման չափ կերաշխավորի տրանսպորտային միջոցի ձեռքբերման կամ դրա վերանորոգման համար: Ընդ որում, նախատեսվում է, որ փոխհատուցման հիմքում դրվում են այն կազմակերպությունների եզրակացությունները, որոնք փորձաքննություն իրականացնում և եզրակացություն տալիս են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից փորձագիտական ծառայությունների ձեռքբերման շրջանակներում: Միաժամանակ, որոշմամբ կանոնակարգվում են փոխհատուցման հետ կապված կազմակերպչական հարցեր։ Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները՝ սահմանելով փոխհատուցման կարգը:
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ այս պահի դրությամբ համայնքային հանձնաժողովներն արձանագրել են 193 տրանսպորտային միջոցներ, որոնք աղետի հետևանքով վնասվել են կամ կորսվել են:
Անդրադարձ է կատարվել նաև չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված ևս մեկ որոշման, որը վերաբերում է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման միջոցառումներին: Ըստ ընդունված որոշման, Որոշմամբ կարգավորվում են 2024 թվականի մայիսի 25-26-ին ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին միանվագ դրամական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները: Որոշմամբ առաջարկվում է հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին միանվագ դրամական օգնության ձևով սոցիալական աջակցություն տրամադրել նաև բնակության համար չնախատեսված շինությունների վնասման համար՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրերի դեպքում՝ ա․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած 5 և ավելի քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 200 000 դրամի չափով, բ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած մինչև 5 քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 50 000 դրամի չափով: 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ ա․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած 5 և ավելի քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 150 000 դրամի չափով, բ․ բնակության համար չնախատեսված փաստացի օգտագործած մինչև 5 քառակուսի մետր մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 50 000 դրամի չափով։ Ընդ որում, որոշման շրջանակում բնակության համար չնախատեսված շինություն է համարվում տնային տնտեսությունների կենսաապահովման և կենսագործունեության համար նախատեսված շինությունը՝ ավտոտնակները, այգետնակները, խորդանոցները, անասնագոմերը, մառանները, ջերմոցները, տաղավարները, խոզաբունները, հավաբունները, վագոն-տնակները և այլն։
Անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման հետ կապված նախորդ որոշումների ընթացքին
Նիկոլ Փաշինյանը նախ հետաքրքրվել է, թե ինչ ընթացքում է տուժած բնակարանների նորոգման ծրագիրը, որի կապակցությամբ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է. «Ըստ ընթացակարգի, համայնքային հանձնաժողովները պետք է տեղեկատվություն ներկայացնեին մարզպետներին, մարզպետները՝ արդեն նախարարության հանրապետական հանձնաժողով։ Տվյալները նախարարության մակարդակով ամփոփվել են, 269 գույքի հետ գործ ունեինք, բայց սրա հիման վրա, կհիշեք, որ մենք սեփականատերերին ենք հատուցում տալիս և հետևապես՝ մեր քաղաքացիները դիմումներով պետք է նաև որոշակի ապացույցներ ներկայացնեն, որ իրենք են հենց շահառուները։ Ըստ այդմ, մարզպետի աշխատակազմն էլ այս տեղեկատվությունը համակարգում են ՔԿԱԳ գործակալության ինֆորմացիայի հետ, բնակչության պետական ռեգիստրի, կադաստրի կոմիտեի տեղեկատվության հետ և դրա հիման վրա մարզպետը համապատասխան որոշում է կայացնում։ Հուսով եմ, որ ամփոփ տվյալների արդյունքում առաջիկա օրերին վերջնական որոշումները կկայացվեն»: Վարչապետը հանձնարարել է անդրադառնալ հարցին՝ հասկանալու համար, թե ինչ կարելի է անել գործընթացն արագացնելու համար:
Հաջորդիվ՝ Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե վթարային շենքերի հետ կապված աշխատանքներն ի՞նչ փուլում են: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է. «Մեկ շենք է՝ 16 բնակարան, որոշակի քննարկումներ, հարցեր և դժգոհություն կա՝ կապված հատուցման գումարի և շուկայում առկա բնակարանային արժեքների միջև։ Այստեղ էլ քննարկում ունենք, որ այս դեպքում առանձին աջակցության մեթոդ նախատեսենք, ինչպես եղել է մյուսների պարագայում՝ վերանորոգման և գույքի համար վճարում։ Գուցե այս դեպքերում, այդպիսի առանձին աջակցություն ցուցաբերենք, որպեսզի կարողանանք տվյալ բնակարանների գնման վկայագրերով բնակարան ձեռք բերեն և վերանորոգեն»: Այս առումով վարչապետը նշել է, որ պետք է բացառել այնպիսի մեխանիզմը, որ մարդիկ բնակարանների գնման վկայագրերը վերցնեն և շարունակեն բնակվել այդ վթարային տներում: «Պետք է բացառել: Այսինքն՝ հարցը լուծվում է, այդ շենքը պետք է քանդվի, որպեսզի հետագայում խնդրի առաջ չկանգնենք»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետին հարցին, թե ինչ աշխատանքներ են իրականացվել ենթակառուցվածքների մասով, ՏԿԵ նախարարը ներկայացրել է. «Միակ թաղամասը կամ հատվածը, որտեղ մեքենաներով հասանելիություն չկա, դա Ալավերդի-Սանահին կայարան թաղամասն է։ Քարկոբի պարագայում կամուրջը վերանորոգված չէ, բայց Ախթալայի կամուրջը կա, ուղղակի ճանապարհը մի քիչ երկար է։ Այսինքն՝ միակ տարածքը, որտեղ մեքենայի հասանելիություն չկա, Սանահին թաղամասն է, որտեղ հենց այս պահին կամուրջ է հավաքվում, որը մեքենաների համար է և հետիոտների։ Բավական լավ կառույց է լինելու, նախնական տրամադրվածությունը ժամանակավոր է, բայց կտեղադրենք կտեսնենք, եթե հարմարավետ լինի իր լուծումներով, չի բացառվում, որ ինքը կարող է նաև որպես հիմնական կամուրջ ծառայել։ Հիմա ակտիվ աշխատանք է գնում, օգոստոսի վերջ նախատեսվում է, որ պատրաստ կլինի»:
Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել նաև տվյալ պահին ենթակառուցվածքային ամբողջ համակարգի վերաբերյալ: Ըստ նրա զեկույցի՝ երկաթուղին ամբողջովին վերականգնված է, Մ-4 և Մ-6 ճանապարհների բոլոր փլուզված հատվածները ժամանակավոր վերականգնված են, տեղեր կան, որ ասֆալտապատ շերտը տեղադրված է, ամբողջ թողունակությամբ գործում են, կարող են երթևեկել և՛ մարդատար, և՛ բեռնատար ավտոմեքենաները: Միակ հատվածը, որ դեռ միակողմանի է և որտեղ հավելյալ աշխատանք պետք է իրականացվի, Այրումի հատվածն է, որտեղ Վեոլայի խողովակը վնասված է: Ինչ վերաբերում է կամուրջներին, ՏԿԵ նախարարը զեկուցել է, որ Սանահինի կամուրջի աշխատանքները մինչ ամսվա վերջը կավարտվեն, Ախթալայի կամուրջը գործում է, սակայն կա թողունակության սահմանափակում՝ նախատեսված է մինչև 25 տոննայի համար: Շուտով կտեղադրվի նոր մետաղական կամուրջ, որը կունենա 35 տոննա թողունակություն: Մնացած կամուրջների հետ կապված՝ նշվել է, որ միջազգային և տեղական գործընկերների հետ համագործակցությամբ կա մոտավոր պատկեր, թե որտեղ ինչ պետք է տեղադրվի: Այս առումով՝ Կառավարության ղեկավարը հանձնարարել է ուշադրություն դարձնել նաև այդ կամուրջների գեղագիտության հարցին:
Վարչապետն անդրադարձել է նաև գետերի հուների մաքրման ընթացակարգերի պարզեցման, գետերի սև կետերի տեղորոշման և հենապատերի կառուցման հետ կապված հարցերին, ընդգծել այդ հարցերի լուծման հրատապությունը՝ կապված աշնանային անձրևների հետևանքով հնարավոր հեղեղումների հետ:
Անհայտ կորածի, ինչպես նաև գերեվարվածի ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն
Կառավարությունը ընդունել է որոշում, որը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակներում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2024 թվականի հունիսի 15-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով ընդունվել է որոշումը, որով անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս (2024 թվականի հուլիս և օգոստոս ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2024 թվականի օգոստոսի 20-ը:
Կապահովվի սնդիկի հավելիչով արտադրանքների ներմուծման կրճատումը
Գործադիրի որոշմամբ, սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով:
Որոշմամբ նախատեսվում է ներմուծման կամ արտահանման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի համար սահմանել բացառություններ, եթե դրանք անհրաժեշտ են՝ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում՝ բժշկական), սարքերի չափաբերման և որպես չափանմուշ (էտալոն) օգտագործման նպատակով։ Նշված բացառությունները նախատեսված են Կոնվենցիայի «Ա» հավելվածի «ա» և «բ» կետերով։ Կոնվենցիայի Ա հավելվածի I մասում թվարկված այն արտադրանքը, որոնք ԵԱՏՄ և ՀՀ տեխնիկական կանոնակարգման օրենսդրության համաձայն հանդիսանում են տեխնիկական կանոնակարգման օբյեկտ, ներառված չեն սույն Նախագծում, ուստի ներմուծման և արտահանման դեպքում դրանց նկատմամբ չեն կիրառվի Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված՝ այդ արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ և համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգեր։ Առաջարկվում է որոշման նախագծի 1-ին կետով սահմանված արգելքի կիրառման համար բացառություն սահմանել նաև «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար։ Որոշման ընդունմամբ, կապահովվի սնդիկի հավելիչով արտադրանքների ներմուծման կրճատմանը, դրանց շրջանառությունից փուլային դուրսբերմանը, սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման կանխարգելմանը։
Հաստատվել է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ձևակերպված պատվերների մասով տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը
Կառավարությունը հաստատել է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ձևակերպված պատվերների մասով տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը: Որոշմամբ սահմանվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից տրանսպորտի բնագավառի պետական լիազոր մարմնին և հարկային մարմնին իրենց կողմից ձևակերպված պատվերների, փոխադրողի վարորդական իրավունքի վկայականի և տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի վերաբերյալ տեղեկատվությանը հասանելի դարձնելու հետ կապված կարգավորումները:
Կապահովվի ՀՀ քաղաքացիներին նույնականացման քարտերի շարունակական տրամադրման գործընթացը
Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ՀՀ ՆԳՆ «1234. Ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիթորինգ և վերահսկողություն» ծրագրի «11006․ Անձի անհատական տվյալների, քաղաքացիության և հաշվառման վերաբերյալ տեղեկությունների ստացման, տրամադրման և փոխանակման ծառայությունների մատուցում, ճամփորդական փաստաթղթերում կենսաչափական տեխնոլոգիաների ներդրում, միգրացիոն քաղաքականության մշակում և իրականացում» միջոցառման՝ «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածով ձեռք բերել թվով 150 000 հատ «անձնագրեր» (722 միավոր գնով)։ Գումարն ուղղել է 2024թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացմանը՝ 108 300.0 հազ դրամով։
2023թ. հաշվետու տարվա համար ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հաշվարկ-հայտարարագրերը ներկայացնում են ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որի համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ։ Դրանով պայմանավորված՝ 2024թ հունվարի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն արդեն իսկ տրամադրել է 71 548 նույնականացման քարտ, որը գերազանցում է 2023 թ տրամադրված նույնականացման քարտերի թվաքանակը 7 105 հատով (2023թ. ընթացքում տրամադրվել է 64 442 հատ)։ 2024թ. 1-ին կիսամյակում նույնականացման քարտերից փաստացի մուտքերը կանխատեսվել են 107 100.0 հազ դրամ, իսկ փաստացի մուտքագրվել է 229 089.4 հազ դրամ։ Նշված գնման առարկայի ձեռքբերման համար նախատեսված բյուջետային հատկացումները բավարար չեն պահանջարկը բավարարելու համար (109 200.0 հազ դրամ) և նույնականացման քարտերի տրամադրման աշխատանքների անխափան գործընթացի բնականոն շարունակությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել ևս 150 000 հատ նույնականացման քարտ։ Գնումը առաջարկվում է իրականացնել «ՀՄԱ» գնման ձևով՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, այն է՝ արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել։ Որոշման ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել ՀՀ քաղաքացիներին նույնականացման քարտերի (ID քարտերի) շարունակական տրամադրման գործընթացը։
Կտրամադրվի ներդրումային վարկ «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար
Գործադիրը հավանություն է տվել 2024 թվականի հուլիսի 26-ին ստորագրված «Հա-յաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Համաձայնագրի համաձայն Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ԱՄՆ դոլարի չափով ներդրումային վարկ «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։ Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումն ու վթարայնության նվազեցումը։ Ծրագրի մանրամասն նախագծով նախատեսվում է իրականացնել Քաջարանի թունելի (երկարությունը՝ շուրջ 7.0 կմ) կառուցման և գոյություն ունեցող Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ (Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները:
Կապահովվի պաշտպանության և առողջապահության ոլորտների համար բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրումը
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում 2024/2025 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը: Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգել ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը: Կլինիկական օրդինատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովել շարունակական կրթությունը, ինչպես նաև առողջապահության համակարգում առանցքային մասնագիտություններով բժիշկ-մասնագետների փոխարինելիությունն ու բժշկական օգնության և սպասարկման մատուցման կայունությունը: Ինտերնատուրայում տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը: Որոշման ընդունումը պաշտպանության և առողջապահության ոլորտների համար կապահովի բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրումն՝ ըստ համապատասխան մասնագիտությունների:
Արագածոտնի մարզում կստեղծվի ազատ տնտեսական գոտի
Կառավարության նիստում կայացվել է որոշում որով կստեղծվի ազատ տնտեսական գոտի` Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում` ներդրումների ներգրավման, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով: Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ ակնկալվում է խթանել զբոսաշրջության զարգացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, նպաստել ներդրումների ներգրավումը։
Ծրագրի նպատակն է կառուցել տարածաշրջանի մակարդակով բարձր ստանդարտներին համապատասխան լեռնադահուկային հանգստավայր, ինչը կնպաստի երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը և երկրի/մարզի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը։ Ծրագրի շրջանակներում միայն կազմակերպչի ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի մինչև 30 մլրդ դրամ սահուղիների և արհեստական ձնագոյացման համակարգի ձեռքբերման և ժամանցային կենտրոնների (տոբոգան, տյուբինգ, «կախարդական կարպետ», զիփլայն, ջրային ատրակցիոններ) և այլ ենթակառուցվածքների կառուցման համար: Ծրագրի համաձայն՝ կազմակերպիչը բացի հիմնական ենթակառուցվածքներից, կառուցելու է նաև ճոպանուղիներ, երեք հյուրանոց, ռեստորան, սահադաշտ, մանկական զբաղմունքի կենտրոն, սպա կենտրոն, որտեղ լինելու են բազմաթիվ հիմնական աշխատողներ։ Համաձայն ներկայացված գործարար ծրագրի՝ ԱՏԳ-ի ստեղծման դեպքում նախատեսվող աշխատատեղերի քանակը առաջին փուլում կկազմի 1,500, իսկ երրորդ փուլում կհասնի 10,400-ի: Միջին ամսական աշխատավարձը առաջին փուլում կկազմի 180,000 դրամ՝ հետագայում աճման միտումով։ «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ն ծրագրի իրականացման ընթացքում արդեն իսկ իրականացրել է 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչպես նաև ստեղծել է 90-100 նոր աշխատատեղ: Համաձայն զբոսաշրջային հոսքերի կանխատեսումների, առաջին փուլի ավարտին ակնկալվում է, որ հանգստավայր կայցելի օրական մինչև 20,000 այցելու ձմեռային սեզոնին։
Կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 44 ընտանիքների բնակարանային խնդիրը
Գործադրի որոշմամբ սահմանվել է, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում բնակապահովման իրավունքը վերականգնած՝ 2022-2023 թվականների ընթացքում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներին աջակցությունը տրամադրվում է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակով 1098 «Բնակարանային ապահովում» ծրագրի 12001 «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման շրջանակներում նախատեսված 357.457.0 հազ. դրամից: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ Լոռու և ՀՀ Շիրակի մարզերի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում 2023թ. դրությամբ բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամաններով հաստատված թվով 44 ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության կամ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակելի տարածքով ապահովելու անհրաժեշտությամբ: Որոշման ընդունմամբ հնարավորություն կտրվի մեկնարկել ծրագրի շահառուներին աջակցության տրամադրման գործընթացը: Որոշմամբ կարգավորվում է Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման իրավունքի իրացումը և դատական ակտերով սահմանված պահանջների կատարումը:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
մեր մի գրպանից դեպի ձեզ պարգևավճարների համար; դուք պետական բյուջն հայեցողական ու ոչ լեգիտիմ ձևով եք օգտագործում, ու դեռևս խուսափում եք իշխանազանցության հոդվածով դատվելուց, զուտ նրա համար որ ձեր ձեռքի խաղալիքն է դատախազությունը։ ինչի համար որ այսօր դատվում է աշոտյանը նույն հոդվածով դուք եք դատվելու երկու տարի հետո