«6 ամսվա գաղտնալսումների ընթացքում քրեական գործին կցվել է ընդամենը 140 րոպե նյութ եւ միայն այն ուղղությամբ, որոնք կարելի է մեկնաբանել միայն ի վնաս ինձ։ Մեր միջնորդությունը դուք բավարարեցիք՝ հաշվի առնելով մեր փաստարկները։ Սակայն ՔԿ-ից ստացել ենք զավեշտալի պատասխան։ Զավեշտը կայանում է նրանում, որ պարզվում է՝ ոչ մի նյութ էլ չկա։ Մարդուն 6 ամիս լսել են՝ ինչ կա, մեզ տվել են»,- այսօր դատարանում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ դատավորին հիշեցնելով, որ բավարարվել էր նաեւ իր նկատմամբ իրականացված քննչական գործողությունների ամբողջական նյութերի տրամադրումը․ դրանք արտաքին դիտման գաղտնալսումներ են եւ հեռախոսազանգերի վերծանումները, սակայն, անցել է երկու ամիս եւ իրենք որեւէ արձագանք չեն ստացել։ Արմեն Աշոտյանը դատավորից հետաքրքրվեց՝ ուղարկե՞լ է պահանջը պատկան մարմիններին եւ իրեն չի՞ մտահոգում այդ փաստը․ «Մենք ի՞նչ ենք անելու հաջորդ նիստին՝ գանք եւ ասենք՝ պատասխան չկա՞»։
ՔԿ-ից ստացած պատասխանի այլ զավեշտներին Արմեն Աշոտյանը խոստացավ անդրադառնալ առաջիկա նիստերի ժամանակ։
Դատարանն արգելեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին այսօր տեսանկարահանումներ իրականացնել՝ պատճառաբանելով օպերատորների վարքը։
Մանրամասները՝ տեսանյությում.
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը արդեն մեկ տարի երկու ամիս կալանքի տակ է։ Այս փուլում դատավարությունն ընթանում է փակ ռեժիմով, քանի որ դատարանը հիմնական վկային է հարցաքննում, իսկ վերջինս այդպես է ցանկացել։ Հիշեցնենք նաեւ, որ Արմեն Աշոտյանը եւ գործով մյուս մեղադրյալները մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պետական միջոցների վատնման մեջ։ Նրանցից, ընդհանուր առմամբ, 905 միլիոն դրամի բռնագանձման պահանջ ունի դատախազությունը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ