ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ միջադեպին, որն օրերս գրանցվել էր «Զվարթնոց» օդանավակայանում։
Ըստ մամուլի հրապարակման՝ Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղեւորի ձեռքին ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել եւ շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն, որը խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ նա րոպեներ անց մահացել է։
«Մի հատ պատկերացնենք, էլի, մաքսային ծառայող, որը մեր հայրենակիցն է, ինքը ստիպում է թմրանյութ խմել։ Մի հատ այդ կադրը պատկերացրեք, էլի, մեկ մաքսային ծառայող բացել է բերանը, հա՞։ Ցավալի դեպք է եղել, չի կարելի այս թեմայով հումոր անել։ Երկրորդ, եթե որեւէ մեկը ոչ պրոֆեսիոնալ է գործել, իմ կարծիքով, պետք է ենթարկվի պատասխանատվության։ Բայց եղել է հետեւյալը՝ անձը հավանաբար, շատ մեծ հավանականությամբ թմրանյութ է տեղափոխել, մեր ռիսկերի համակարգը թիրախավորել է, որ անպայման ինքը ենթակա է զննության։ Զննության ընթացքում դուրս են բերվել շշերը։ Եվ ընթացքում այդ քաղաքացին ենթադրաբար կասկածները ցրելու համար որոշել է, որ կարող է ապացուցել խմելու տեսքով։ Իհարկե, դա նորմալ ընթացակարգ չէ, էլի եմ ասում՝ եթե ինչ-որ մեկը ոչ պրոֆեսիոնալ է իր պաշտոնական պարտականությունները կատարել, պետք է ենթարկվի պատասխանատվության»,- ասաց Բադասյանը։
Նա նշեց, որ տեսախցիկները գործընթացը ֆիքսել են, կա քրեական վարույթ, Քննչական կոմիտեն բոլոր հանգամանքները կպարզի։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ