Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվող այս ամեն ինչը անգամ իրավական գործընթացի շղարշ չի ապահովում․ դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատավարությանը։
«Այստեղ քննություն չկա, քննություն եղել է առաջին երկու դատավարությունների ընթացքում, երբ որ ապացուցվեց, որ տուժող չկա, փողերի լվացման փաստն էլ Վերաքննիչ դատարանն է բացառել»,- ասաց Աննա Մկրտչյանը՝ հավելելով, որ իշխանության համար կարեւորը երեք ամիսը մեկ Արմեն Աշոտյանի համար կալանքների միջնորդության բավարարումն է, ինչը հնազանդորեն իրականացնում է դատավոր Վահե Դոլմազյանը՝ ԲԴԽ-ում հնազանդորեն ընդունելով, որ իրեն կարգապահական տույժ չեն տալիս, իր լիազորությունները չեն դադարեցնում, ինքն էլ հասկանում է, թե ինչի՞ համար է գտնվում Հակակոռուպցիոն դատարանում։
Աննա Մկրտչյանը զգուշացնում է Վահե Դոլմազյանին՝ նման դատավորներն արդեն իրենք են հայտնվում մեղադրյալի աթոռին։
«Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում է, որովհետեւ Արմեն Աշոտյանը համարձակվել է ասել՝ ժողովուրդ, մենք ավելի լավին ենք արժանի»,- հայտարարեց պատգամավորը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում.
Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը մեկ տարի երկու ամիս կալանքի տակ է։ Այս փուլում դատավարությունն ընթանում է փակ ռեժիմով, քանի որ դատարանը հիմնական վկային է հարցաքննում, իսկ վերջինս այդպես է ցանկացել։ Հիշեցնենք նաեւ, որ Արմեն Աշոտյանը եւ գործով մյուս մեղադրյալները մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պետական միջոցների վատնման մեջ։ Նրանցից, ընդհանուր առմամբ, 905 միլիոն դրամի բռնագանձման պահանջ ունի դատախազությունը ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ