Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկը թող ակնկալիք չունենա, որ կասի՝ հորս արեւ, պահեստում 15 մլն դրամի ապրանք ենք ունեցել, ու մենք էլ փոխհատուցենք»․ աջակցության ծրագրեր՝ աղետի գոտում

Օգոստոս 15,2024 13:17

Կառավարությունն այսօրվա նիստում մի քանի որոշումներ ընդունեց, որոնցով աջակցություն կտրամադրվի Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրեւներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժածներին։

Որոշումներից մեկով աջակցություն կցուցաբերվի տուժած տնտեսվարողներին։ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ասաց․ «Տնտեսվարողների վնասվածությունը դասակարգվել է երեք աստիճանի՝ ցածր, միջին եւ բարձր, որն էլ հիմք է հանդիսանում աջակցության չափի հաշվարկման համար։ Ծրագրի շահառու են հանդիսանում աղետի գոտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող եւ աղետից տուժած առեւտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաեւ աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի սեփականատերերը»։

Ըստ Պապոյանի՝ առաջին բաղադրիչի համաձայն՝ փոխհատուցում է տրամադրվելու անշարժ գույքի սեփականատերերին, ցածր վնասվածության դեպքում 1 քմ-ի համար 6600 դրամ, առավելագույնը 1 200 000 դրամ, միջին վնասվածության դեպքում՝ 1 քմ-ի համար` 14 900 դրամ, առավելագույնը՝ 1 200 000 դրամ, եւ բարձր վնասվածության դեպքում` 1 քմ համար կտրամադրվի 24 800 դրամ, առավելագույնը` դարձյալ 1 200 000 դրամ։ Այս բաղադրիչով աջակցություն տրամադրվելու է շուրջ 150 տնտեսվարողի՝ մոտ 140 մլն դրամի շրջանակներում։

«Բաղադրիչ երկրորդ․ փոխհատուցում կտրամադրվի՝ կախված տնտեսվարողի՝ 2023 թվականի համար պետական բյուջե վճարված հարկերի չափից։ Եթե վնասը ցածր է, ԱԱՀ եւ շրջհարկի վերադարձ 50 տոկոսի չափով կամ նվազագույնը 200 000 դրամ, առավելագույնը՝ 5 մլն դրամ։ Եթե վնասը միջին է, 2023 թվականի հարկերի չափով վերադարձ՝ 70 տոկոս, առավելագույնը 10 մլն դրամ։ Բարձր վնասի դեպքում՝ 2023 թվականի հարկերի 100 տոկոսի չափով վերադարձ՝ առավելագույնը 15 մլն դրամ։ Այս բաղադրիչով եւս մոտ 150 տնտեսվարողի ենք աջակցություն տրամադրելու, եւ այդ դեպքում գումարը կազմելու է մոտ 150 մլն դրամ»,- ասաց Պապոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չեն փոխհատուցի ապրանքային մի մնացորդի համար, որը փաստաթղթային ձեւով չի երեւում։ «Ամենայն հարգանքով եւ ըմբռնումով, բայց ես չեմ կարծում, թե մենք կարող ենք հնարավոր համարել փոխհատուցել մի ապրանքային մնացորդի համար, որը փաստաթղթային ձեւով չի երեւում, դա բացառված բան է, ես բացառում եմ։ Մենք վեց տարի է՝ խնդրում, աղաչում ենք, ասում ենք՝ ժողովուրդ ջան, օրենքով սահմանված ձեւով հաշվառեք։ Ես այս գլխից ասում եմ, որ բացառված է բանավոր խոսքի հիման վրա որեւէ բան փոխհատուցել։ Ես որ Ալավերդիում էի, չգիտեմ՝ կատակ էին անում, երեւի անեկդոտ է, մարդ կա ասում է՝ վեց կիլո ոսկի է եղել ավտոտնակում, ջուրը տարել է, եւ հիմա ակնկալում է, որ կառավարությունը պետք է փոխհատուցի։ Որեւէ մեկը թող այդպիսի ակնկալիք չունենա, որ կգա կասի՝ հորս արեւ, պահեստում 15 մլն դրամի ապրանք ենք ունեցել, մենք էլ փոխհատուցենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը կփոխհատուցի ոչնչացված կամ անկած գյուղատնտեսական կենդանիների համար, ինչպես նաեւ ոչնչացված կամ վնասված պտղատու ծառերի ու ցանքատարածությունների համար։ Գեւորգ Պապոյանը թվարկեց, թե որքան կկազմի աջակցության չափը մեկ գլուխ կենդանու համար․ «Ցուլ՝ 650 հազար դրամ, կով՝ 550 հազար դրամ, հորթ՝ 110 հազար դրամ, խոզ՝ 100 հազար դրամ, խոճկոր՝ 400 հազար դրամ, ոչխար եւ այծ՝ 50 հազար դրամ, գառ՝ 40 հազար դրամ, ձի՝ 350 հազար դրամ, ավանակ՝ 80 հազար դրամ, ճագար՝ 3000 դրամ, հավ՝ 2500 դրամ, բադ՝ 4000 դրամ, սագ՝ 5000 դրամ, հնդկահավ՝ 7000 դրամ, մեղվափեթակ՝ 60 հազար դրամ․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Կառավարության մյուս որոշմամբ՝ աղետի հետեւանքով վնասված տրանսպորտային միջոցների համար եւս փոխհատուցում կտրամադրվի։ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ասաց, որ այս պահի դրությամբ համայնքային հանձնաժողովներն արձանագրել են 193 տրանսպորտային միջոցներ, որոնք աղետի հետեւանքով վնասվել են։ Դրանցից յուրաքանչյուրը կունենա  անհատական փորձագիտական եզրակացություն, որը հիմք կհանդիսանա մարզպետների համար՝ փոխհատուցում տրամադրելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում.

Կառավարության նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ ներկայացրեց, թե աղետի գոտում ի՞նչ վիճակում են ենթակառուցվածքները։

Մանրամասները՝ տեսանյութում.

Քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց գետերի հուների ծառերը մաքրել, որպեսզի հնարավոր լինի խուսափել հետագա աղետներից։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031