Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաղեստինի նախագահը պաշտոնական այցով Թուրքիայում է

Օգոստոս 15,2024 13:06

«Ամերիկայի ձայն». Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը երկօրյա այցով ժամանել է Թուրքիա։ Դիտորդների խոսքով՝ Անկարան ձգտելու է օգտագործել այս այցը՝ իր տարածաշրջանային ազդեցությունը ամրապնդելու համար՝ «Համասի» առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը հաջորդած լարվածության աճի պայմաններում:

Գազայում չդադարող հակամարտության ֆոնին՝ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը երկօրյա այցով ժամանել է Թուրքիա, որի ընթացքում ելույթ կունենա Թուրքիայի խորհրդարանում: Դիտորդների խոսքով, այցը դժվար թե ընդլայնի Անկարայի ներգրավվածությունը մերձավորարևելյան բանակցություններում, բայց կարող է նպաստել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներքաղաքական դիրքերի ամրապնդմանը:

«[Այս այցը] ավելի շատ սեփական լսարանին ուղերձ հղելու համար է: Չեմ կարծում, թե միջազգային ասպարեզում կա մեկը, որ Թուրքիան ընկալում է որպես առաջադեմ ուժ կամ Էրդողանին՝ որպես պաղեստինյան իրավունքների պաշտպան: Ընդհակառակը, կարծում եմ, նման բան ոչ ոք չի մտածում»,- ասում է թուրքական Politikyol լրատվական հարթակի մեկնաբան Սեզին Օնեյը։

Հիշեցնենք՝ վերջերս Էրդողանը հրապարակավ կշտամբեց Աբասին՝ մեղադրելով պաղեստինյան առաջնորդին Թուրքիա այցելելու իր հրավերն ի սկզբանե մերժելու մեջ։ Թուրքիայի ղեկավարի ներկայացմամբ Անկարան կամուրջ է Պաղեստինի ինքնավարության և «Համասի» միջև։ Սակայն դիտորդները նշում են՝ վերջերս Չինաստանի կողմից պաղեստինյան խմբակցությունների առաջնորդներին հյուրընկալելը նշան է, որ Էրդողանը զրկվել է այդ դերից:

Վերլուծաբան Սելին Նասին ասում է․ «Սա այն հարցն է, որի ուղղությամբ Էրդողանն անձամբ շատ ժամանակ և էներգիա է ներդրել։ Հույս ուներ՝ հաշտեցնել պաղեստինյան խմբավորումներին, սակայն Չինաստանը առաջ անցավ: Չինաստանն ավելի շատ քաղաքական ազդեցություն ունի [պաղեստինյան] կուսակցությունների վրա»:

Սեզին Օնեյի խոսքով՝ ակնհայտ է, որ Էրդողանը փորձելու է օգտագործել Աբասի այցը՝ պաղեստինյան գործերում իր ազդեցությունը ընդլայնելու համար՝ հատկապես իր դաշնակցի՝ «Համասի» առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո:

«Էրդողանն ինքը ու [Թուրքիայում իշխող] «Արդարություն և զարգացում» կուսակցությունը աջակցում էին «Համասին» և հատկապես՝ Հանիեին»,- ասում է Օնեյը։

Դիտորդները չեն բացառում, որ Աբասը կարող է մեծ շահագրգռվածություն չցուցաբերել, որպեսզի Թուրքիան ավելի ազդեցիկ դեր ստանձնի մերձավորարևելյան հակամարտության կարգավորման գործում:

Ոմանց ներկայացմամբ՝ Անկարան քիչ բան ունի առաջարկելու, քանի որ Էրդողանի աջակցությունը «Համասին» և Իսրայելի դեմ սուր հռետորաբանությունն ավելի են մեկուսացնում Թուրքիան:

«Ոչ միայն Իսրայելն է արգելափակում Թուրքիայի մասնակցությունը գործընթացին, այլև Պարսից ծոցի երկրները, որոնք նույնպես չեն ցանկանում, որ Թուրքիան մասնակցի [բանակցություններին]»,- ասում է Սելին Նասի:

Ինչևէ, դիտորդները նշում են՝ Անկարա Աբբասի այցը դժվար թե արդարացնի Թուրքիայի և Էրդողանի հույսերը:

Դորիան Ջոնս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031