Հայաստանյան արեւմտամետ ուժերից ձեւավորված «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը օգոստոսի կեսերին կսկսի իր նախաձեռնած ստորագրահավաքը` ԵՄ-ին անդամակցության հարցը հանրաքվեի դնելու պահանջով:
Հիշեցնենք, որ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», Հայաստանի Եվրոպական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների մասնակցությամբ ձեւավորված հարթակը շաբաթներ առաջ հայտարարեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք անցկացնելու նախաձեռնության մասին:
Հարթակի մաս կազմող Տիգրան Խզմալյանը մեզ հայտնեց, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտին են մոտենում, մի քանի հարյուր մարդ` նոտարական հաստատմամբ, լիազոր անդամի կարգավիճակ է ստացել եւ ամենայն հավանականությամբ օգոստոսի կեսին պաշտոնապես կտրվի ստորագրահավաքի մեկնարկը։
Հիշեցնենք, որ այս ալյանսի մաս կազմող Լևոն Շիրինյանի կուսակցությունն ի սկզբանե հրաժարվել է մասնակցել նախաձեռնությանը: Ըստ որոշ աղբյուրների, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ակտիվ դերակատարում է ունեցել դրանում` նա ստանձնել է Շիրինյանի քաղաքական մեկենասի դերը:
Կարդացեք նաև
Երեկ Լեւոն Շիրինյանը չցանկացավ մեկնաբանել մեր տեղեկությունները․ «Ոչ մի պատճառ չկա, մեր հարաբերությունները մնում են նույնը, մեր գաղափարները` նույնպես, հարցը միայն ստորագրահավաքն է, մենք իրարից տարբեր կարծիք ենք ունեցել, ուրիշ ոչ մի կարծիք չկա»:
Տիգրան Խզմալյանն էլ Շիրինյանի` իրենց չմիանալու մասին փոխանցեց․ «Նա մեզ դիմեց նամակով, որտեղ ասված է, որ նա կողմ է հանրաքվեի գաղափարին, բայց իրենց կուսակցությունը ստորագրահավաքը նպատակահարմար չի տեսնում»:
Այսինքն՝ նախընտրում է, որ իշխանությո՞ւնը հարցը հանրաքվեի դնի․ «Հա, ինքը գերադասում էր, որ դա լինի, ըստ երեւույթին․․․ ես չգիտեմ, նա դրա մասին պաշտոնական նամակում չի շեշտել, ընդամենը ասել է, որ կողմ է հանրաքվեին, դեմ է ստորագրահավաքին»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: