Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աննա Մանուկյան. Էմոցիոնալ հասունությունը երկրի ղեկավարի պարագայում լավ կլիներ, որ տեսանելի լիներ. «Հրապարակ»

Օգոստոս 15,2024 10:49

«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Աննա Մանուկյանն է

– Երկրի վարչապետը և նրա կինը համացանցում բավականին ակտիվ են՝ հեծանիվ վարելուց մինչեւ ճաշ պատրաստել, կիսամերկ տեսարաններից մինչեւ լոբի մաքրել, կատակներ անել, մարզեր այցելություններ, համերգների մասնակցություն, սելֆիներ եւ այլն: Այս ամենը կարող էր ընդունելի լինել, եթե մենք այսքան խնդիրներ չունենայինք, եթե 2020 թվականի պատերազմը, Արցախի հանձնումը եղած չլիներ: Եթե ՀՀ սահմաններից տարածքներ չհանձնվեին Ադրբեջանին, հազարավոր զոհեր չլինեին, նոր ագրեսիայի ու նոր զիջումների վտանգները չլինեին: Բայց այս իրավիճակում գտնվող երկրի առաջնորդն ի՞նչ հոգեբանական վիճակում պետք է լինի, որ նման վարքագիծ դրսևորի: Տեսակետ կա, որ հանրությանը փորձում են այս ճանապարհով ներշնչել, որ ամեն ինչ հրաշալի է, կամ էլ` հոգեբանական տեռորի ենթարկել, որ պահեն իշխանությունը:

– Երբեմն նրանց աղմկահարույց տեսանյութերը տեսնում եմ ու զարմանում: Նախ պետք է անպայման հաշվի առնել, թե մեր պետությունը առնվազն վերջին չորս տարիներին ինչ ճանապարհ է անցել: Մենք ունեցել ենք ողբերգական պատերազմ և դա ողբերգական հետևանքներ է թողել: Հայաստանին հետևում է ամբողջ աշխարհը: Միջազգային քաղաքականության ուշադրության կենտրոնում մեր վերաբերմունքն է կորուստների հանդեպ և շատ կարևոր է այստեղ հաշվի առնելը, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել մարդկանց հոգեբանության մեջ: Այստեղ հարկ է ընդգծել, որ շատ կարևոր են երկրի ղեկավարների հոգեբանական վիճակի փոփոխությունները: Ավելի քան համոզված եմ, որ յուրաքանչյուր տեսանյութ, որ հրապարակում է վարչապետը, այն հումորային կլինի, ժամանցային, թե` քաղաքական, պետք է լինի կշռադատված: Շատ կարևոր է, թե այդ ամենն ինչ է փոխանցում հանրությանը, որն է միտքը:

– Կան տեսակետներ, որ Փաշինյանն ու իր կինը սրանով հանրությանը որոշակի մեսիջներ են հղում: Օրինակ` փորձում են մարդկանց ասել, որ՝ տեսեք մենք երջանիկ, ուրախ, անհոգ ապրում ենք, ձեզ այլ ելք չի մնում, քան մեզ ընդունելը ու մեզ հետ միասին զվարճանալը:

– Որդեկորույս մորը կարո՞ղ ես ասել` լոբի մաքրի, ուրախացի, թող ամուսինդ էլ քեզ նկարի, կարո՞ղ ես` չեմ կարծում: Մենք բոլորս էլ, ի վերջո, ծնվել ենք երջանիկ լինելու ձգտումով, մեր բոլորիս նպատակը երջանիկ լինելն է, թե ինչպես դա կստացվի մեզ մոտ, դա այլ հարց է, բայց ուզում ենք լինել երջանիկ: Իշխանությունների այդ կեցվածքը, սակայն, այլ հարթության վրա է, այն մեր պետության դեմքն է: Կարող ենք համեմատել այլ երկրների ղեկավարների հետ: Օրինակ` տեսե՞լ եք Բրիտանիայի քաղաքական վերնախավը նման տեսանյութեր նկարի և տարածի, ես հետևում եմ թագավորական ընտանիքին և նման բան երբեք չեմ տեսել: Նրանք, օրինակ, իրենց ազգային անվանդույթներն ու սովորույթներն են պահպանում և դա այնքան գեղեցիկ է կողքից նայելիս:

–  Դժվար է հայ տղամարդուն պատկերացնել, որ իր երեխաների մորը կիսամերկ կնկարի կամ կխրախուսի, որ նման կիսամերկ նկարները տեղադրվեն համացանցում:

– Տիկնոջ համազգեստը սպորտային էր` հեծանվորդների համար նախատեսված, բայց ներքևի մասը պետք է լիներ ավելի երկար, ծնկները պետք է լինեին ծածկված, իսկ վերևի տոպը պետք է փակ լիներ` ինչո՞ւ, որովհետև նա երկրի առաջին դեմքի կինն է: Ոչ մեկս էլ դեմ չենք սպորտին և սպորտի մեջ ներգրավված լինելուն, սակայն այդտեղ խնդիր կա ցուցադրության և մատուցման մեջ:

– Ի՞նչ եք կարծում` նրանք սթա՞փ են, թե՞ ոչ: Գուցե ինչ-որ տրավմանե՞ր ունեն:

– Ես չեմ կարող վերլուծել նրանց կյանքի ուղին, որովհետև նրանց հետ չեմ աշխատել, բայց հոգեվիճակը բավարար է, նույնիսկ կասեի` նորմալ, արտառոց ոչինչ չեմ նկատում, բայց էմոցիոնալ հասունությունը երկրի ղեկավարի պարագայում լավ կլիներ, որ տեսանելի լիներ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031