«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս տարվա սեպտեմբերի 17-20-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Երևանում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողովը: Աշխարհում ամենամեծ սփյուռքն ունեցող պետությունն այդ գագաթաժողովին քննարկելու է Հայաստանի և Սփյուռքի արդի մարտահրավերներն ու խնդիրները, հայապահպանությանն ուղղված քայլերը, կայուն զարգացման հնարավորությունները, ներկայի և ապագայի կարևորագույն հարցերը միասնական հարթակում տարբեր ձևաչափերի շրջանակներում:
Ազգային անվտանգությունից մինչև բարձրագույն տեխնոլոգիաներ, տնտեսություն, գիտություն, հայրենադարձություն և Սփյուռքի համայնքների կենսունակություն. գագաթաժողովը կհյուրընկալի Սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցչի: Ի դեպ, օգոստոսի սկզբից քաղաքական որոշ կառույցներ Երևանում տարբեր ձևաչափերով համաժողովներ են անցկացնում, Սփյուռքի և Հայաստանի հետ առկա խնդիրներ մատնանշում, որոշ դեպքերում՝ նաև լուծումներ առաջարկում, օրակարգ ձևավորում գագաթաժողովում բարձրաձայնելու համար: Իսկ մամուլը վերջին երկու ամսում պարբերաբար անդրադարձել է սեպտեմբերին անցկացվելիք գագաթաժողովին, նաև մատնանշել, որ գագաթաժողովի ժամանակ կարելի է առաջ մղել «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման գաղափարը և քննարկել «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Արտառոց է, բայց մինչ օրս Հայաստանը չունի «Հայրենադարձության մասին» օրենք, թեպետ հայրենադարձության, Սփյուռքի ներուժը հանուն Հայաստանի օգտագործելու թեմաներն ամենաքննարկվողներից են մեր երկրում և արտերկրի հայկական գաղթօջախներում։
Կարդացեք նաև
Մինչ 2018 թվականի իշխանափոխությունը նախորդ իշխանությունների կողմից որոշ նախագծեր քննարկվել են, բայց այդպես էլ միս ու արյուն չեն ստացել։ Այս տարվա մայիսին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ, որտեղ ասվել էր, թե «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը շրջանառվել է պետական կառավարման համակարգի մարմիններում, և այն պատրաստ է ԱԺ ներկայացման: Այս առումով Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ օրենքը պետք է հաշվի առնի հայրենադարձների գործնական խնդիրներն ու առկա ողջ տեղեկատվությունը: Միաժամանակ, նա նկատել է, որ Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը նաև տեղեկատվական բազա ստեղծելու կոնկրետ մեխանիզմ է:
Իշխանությունները նաև առաջարկում են օրենքով ամրագրել Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի բոլոր գործառույթները, որոնց շրջանակներում ստեղծվելու է «տեղեկատվական բազա»։ Այնուհետև պետք է ստեղծվի պետական մարմին, որը կհամակարգի այդ կենտրոնի գործունեությունը։ Այսպիսով, իշխանությունը ցանկանում է ձևավորել Սփյուռքի հետ երկխոսության զարգացման՝ ՀՀ կառավարությանը կից Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն (դա կարող է լինել հանձնաժողով կամ հանձնախումբ): Այդ կենտրոնի ստեղծման հիմնական գործառույթը տեղեկատվական բազա ստեղծելն է, որը պարունակելու է աշխարհասփյուռ հայ միգրանտների և նրանց զբաղվածության մասին ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն:
Ըստ որոշ աղբյուրների, իշխանությունները ցանկանում են օրենքի նախագիծը քննարկել հենց գագաթաժողովում՝ ստանալու նաև սփյուռքյան կառույցների հավանությունը: Իսկ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, այդ գագաթաժողովի ընթացքում նաև առաջարկվում է բարձրացնել համաշխարհային հայկական հզոր նոր կազմակերպության՝ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման գաղափարը։ Բնականաբար, Փաշինյանը գագաթաժողովին մասնակցելու համար փորձում է իրեն լոյալ խմբերին հրավիրել Հայաստան, ինչպես նաև Սփյուռքում ամրապնդել սեփական դիրքերը։ Մինչդեռ Սփյուռքում ավանդական շատ կառույցներ ընդդիմադիր են և բացասաբար են տրամադրված գործող իշխանություններին՝ նրանց վարած արտաքին և ներքին քաղաքականության պատճառով։ Վկան՝ 44-օրյա պատերազմից հետո եվրոպական մի շարք երկրներում Փաշինյանի դեմ բողոքի գործողություններն էին: Արդյունքում մի շարք անվանի սփյուռքահայերի՝ ՀՀ մուտքի արգելքներ մտցվեցին։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: