Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա որևէ օրենք, համաձայն որի, միջոցառման կազմակերպիչները պետք է դիմեին Հայաստանի պատմության թանգարանին, քանի որ Թեյշեբայի բրոնզե արձանիկի բնօրինակը գտնվում է այդ թանգարանում

Օգոստոս 15,2024 09:45

Հայաստանի պատմության թանգարանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Այս օրերին համացանցում տարածվող Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող ուրարտական եզակի նմուշներից մեկի՝ Թեյշեբա աստծո արձանիկի նմանությամբ պատրաստված մեծածավալ կավե արձանի հանդիսավոր թրծումը, ապա թեփի միջոցով այրման էֆեկտներով ներկայացումը կատարվել է առանց Հայաստանի պատմության թանգարանի իմացության ու համաձայնության։

Ք․ ա․ VIII-VII դդ․ թվագրվող, Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերված բնօրինակ բրոնզե արձանիկը դեռ 1940-ական թթ․ պեղվել և ցուցադրվում է թանգարանում։ Առաջարկում ենք բոլոր արվեստագետներին, մշակութային ժառանգության հետ առնչություն ունեցող անձանց ու կազմակերպություններին, տնտեսվարողներին ու անհատներին զերծ մնալ առանց պայմանավորվածության և համաձայնության թանգարանի հավաքածուներում ներառված ցուցանմուշների կրկնօրինակումից կամ տարբեր նպատակներով օգտագործումից։ Փոխարենը, կարող եք այցելել և վայելել բնօրինակ արձանիկը և մշակութային ժառանգության այլ իրական գոհարներ Հայաստանի պատմության թանգարանում»:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է այս գրառմանը. «Ինչպես գիտեք, Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից կարծես քննադատվեց Կարմիր բլուրում ուրարտական դիցարանի եղանակի, տարերքի աստված Թեյշեբայի կավե արձանիկի թրծման միջոցառումը՝ պատճառաբանելով, թե իբր դա արվել է առանց Հայաստանի պատմության թանգարանի հետ համաձայնեցման և թույլտվության: Ցավոք, «ճաշակային» որակումներ տրվեցին միջոցառմանը: Նշեմ, որ կավե արձանի կերտման և դրա թրծման հեղինակը Հայաստանում այդ ոլորտի լավագույն ներկայացուցիչներից Վահրամ Գալստյանն է: Միջոցառումը շատ բարձր գնահատական ստացավ հայ առաջատար արվեստագետների և , ընդհանրապես, հասարակության կողմից:

Ինչո՞ւ բարձրացվեց այս աղմուկը: Նախ, Հայաստանի պատմության թանգարանի որևէ մեկի և նրա ամբիցիաներին հագուրդ տալու սեփականությունը չէ: Բացի այդ, որքան ես եմ տեղյակ, չկա որևէ օրենք, համաձայն որի, միջոցառման կազմակերպիչները պետք է դիմեին Հայաստանի պատմության թանգարանին՝ այն պատճառով, որ Թեյշեբայի բրոնզե արձանիկի բնօրինակը գտնվում է վերը նշված թանգարանում: Կավե արձանը իր բնօրինակից առնվազն 10 անգամ մեծ էր և փոխված տարբեր դետալներով:

Հիմա, ինչո՞ւ բարձրացվեց այս աղմուկը: Ինչպես գիտեք, իմ սկզբունքների, իմ պետականամետ դիրքորոշման համար ես այսօր աշխատանք չունեմ: Բացի այդ, ունեմ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխա և կնոջս հետ փորձում ենք ամեն-ինչ անել նրա համար: Այս ընթացքում շատ բարի մարդիկ են կանգնել մեր կողքին: Իմ խնդիրների մասին բազմիցս կիսվել եմ Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձի հետ:

Սակայն, որքան էլ տարօրինակ և անսպասելի էր, բարձրացվեց այդ աղմուկը: Կավե արձանի ստեղծման գաղափարը Վահրամի հետ առաջացել է իմ տնօրինության օրոք: Ես բազմիցս խոսել եմ դրա մասին: Ավելին, այդ միջոցառումը դեռևս անցյալ տարի ներկայացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, որը պետք է իրականացվեր Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում: Միջոցառման վերաբերյալ համապատասխան նախարարության կողմից որևէ առարկություն չի եղել: Սակայն, մենք որոշեցինք արձանի թրծման արարողությունը հետաձգել, քանի որ Վահրամը համարում էր, որ նրա վրա դեռևս աշխատելու դետալներ կան:

Ես կարծում եմ, որ այս աղմուկը բարձրացվեց իմ դեմ իրականացվող հաշվեհարդարի արշավի շրջանակներում: Այլ հարց է դա արվեց ուղիղ ցուցումով, թե ինչ-որ անձանց հաճոյանալու համար: Իմ անձնական կարծիքն է:

Ինձ համար Թեյշեբայի կավե արձանի թրծմանը վերաբերող քննադատությունները կարող էին ընդունելի լինեին, եթե նույն խանդավառությամբ, օրինակ, Հայաստանի պատմության թանգարանի և նրա տնօրենի պաշտոնը զբաղեցնողի ֆեյսբուքյան էջերում, օրինակ` լինեին 2021 թվականի հունիս ամսին հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եզրափակիչ հանրահավաքի ժամանակ Հայաստանի պատմության թանգարանի շենքի կենտրոնական հատվածը նախընտրական պաստառներով ծածկելու հանգամանքը քննադատող ստատուսներ: Բա դա օրենքի խախտում չէ՞ր: Բա չթողնեիր, որ այդ պաստառները փակցնեին: Դուխդ չէ՞ր հերիքում, թե՞ այդպես էր պետք…

Մակարդակից ու ճաշակից խոսելուց առաջ, նախ և առաջ կարելի է նայել սեփական ցուցադրությունները և գուցե հայելուն:

Աստված թող ողորմա քեզ …»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031