Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կփոխվի երիտասարդների տարիքային շեմը․ ի՞նչ է նախատեսում «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը

Օգոստոս 14,2024 21:21

Հայաստանի Հանրապետությունում երիտասարդների տարիքային շեմը կփոխվի․ նախկին 16-30 տարեկանների փոխարեն երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները։

Նման փոփոխություն է նախատեսվում «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծով։ Ի դեպ, Հայաստանն առաջին անգամ է երիտասարդության ոլորտում օրենք ունենալու։

Այս օրենքի Նախագծի մշակումը ոչ թե կատարվել է ՀՀ կառավարության կողմից, այլ եղել է մասնակցային, ընդգրկվել են ոլորտի փորձագետներ, հասարակական կազմակերպություններ, Հայաստանի 10 մարզերում հանրային լսումեր են անցկացվել, ծանոթացել են երիտասարդների կարծիքներին, այցելություններ են կատարվել բուհեր, երիտասարդական կենտրոններ։

Ի՞նչ կտա օրենքը երիտասարդներին, այսօր այս թեմայի շուրջ քննարկում տեղի ունեցավ «Գյումրու երկխոսության մեդիա կենտրոնում»։

ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանն ասաց․ «Օրենքում 13-35 տարեկանն է նշված որպես երիտասարդ, տարիքային այս խումբն առաջարկելիս՝ հաշվի են առնվել շատ և շատ կոմպոնենտներ՝ սկսած մեր ներկայիս ժողովրդագրական տվյալներից, ամուսնության տարիքից, առաջին երեխա ունենալուց, զբաղվածության ոլորտ մտնելուց, նաև ոչ ֆորմալ կրթության մեջ ընդգրկվելու տարիքը»։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» խորհրդի նախագահ, տվյալ օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ Արթուր Նաջարյանն էլ ասաց․ «Մեզ ամենաշատ ուղղվող հարցն է՝ ինչի՞ համար է պետք կամ ո՞ւմ է պետք «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որը լայն շրջանակներում ավելի շատ անվանում են «Երիտասարդության մասին» օրենք։

Ի սկզբանե ուզում եմ հստակեցնել, որ այս օրենքը պետք չէ երիտասարդներին ու երիտասարդական կազմակերպություններին, դա նախևառաջ հարկավոր է պետությանը, կառավարությանը։ Մասնավորապես, դա մեզ համար առաջնահերթություն է, քանի որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի ուրախություն մեզ բոլորիս, ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև տարածաշրջանից դուրս երիտասարդության ոլորտում ազդեցություն ունեցող քաղհասարակություն է, և այստեղ մենք ունենք երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող այնպիսի քաղհասարակության կառույցներ և անհատ փորձագետներ, որոնք եվրոպական տարբեր քաղաքակիրթ երկրներում, փորձագիտական շրջանակներում լուրջ դերակատարություն ունեն։

Հայաստանը տարածաշրջանում եզակի երկրներից է, որտեղ երիտասարդական կյանքը շատ ակտիվ է և հաշվի առնելով այն մոտեցումը, որ յուրաքանչյուր պետության զարգացման մակարդակը սկսել են չափել երիտասարդության զարգացմամբ․ ինչպիսին որ վաղը ուզում ենք տեսնել պետությունը, այդպիսի պիտի դարձնել երիտասարդին այսօր, այս ամենը մեկտեղելով՝ հասկանում ենք, որ երիտասարդությունը պետական ռազմավարական նշանակություն ունեցող առաջնահերթություն է, և պետք է սրա համար պետությունը համապատասխան գործիքակազմ ունենա, որպեսզի կարողանա ոլորտը համակարգել և վերահսկել։ Իսկ ոլորտում գործունեություն ծավալող անհատները, կառույցներ, Տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք ամենամոտն են գտնվում համայնքի երիտասարդին, կարողանան կազմակերպել արհեստավարժ, ճիշտ, գրագետ աշխատանք։

30 տարի շարունակ Հայաստանում ոլորտը գործել է ակտիվորեն՝ առանց օրենքի, և այստեղ հիմնական դերակատարները, խաղի կանոններ, երբեմն, ցավոք, որոշակի չափորոշիչներ ու սկզբունքներ թելադրողները եղել են ոլորտի խաղացողները, ինչը ինձ համար շատ վտանգավոր է, որովհետև եթե անհաջողների ու անփորձերի ձեռքում լինի դա , ոլորտում կունենանք լուրջ խնդիր։ Օրենքն ամեն ինչ համակարգում է»։

Ըստ նրա, պետությունը կլինի վերահսկող մարմինը, համայնքը կլինի ծառայություններ տրամադրողը՝ տեղի մասնագիտական կառույցների հետ համագործակցությամբ։

Արթուր Նաջարյանի կարծիքով՝ օրենքը պետք է լինի կանխարգելիչ, ոչ թե բուժիչ, պետական կարևոր օղակները, հիմնվելով օրենքի վրա, պիտի իրականացնեն այնպիսի նախաձեռնություններ և քաղաքականություն, որը երիտասարդին դարձնում է առողջ անհատ քաղաքացի։

Գյումրու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանն էլ, կարևորելով օրենք ունենալը, կարծիք հայտնեց, որ ընդունվող ընթացակարգերը կստիպեն ՏԻՄ-ին աշխատել երիտասարդության ոլորտում, ոչ թե այդ աշխատանքը կթողնեն որևէ պաշտոնյայի քմահաճույքին։ Նա նաև նշեց, որ քաղաքային իշխանությունը ծրագրավորում է 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ երիտասարդական աշխատողի հաստիք մտցնել համայնքապետարանում, որը կկարողանա համակարգել այդ ոլորտը՝ միջոցառումներն ու ծրագրերը։

Օրենքի մշակման աշխատանքային խմբում ընդգրկված փորձագետ Կարեն Տերտերյանն էլ մանրամասնեց, թե երիտասարդների որ առաջարկներ են հաշվի առել՝ օրենքի նախագիծ մշակելիս։ Ըստ նրա, երիտասարդները միշտ դժգոհել են, որ խնդիր կա իրենց ձայնը լսելի դարձնելու, իրենց մասնակցությունն ապահովելու, մեխանիզմները շատ դեպքերում բացակայում են։

«Երբ երիտասարդականի տարիք էինք սահմանում, այդտեղ էր ամենամեծ ակտիվությունը, առաջարկությունները, տարակարծությունները։ Անձամբ ես, երբ աշխատանքային խմբի քննարկմանը մասնակցում էի, մտածում էի 30-ը բավարար է, հետազոտությունները և առաջարկությունները հուշեցին, որ չէ, գոնե տեսանելի ապագայում 35-ը պետք է պահել, դա մանկությունից հասունություն անցման շրջանն է, այսինքն մենք ոչ թե տարիքային խումբն ենք վերցնում, այլ սոցիալ-ժողովրդագրական խումբն ենք վերցնում, որին փորձում ենք մանկությունից դեպի հասունություն ուղղորդել,աջակցել, զարգացնել և իր հնարավորությունները ծառայեցնել պետությանը։

Ինչի՞ համար է օրենքում ՏԻՄ-ի վրա պարտականությունների խումբ առաջարկվել, հետազոտություններն ու պրակտիկան ցույց են տալիս, որ երիտասարդները ամենաշատը ակտիվ նախաձեռնություններ սկսում են անել իրենց համայնքում, հետո նոր ասենք պետության մակարդակում, մոլորակի մակարդակում։ Իրենք ուզում են ինչ-որ մի բան անել, մեխանիզմներ են պետք ստեղծել։ Եվ երկրորդը քաղաքականությունն ազգային մակարդակում շատ լավ բան է, բայց եթե ինքը չի իջնում ՏԻՄ-եր, համայնքներ, չի գործելու, լավագույն օրենք էլ ունենանք, կգործի որպես թուղթ՝ որպես այդպիսին։ Երիտասարդին ամենամոտ գտնվողը համայնքն է, համայնքապետարանը, դրա համար այս օրենքը՝ ի տարբերություն նախորդ իրավական կարգավորումների, համայնքապետարանի շրջանակը բերում է դաշտ», -մեկնաբանեց Կարեն Տերտերյանը։

Քննարկման ամբողջական տարբերակը՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031