Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանք բոլորն օրակարգում են, ու բացառված չէ, որ Իրանը նման հարձակում կգործի»․ Իրանագետը՝ Իրանի՝ հարևան երկրներում տեղակայված իսրայելական գաղտնի բազաների վրա հարձակման մասին

Օգոստոս 14,2024 20:00

«Իրանի իշխանությունների հեղափոխության պահապան գվարդիայի ղեկավարների միջև տարաձայնություն կար՝ ուղիղ Իսրայելի վրա հարձակվել, թե իսրայելական օբյեկտների՝ Ադրբեջանի կամ Իրաքի քրդստանի ինքնավարության վրա։ Սրանք բոլորն օրակարգում են, ու բացառված չէ, որ Իրանը նման հարձակում կգործի»,- Aravot.am-ի հարցին՝ հավանական համարո՞ւմ եք, որ Իրանը կհարձակվի Իրանի հարևան երկրներում տեղակայված իսրայելական գաղտնի բազաների վրա, այդ թվում՝ Ադրբեջանի, այսպես պատասխանեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

Նա նշեց՝ ԱՄՆ-ն, Եվրոպան, Իրանը չեն ցանկանում, որ Միջին Արևելքում մեծ պատերազմ լինի, իսկ եթե Իրանն ուղիղ հարձակվի Իսրայելի վրա, դա կլինի անխուսափելի․ «Սա Նաթանյաուի հերթական քայլն էր Իրանին ներքաշելու պատերազմի մեջ, քանի որ նա նպատակ ունի, որ լինի ԱՄՆ-Իրան պատերազմ։ Բայց տեղեկություններ կան, որ Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել»։

Իրան-Ադրբեջան հարաբերություններում Էմմա Բեգիջանյանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ Իրանի նախկին նախագահի՝ Ռայիսիի ուղղաթիռի վթարը ևս շատ փորձագետներ փաստերով ապացուցում են, որ դա պատահականության, եղանակի կամ տեխնիկական անսարքության պատճառով չի եղել, այլ եղել է Իսրայելի գործոնը, որն ադրբեջանական կողմում ունի լրտեսական բավականին օբյեկտներ․ «Այնպես որ, որ եթե Իրանում Ադրբեջանի վրա որոշեն հարձակվել, հասկանալի է, քանի որ այնտեղ ավելի շատ բազաներ կան, քան Իրաքում»։

Իրանագետը հիշեցրեց՝ թեև Ռայիսիի հետ Ալիևը սահմանին բանակցություններ ունեցավ, սակայն  հետո չմասնակցեց Ռաիսիի հուղարկավորությանը, չմասնակցեց նաև Իրանի նոր նախագահի երդմնակալությանը․ «Ադրբեջանը ծնվել է Իրանի ինադու, ուրեմն երբեք նրանց հարաբերությունները չեն կարող լինել նորմալ»։

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք ներկայումս Իրան-Հայաստան հարաբերությունները՝ մանավանդ խոսակցություններ կան, որ Իրանն ուզում է մտնել Սյունիք, Իրան-Հայաստան զենքի մատակարարման գաղտնի պայմանագրի մասին էին տեղեկություններ շրջանառվում, որոնք իհարկե, հետագայում համարվեցին ֆեյք, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց․ «Ամերիկացի մեկնաբաններից մեկը նշել էր՝ ՀՀ-ն լիովին իրավունք ունի զինվելու, քանի որ թուլացել է, և դրանից օգտվել է Ադրբեջանը։ Իրանը հերքել էր սա, ՀՀ-ն էլ։ ՀՀ-ն ավելի շատ շահագրգռված է արևմուտքից զենք գնելու հարցում։ Եթե անգամ նման համագործակցություն լինի էլ, շատ ավելի լավ, բայց չեմ կարծում։ Բոլոր դեպքերում գուցե արտաքուստ ինչ-որ բաներ կան, որոնք մենք չգտենք։ Պաշտոնապես ՀՀ-ն չի հայտարարում։ Արտաքուստ տեսնում ենք, որ ՀՀ-ի վարչապետը մասնակցեց Իրանի նախագահի հուղարկավորությանը, նոր նախագահի երդմնակալությանը։  Սրանք պատահական բաներ չեն, այլ ինչ-որ բաների մասին խոսում են։ Բայց չգիտենք՝ այդ հանդիպումների ընթացքում ինչեր են տեղի ունեցել։ Իհարկե, Ադրբեջանը գոհ չի լինի․ նա մեկ նպատակ ունի՝ ՀՀ-ում մնա մի քաղաք պետություն՝ կախված Ադրբեջանից, ու այդ նպատակն աշխատում է թելադրել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031