Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Մարտ ամսին դիմել էի ՊՎԾ՝ տասնյակ հարցերի շուրջ պարզաբանման հետ կապված։ Օրերս ստացա չորս ամիս պահանջող մասնագիտական կառույցների եզրակացության հիման վրա ուսումնասիրության պատասխանը, որը, ցավոք, լիարժեք չէր, սրան առանձին կանդրադառնամ։ Զարմանալի է, որ ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտը չի պնդում, որ լենքորանյան ակացիան, ձիակասկը և հուդայածառը, ինչպես նաև անսաղարթ, ցածրաբուն գնդաձև ծառերի պարտիզային ձևերը Երևանի փողոցների մասսայական կանաչապատման համար չեն, ինչի մասին տասնյակ գիտական աշխատանքներ կան այդ թվում, նշված ինստիտուտի երկարամյա տնօրեն, կ.գ.դ, պրոֆեսոր Ժիրայր Վարդանյանի մենագրությունը (տեղադրված է գրառմամբ):
Այգեպուրակային տարածքներում եզակի տնկված նշված ծառերը չեն կարող օրինակ լինել փողոցների երկարությամբ տնկելու համար, սա աղետալի հետևանքներ է ունենալու, քանզի այգին և փողոցը տարբեր սանիտարահիգիենիկ խնդիրներ են լուծում հանրային առողջության պաշտպանության համար (ստվերացում, կարծր մակերեսների տաքացում, օդափոխության միջանցքներ և արևի քաղծկեղածին ազդեցություն, աղմուկի, արտանետումների կլանում և այլ)։
Այս ձախողման համար երևանցիները վճարելու են առողջությամբ և հետագա տնտեսական ծախսերով։ Բնությունն ու հանրային առողջությունը քաղաքականությունից դուրս են և թիմերի շահարկման առարկա լինել չեն կարող։
Կարդացեք նաև
Բոլորս ապրում ենք Երևանում և Սայաթ-Նովայի, Մաշտոցի պողոտաների, Ուլնեցի փողոցի, Մոսկովյանի նորաստեղծ կանաչապատման ձախողումը ասածներիս վառ ապացույցն է՝ չկա ու չի լինելու ստվեր, թանկարժեք բույսերը մշտապես փոխարինվելու են։
Իշխանությունը հավերժ չէ, իսկ մասնագիտական🌳 եզրակացությունը մշտապես փոխկապակցված է ստորագրողի անվան հետ։
Աստված մի արասցե, մի օր գա, երբ բժիշկները խրախուսեն էֆթանազիան, հիվանդներին օգնելու փոխարեն։ Պայքարս ծառերի կյանքի համար շարունակական է լինելու, քանզի նրանք են բոլորիս կյանքի երաշխիքը։