Երևանը սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի, բայց կառուցապատումն իրականացվել է 7 եւ 8 բալի համար: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։
«Նախկինում՝ ԽՍՀՄ ժամանակահատվածում, ունեինք հետեւյալ խնդիրը՝ սեյսմիկ վտանգը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի համար թերագնահատված էր։ Այսինքն՝ եթե այսօր ունենք 8, 9 եւ 10 բալանոց գոտիներ, կառուցապատումն իրականացվել է 7 եւ 8 բալի համար: Խոսքը շենքերի ու բնակֆոնդի մեծ մասին է վերաբերում։ Երբ մենք ասում ենք՝ ունենք բարձր սեյսմիկ ռիսկ, շենքերը խոցելի են, պատճառը հենց դա է, որ շենքերը կառուցված են ավելի ցածր սեյսմիկ վտանգի մակարդակի համար, քան պետք է։ Հետեւաբար, եթե մենք ունենանք 9 բալանոց երկրաշարժ՝ համարելով, որ Երեւանը գտնվում է 8 բալանոց գոտում, մենք կունենանք հետեւանքներ»,- նշեց նա։
Սոս Մարգարյանի խոսքով՝ Երեւանի համար կա երկու խզվածք, որոնք կարող են ազդեցություն ունենալ քաղաքի վրա։ Մեկը երեւանյան խզվածքն է, որը գտնվում է Երեւանի հյուսիս-արեւմտյան մասում, մյուսը՝ Գառնիի խզվածքը։ «Այդ երկու խզվածքների տարբերությունն իրենց պոտենցիալի մեջ է, այսինքն՝ հնարավոր ուժեղ երկրաշարժ առաջացնելու։ Երեւանի խզվածքի պոտենցիալը համեմատաբար շատ ավելի փոքր է, քան Գառնիի խզվածքինը: Գառնիի խզվածքում մենք 1726 թվականին 7,3 մագնիտուդով երկրաշարժ ունեցել ենք պատմական: Երեւանյան խզվածքը, չնայած ավելի մոտ է, հենց անցնում է Երեւանի միջով՝ արվարձաններով, բայց ավելի փոքր պոտենցիալ ունի։ Հետեւանքների մասին խոսելիս՝ պետք է հաշվի առնենք գրունտային պայմանները, շենքերի խոցելիությունը, երկրաշարժի խորությունը։ Այդ բոլորը գործոններ են, որոնք կարող են ունենալ ազդեցություն»,- հավելեց Սոս Մարգարյանը։
Մասնագետը նշեց, որ Երեւանի շենքերի 45 տոկոսը բարձր խոցելիություն ունեն։ «Եթե երեւանյան խզվածքն աշխատի, այս 45 տոկոսը հո երեւանյան խզվածքի մոտ չեն։ Այդ 45 տոկոսն ամենամոտը չեն գտնվում էպիկենտրոնին։ Մենք ունենք բնակֆոնդի խնդիր, մենք ցածր սեյսմիկ վտանգի քարտեզ ունենալով՝ սարքել ենք շենքեր, շինություններ, որոնք համապատասխանում են ավելի ցածր բալականության, քան պետք է»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Սոս Մարգարյանն անդրադարձավ նաեւ Երեւանի նորակառույց շենքերի խնդրին։ Հարցերին, թե Երեւանը պատրա՞ստ է այս ծավալով կառուցապատմանը, այս քանակի բարձրահարկ շենքերի կառուցումը նորմա՞լ է համարվում, եթե ուժեղ երկրաշարժ լինի, ի՞նչ իրավիճակ կստեղծվի մայրաքաղաքում, նա պատասխանեց․ «Մեր ծառայությունը չունի որեւէ ստուգողական գործառույթ։ Նորակառույց շենքերի հսկողությունն իրականացնում է լիցենզավորված կազմակերպությունը եւ տեսչական մարմինները։ Այո, մեր ծառայությունը մասնակցում է բազմաբնակարան շենքերի համալիր փորձաքննությանը։ Եվ տալիս ենք եզրակացություններ, դա կոչվում է համալիր փորձաքննություն։ Այո, Հայաստանում այսօր կա կառավարության որոշում, թե 25 հարկ եւ ավելի հարկայնությամբ շենքերն ինչ պայմաններում պետք է կառուցել։ Այսօր, ինչքան գիտեմ, Երեւանում 30 հարկանի շենք են կառուցում։ Ցանկացած շենք ու շինություն, եթե ճիշտ հաշվարկված է կառուցվում, նորմալ է»։
Հարցին, թե վերջին տարիներին սեյսմիկ օջախներն ակտիվացե՞լ են, եթե` այո, ո՞րն է պատճառը, Սոս Մարգարյանը պատասխանեց․ «Մենք սեյսմաակտիվ գոտում ենք գտնվում, ոչ թե ակտիվություն է նկատվում, այլ մենք 2013 թվականից սկսած մեր սեյսմոլոգիական ցանցը արդիականացնում էինք, ավարտել ենք 2017 թվականին։ Ունենք շատ ժամանակակից, լավ հագեցած ցանց։ Այսինքն՝ այդ սարքերը նույնիսկ 0,1 մագնիտուդ եւ ավելի թույլ տվյալները գրանցում են»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ